Քաղաքական

30.07.2019 10:48


Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հրապարակել է 2-րդ նախագահի գործով 29 խախտումից բաղկացած ցանկ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հրապարակել է 2-րդ նախագահի գործով 29 խախտումից բաղկացած ցանկ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հրապարեկ է Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդման մեկ տարվա ընթացքում վարույթն իրականացնող մարմնի, գլխավոր դատախազության և դատարանների կողմից թույլ տրված կոպիտ խախտումները: Ներկայացված ցանկը ամբողջական չէ, առանձին խախտումներ իրենց մեջ պարունակում են նյութական և դատավարական նորմերի բազմաթիվ խախտումներ, սակայն իրավական բովանդակությամբ չծանրաբեռնելու համար ներկայացված են համառոտ:

  • 26/07/2018թ․ ունենալով առաջին մեղադրանքի հիմքում ընկած նյութերը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության է հրավիրել որպես վկա:
  • 26/07/2018թ․ մեղադրանք է առաջադրվել արարքի համար, որը կատարման պահին հան­ցագործություն չի հանդիսացել /Սահմանադրական կարգի տապալում, որը քրեականաց­վել է 2009 թվականին:
  • Կալանավորման միջնորդության նյութերի մի մասը, առկա լինելով նախապես, պաշտ­պաններին է տրամադրվել դատական նիստից 25 րոպե առաջ: Կալանքի միջնորդության քննության վերաբերյալ դատական ծանուցումը պաշտպանին է տրվել նիստից 25 րոպե առաջ:
  • Ռոբերտ Քոչարյանին ժամը 22:00-ի դատական նիստի ծանուցագիրը հանձնելու նպատա­կով այն տրվել է անվտանգության աշխատակցին 23:05-ին: Սեղմ ժամկետում դատական նիստի վերանշանակումը օգտագործելով, օգտագործելով մինչ օրս չբացահայտված տե­ղեկատվությունը /այն է՝ ԱԱԾ ստացված տվյալներ/, չունենալով բավարար հիմքեր, նույն օրը քննիչը հետախուզում է հայտարարել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, մինչդեռ վեր­ջինս միայն հաջորդ օրը տեղեկանալով դատական նիստի մասին, առավոտյան ներկայա­ցել է դատարան:
  • Դատարանը ստանալով կալանավորման միջնորդությունը 26.07.2018թ․ ժամը 18:00-ից հետո, դատական նիստ է նշանակել նույն օրը 22:00-ին՝ հնարավորություն չտալով պաշտպաններին ծանոթանալ միջնորդությանը կից ծավալուն նյութերին: Դատական նիստը հետաձգել է 2 ժամով, որպեսզի ապահովի հնարավորություն քննիչների համար դատական նիստի մասին ծանուցել Ռոբերտ Քոչարյանին, միևնույն ժամանակ մերժելով պաշտպանների խնդրանքը նյութերին ծանոթանալու համար բավարար ժամանակ տրամադրելու:
  • 27/06/2018թ․ դատարանը, անտեսելով նախագահի անձեռնմխելիությունը և կալանավոր­ման մյուս պայմանների բացակայությունը, կալանավորել է Ռոբերտ Քոչարյանին: Հետա­գայում հայտնի է դարձել, որ դատարանի որոշումը կայացվել է ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի, վարչապետի միջամտության արդյունքում: Առ այսօր որևէ իրավական գնահատա­կան չի տրվել նշված անձանց գործողություններին:
  • 30/07/2018 թվականին քննիչը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքի վրա կալանք դնելու մասին՝ առանց պատճառաբանության և հիմնավորման, ինչով ան­հիմն սահմանափակել է վերջինիս սեփականության իրավունքը: Նման գործողություն­ներով հիմնավորվել է առանց քրեական գործի համար անհրաժեշտության քրեադատա­վարական հնարավոր բոլոր եղանակներով Ռոբերտ Քոչարյանի դեմ ճնշումներ գործա­դրելու նպատակը: Իրավունքի խախտումը ճանաչվել է ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների կողմից:
