Քաղաքական

29.07.2019 10:01


Հասարակությունը պետք է իմանա՝ ովքեր են կոնյունկտուրային հանգամանքներում որոշում կայացրել. իրավապաշտպանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու ԲԴԽ որոշման մասին

Հասարակությունը պետք է իմանա՝ ովքեր են կոնյունկտուրային հանգամանքներում որոշում կայացրել. իրավապաշտպանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու ԲԴԽ որոշման մասին

«Բարձրագույն դատական խորհուրդը բոլոր հնարավորությունները ուներ իրականացնելու իր սահմանադրական գործառույթը, այսինքն` հանդիսանալու դատավորների եւ առհասարակ, դատական իշխանության անկախության երաշխավորը, բայց դրա փոխարեն ընտրվել է այլ ճանապարհ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, միջազգային իրավունքի մասնագետ Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ Բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները:

Իրավապաշտպանի խոսքով, հետեւությունները, որ բխում են այդ որոշումից, վերաբերում են ինչպես ԲԴԽ-ի ամբողջ կազմին, այնպես էլ ՝ անհատապես անդամներից յուրաքանչյուրին, որոնք մասնակցել են այս գործընթացին:

«Հասարակությունը պետք է անվանական իմանա, թե ովքեր են կողմ քվեարկել, ովքեր՝ դեմ, արդյոք մասնակցել են բոլո՞ր անդամները: Այդպիսի բան թույլ տված իրավաբանների նկատմամբ, որոնք ինչ-որ կոնյունկտուրային հանգամանքներում նման որոշումներ են կայացնում, իրավաբանական համայնքը պետք է իր վերաբերմունքը ցույց տա: Ես շատ ցավում եմ, որովհետեւ այնտեղ կան մարդիկ, որոնք որոշակի հարգանքի էին արժանի, բայց այս քայլով շատ մեծ կասկածի տակ է դրվում առհասարակ այդ մարդկանց կապը իրավունքի հետ»,-ասաց Ռուբեն Մելիքյանը`շեշտելով, որ սա մասնագիտական արժանապատվության եւ ինստիտուցիոնալ արժանապատվության խնդիր է:

«Խնդիրը շատ պարզ է՝ մարդիկ իրենց լիազորությունն իրականացնո՞ւմ են, թե՞ ոչ, որի համար երդում են տվել: Երդման հանգամանքը ես ուզում եմ կարեւորել, որովհետեւ դրա շուրջ որոշ ժամանակ առաջ քննարկումներ էր գնում: Մասնագիտական պարզագույն ճշմարտություններ կան, մենք մանրամասն ներկայացրել ենք, հրապարակել ենք եւ այն մարդիկ, որոնք ցանկություն ունեին բարձր պահել իրենց մասնագիտական պատիվը, դրա բոլոր հնարավորությունները ունեին»,-հավելեց իրավապաշտպանը:

Ինչպես արդեն հաղորդել ենք, ԲԴԽ-ն կասեցրել է դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Համապատասխան միջնորդությամբ հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազությունը, ինչն էլ բավարարվել է:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգավիճակ դեռ չի տրվել, սակայն բացառված չէ, որ առաջիկա օրերին արդեն նա կներգրավվի որպես կասկածյալ:

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում է գտնվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը, որը մայիսի 18-ին բավարարել էր Արցախի ներկա եւ նախկին նախագահների` երաշխավորությամբ հանդես գալու միջնորդությունը ու փոխել Ռ.Քոչարյանի խափանման միջոցը, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին: ՍԴ-ն այն մասամբ վարույթ է ընդունել ու իր հերթին որոշել վարույթը կասեցնել ու խորհրդատվական կարծիքի համար դիմել Վենետիկի հանձնաժողով ու ՄԻԵԴ:

Ռոբերտ Քոչարյանի գործով նշված որոշումները Դավիթ Գրիգորյանի կողմից կայացվելուց հետո դատախազությունը հարուցել է քրեական գործ` պաշտոնատար անձի կողմից առերեւույթ կեղծիք կատարելու դեպքի առթիվ: Ընդ որում`հարուցված քրեական գործը վերաբերում է 2018 թվականի աշնանը տեղի ունեցած մեկ այլ դեպքի, որի վերաբերյալ քաղաքացու ներկայացրած հաղորդման հիման վրա 2019 թվականի փետրվարին մերժվել էր քրեական գործի հարուցումը, իսկ հունիսին`հարուցվել: Քրեական գործի հարուցելու նշված որոշումը Դ.Գրիգորյանի փաստաբանը բողոքարկել է:

Այն ամենը, ինչ տեղի է ունենում դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ, ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, առհասարակ որեւէ առնչություն չունի իրավաբանության հետ: «Ունենք խախտումների այնպիսի փունջ, որը մեր իրականության մեջ շատ վաղուց չէր եղել, այն էլ՝ դատավորի նկատմամբ, այն էլ՝ մի պաշտոնատար անձի նկատմամբ, որն ինքը պետք է իրականացնի քաղաքացիների խախտված իրավունքների պաշտպանությունը, որը ինքն է ամենաբարձր երաշխիքներով օժտված»,-շեշտեց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ եթե դատավորի նկատմամբ է այսպիսի գործողություն կատարվում, ապա սովորական քաղաքացիների իրավական պաշտպանությունը վտանգված է:

Այս խորագրի վերջին նյութերը