  • 02/08/2018թ․ քննիչը կատարել է առերեսում Ռոբերտ Քոչարյանի և Արշակ Կարա­պե­տյանի միջև՝ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ: Մասնավորապես, քննիչին նախա­պես հայտնվել է, որ իր նախաձեռնած գործողությունը իրավաչափ չէ, ինչից հետո պարոն Քոչարյանը և փաստաբանը դուրս են եկել քննչական գործողության սենյակից, սակայն հետագայում պարզվել է, որ քննիչ Մուշեղյանը շարունակել է գործողությունը, արձա­նագրել վկայի խոսքերը, իսկ առերես հարցաքննության արձանագրության մեջ կատարել է կեղծիք՝ նշել է, որ միայն վկայի խոսքից հետո է Ռոբերտ Քոչարյանը հեռացել:
  • 06/08/2018թ․ քննիչը Ռոբերտ Քոչարյանի առանձնատնից և գրասենյակից առգրավել է քրեական գործի համար նշանակություն չունեցող գույք և փաստաթղթեր, բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն, օրինական զենքեր, որոնց վերաբերյալ հետա­գայում չի ստացվել որևէ տվյալ քրեական գործի հետ առնչության մասին, սակայն առ այսօր առանց իրավական հիմքերի չեն վերադարձվել առգրավված իրերը: Ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների կողմից արձանագրվել է Ռոբերտ Քոչար­յանի իրավունքների խախտումը:
  • 13/08/2018թ․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ազարյանի որոշումից հետո՝ խափանման միջո­ցի բացակայության պայմաններում քննիչը չի կատարել իր պարտակա­նությունը ինքնուրույն, առանց դիմումի անհա­պաղ վերադարձնել Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը, ինչպես նաև անհիմն մերժել է անձնագիրը վերադարձնելու միջնորդու­թյունը: 29/08/2018թ․ քննիչին հեռախոսազանգով տեղեկացվել է, որ նշված անձնագիրը չվերա­դարձնելը հակասում է ՀՀ Սահմանադրական դատարանի 2017թ․ ՍԴՈ-1360 որոշ­մանը, այդ որոշման օրինակը հաջորդ օրը առձեռն հանձնվել է քննիչին՝ համապատաս­խան հիմնավորումների ընդգծմամբ, կրկին առաջարկվել է առանց լրացուցիչ բողոքար­կումների կատարել համապատասխան գործողությունը /անձնագրերի վերադարձը/, ինչը չի կատարվել: Դատական բողոքարկման արդյունքում դատարանի կողմից ճա­նաչվել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը քննիչի այդ գործողություններով:
  • Հակառակ 13/08/2018թ․ վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշման՝ 05/09/2018թ․ քննիչը ընտրել է նոր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մա­սին, թեև վերաքննիչ դատարանի որոշումը բացառել է ոչ միայն կալանքի հնարավո­րու­թյունը, այլև առհասարակ որևէ խափանման միջոցի, քանի որ արձագրված է եղել Նախա­գահի անձեռնմխելիության առկայությունը, և այդ որոշումը օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից:
  • Հակառակ 13/08/2018թ․ վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշման՝ 05/09/2018թ․ քննիչը չի դադարեցրել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատ­մամբ՝ անձեռնմխելիության հիմքով, մինչդեռ պարտավոր էր, քանի դեռ որոշումը բեկանված չէր:
  • ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցների հրապարակումից հետո հարուցված քրեական գործով քննչական կոմիտեն, դատախազությունը, դատարանները հրաժարվել են Ռոբերտ Քոչարյանին ճանաչել հանցագործությունից տուժող՝ չնայած ակնհայտ փաս­տերին, որ հեռախոսազրույցների բովանդակությունը վերաբերվել է նրան կալանավորած դատավորին դատական ակտ կայացնելու ցուցում տալուն,
  • Առանց որևէ թույլատրելի ապացույցի վկայակոչման քննիչը համարել է, որ Ռոբերտ Քոչար­յանի որդիներին պատկանող գույքը փաստացի պատկանում է Ռոբերտ Քոչարյանին և նրանց գույքը առանց հիմնավորման և պատճառաբանության 25/10/2018թ․ դրել է կալանքի տակ: Թեև քննության ընթացքում որևէ նոր բան չի բացահայտվել, սակայն Լևոն Քոչարյանի գույքը ազատվել է կալանքից դատախազի կողմից /նախնական հիմքը փաստորեն համարվել է անհիմն/, սակայն շարունակվել են պահպանվել Սեդրակ Քոչարյանի գույքի նկատմամբ սահմանափակումները: Նշվածից ակնհայտ է, որ դատավարական գործիքներով ճնշումները ուղղվել են ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլև նրա ընտանիքի անդամների նկատմամբ:
  • Կալանավորման վերաբերյալ միջնորդությունների քննության համար քննիչի կողմից ներկայացվել են միակողմանի ընտրված նյութեր, պաշտպաններից և դատարաններից թաքցրել է գործի այն նյութերը, որոնցով հերքվում են իր պնդումները, որպես օրինակ՝ չեն ներկայացվել տասներկու անձանց ցուցմունքներ, որոնցով հերքվում է Արշակ Կարապետյանի ցուցմունքի մի նախադասության՝ քննիչի ենթադրյալ մեկնաբանու­թյունը: Ընդ որում, ունենալով այդպիսի ցուցմունքներում առկա հակասություններ՝ քննիչը չի նախաձեռնել իրականացնել առերես հարցաքննություններ, հետևաբար չի կատարել գործի բազմակողմանի քննություն, չի ցանկացել «վնասել» իր պնդումները, ըստ իրեն, հիմնավորող ապացույցները: Հատկանշական է նաև այն, որ քննիչը ոչ միայն ինքը դատարանին չի ներկայացրել հիմնավոր կասկածը հերքող ապացույցները, այլև այդպիսի ապացույցների առկայության վերաբերյալ հարցերին տվել է խուսափողական պատասխաններ՝ ցուցադրելով դիտավորություն թաքցնելու դրանք դատարանից:
  • ՀՀ վճռաբեկ դատարանը, իր լիազորությունների անցմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյա­նին ազատ արձակելու որոշումը և գործը ուղարկել է վերաքննիչ դատարան նոր քննու­թյան, թեև ինքը պետք է կայացներ վերջնական որոշում, ինչը հաստատվել է ՀՀ Սահմա­նադրական դատարանի կողմից՝ 07/05/2019թ․ որոշմամբ:
  • Վերաքննիչ քրեական դատարանը վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա սկսել է գործի քննություն, գործը մակագրվել է դատավորի՝ հիմք ընդունելով դատավորների միջև անցկացված վիճակահանությունը, ինչը նախատեսված չէ օրենքով, և խախտել է «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի կողմից գործի քննության իրավունքը:
  • Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի 07/12/2018թ․ դեմ բերված վճռաբեկ բողոքը՝ զրկելով պարոն Քոչարյանին իր դեմ կայացված դատական ակտը առնվազն մեկ ատյան բողոքարկելու հնարավորությունից:
  • Ընդհանուր իրավասության դատարանը անհապաղ քննության ենթակա՝ գրավ կիրա­ռելու մասին միջնորդության քննությունը հետաձգել է 12 օրով, այնուհետև առհասարակ քննության չի առել այդ միջնորդությունը:
  • Կալանքի ժամկետը երկրորդ և երրորդ անգամ երկարացնելիս ընդհանուր իրավասու­թյան դատարանների կազմերը ձևավորվել են օրենքի պահանջի խախտմամբ, դատա­րանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կամայական որոշումներով՝ ինչով խախտվել է «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի կողմից գործի քննության իրավունքը:
  • Քննիչը անհիմն մերժել է թիվ 62202608 քրեական գործի նյութերի տրամադրումը՝ գործի քննության օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը գնահատալու հնարավորու­թյունից զրկելով պաշտպաններին: Ավելին, մերժման որոշման մեջ բացահայտ նշել է, որ այդ գործից անջատված գործին կցված են մեղադրյալներին վերաբերող և նրանց մեղսա­գրվող արարքներն ապացուցող բոլոր փաստաթղթերը: Մինչդեռ, գործի օբյեկտիվ, բազ­մակողմանի և լրիվ քննությունը պահանջում է ներկայացնել ոչ միայն մեղսագրվող արարքներն ապացուցող փաստաթղթեր, այլև դրանք հերքողները:
  • Նախաքննության ավարտից հետո քննիչը գործի նյութերին ծանոթանալու համար պաշտպանության կողմից տվել է ակնհայտ անհամաչափ ժամկետ՝ գործնականում ընդունված ժամկետից կրկնակի քիչ՝ ինչով առանց հիմքերի սահմանափակել է գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունը՝ զրկելով արդյունավետ պաշտպանության հնարավորությունից:
  • Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը երբևէ չի պարզաբանվել, դրանում առկա և մատնանշված անորոշ ձևակերպումները երբեք չեն հստակեցվել քննիչի, դատախազների կողմից, մեղադրանքի անհստակությունը անտեսվել է խափանման միջոցի քննության ժամանակ դատարանների կողմից, չնայած պարզաբանելու պահանջ գրավոր և բանավոր կերպով ներկայացվել է ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ պաշտպանների կողմից, որոնց ըստ էության պատասխան այդպես էլ չի տրվել: Ավելին, նշված գործելակերպը հակասում է ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբա­նությանը, որ մեղադրանքի պարզաբանման պայմաններում անձը չի կարող համարվել պատշաճ մեղադրյալ և նրա նկատմամբ կալանք չի կարող կիրառվել:
    Գործադիր և օրենսդիր իշխանության կողմից նախաձեռնվել են բացահայտ ճնշումներ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորներ Ազարյանի և Գրիգորյանի նկատմամբ, վերջինի նկատմամբ ներկայում իրականացվում է քրեական հետապնդում:
  • Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը քննության է առել ընդհանուր իրավասության դատարանի՝ Սահմանադրական դատարան դիմելու որոշման դեմ բեր­ված բողոքները, թեև դրանք օրենքով սահմանված կարգով մակագրված չեն եղել իրեն:
  • Վերաքննիչ դատարանը, չունենալով լիազորություն, բեկանել է ընդհանուր իրավասու­թյան դատարանի՝ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը, ինչպես նաև խախ­տելով նախադեպային պրակտիկան, գնահատել է հիմնավոր կասկածի առկայությունը, ինչով միջամտել է ընդհանուր իրավասության դատարանում գործի քննությանը և ապօ­րինի կալանավորել Ռոբերտ Քոչարյանին՝ կիրառելով նորմեր, որոնց համապատաս­խանությունը Սահմանադրությանը վիճարկվել է և այդ հարցը գտնվել է Սահմանա­դրական դատարանի վարույթում,
  • Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանին զրկել է դատարանում իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից՝ փաստացի կալանավորման հարցը քննելով միայն մեղադրանքի կողմի մասնակցությամբ: Ռոբերտ Քոչարյանը և պաշտպանները ներկա են եղել դատական նիստին և ցանկացել են հանդես գալ և ներկայացնել իրենց դիրքորոշումը, սակայն սկզբում դատարանը ընդունելով որ համապատասխան ընթացակարգերը ամբողջությամբ հստակ չեն օրենքում, իր որոշումներով կամ այլ կերպ չի կարգավորել խնդիրը, իսկ հետո էլ նշվածի հիման վրա զրկել է պաշտպանական կողմին հանդես գալու իրավունքից: Մեր տեղեկություններով սա ՀՀ-ում միակ դեպքն է, երբ կողմը ներկա է դատական նիստին, ցանկանում է հանդես գալ, սակայն դատարանը նրան զրկում է նշված հնարավորությունից:
  • Վերաքննիչ դատարանը, առանց իրավական հիմքերի, չի վերադարձրել քրեական գործի նյութերը ընդհանուր իրավասության դատարան՝ խոչընդոտելով գործի քննությունը շարունակելուն:
  • Ընդհանուր իրավասության դատարանի ավելի քան մեկ ամիս քննության չի առել ստա­նալուց հետո անմիջապես քննության ենթակա միջնորդությունները՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման այլ միջոց ընտրելու կամ գրավ կիրառելու վերաբերյալ:

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը