Լրահոս

28.07.2019 12:33


«Տարբերեք թացը չորից»․ Վարդավառի միջոցառումը Գյումրիում (տեսանյութ)

«Տարբերեք թացը չորից»․ Վարդավառի միջոցառումը Գյումրիում (տեսանյութ)

Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում հայ հայտնիների մասնակցությամբ մեկնարկել են Վարդավառի միջոցառումները:

Վերջին օրերին սոցցանցերում ակտիվ տարածվում էր նոր չելենջ: Հայ հայտնիները տեսանյութի միջոցով բոլորին առաջարկում էին Վարդավառի տոնն անցկացնել Գյումրիում: Չելենջին մասնակցելու պարտադիր պայմաններից մեկը սեփական թաց հոլովակը նկարահանելն է:

«Տարբերեք թացը չորից: Ճիշտը թացն է: Դե ինչ, կարծում ենք այս տարի դուք ուղղակի պարտավոր եք գալ Գյումրի և հենց այստեղ նշել Վարդավառը: Սպասում ենք ձեր հոլովակներին և իհարկե ներկայությանը Գյումրիում: Նկարահանեք ձեր թաց հոկովակը և նշեք այն մարդկանց, ում կուզենայիք տեսնել և ջրել Գյումրիում: Եկեք Վարդավառին բոլորով ապահովենք Գյումրիի սպասարկման ոլորտի տնտեսական բումը»,-հոլովակին կից գրում են հայ հայտնիները:

Համացանցում տարածում գտած «Տարբերեք թացը չորից» նախաձեռնության հեղինակ, «Արմենիա TV»-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Tert.am-ի հետ զրույցում պատմել էր Վարդավառը Գյումրիում անցկացնելու գաղափարի, սպասվող միջոցառումների մասին:

«Այս տարի որոշեցի արձակուրդս անցկացնել Գյումրիում: Հասկանալով, որ ինձ պես շատ մարդիկ կան, որոշեցի քաղաքին տոն պարգևել, իսկ Վարդավառն ամենալավ, ամենաբարի տոնն է: Ամեն ինչ սկսվեց որպես քաղաքացիական նախաձեռնություն՝ ինձանից, երկրորդ հոլովակը նկարահանեց Գոռ Հակոբյանը, հետո գաղափարը դարձավ մասսայական: Հենց հասկացանք, որ ծավալները մեծանում են, մեզ սկսեցին աջակցել Շիրակի մարզպետարանն ու Գյումրու քաղաքապետարանը: Թե՛ մարզպետի, թե՛ քաղաքապետի հետ շատ ջերմ հանդիպում եմ ունեցել, իրենք էլ շատ ոգևորված են նախաձեռնությամբ: Արդեն հազարավոր մարդիկ են պատրաստվում այդ օրը գալ Գյումրի և նշել Վարդավառը»,-ասել էր նա:

Առավոտյան ժամը 9:00-ից լվացվել են քաղաքի բոլոր արձանները, իսկ արդեն 12:00-ից մեկնարկել է ջրային տոնը՝ լավ երաժշտության ներքո: Աշխատելու է 8 ջրատար մեքենա, ինչպես նաև ԱԻՆ մեքենաներ, որոնք կապահովեն ջրցանը: Գյումրու հրապարակը փակ է մեքենաներ համար:

«Ժամը 15-ին մարդկանց ուղղորդելու ենք իրենց թաղերում շարունակել ջրոցին, իսկ մեր հյուրերին ուղղորդելու ենք Գյումրու փոքր կենտրոնի թանգարաններ, որոնք այդ օրը բաց են լինելու: Արդեն երեկոյան բոլորին հորդորելու ենք օգտվել Գյումրու սպասարկման ոլորտի բարիքներից: Բոլոր ռեստորանները մեծ հյուրընկալությամբ սպասելու են նրանց՝ ճաշացանկում առանձնացնելով գյումրվա բաղադրատոմսերով ուտեստները»,-նշել էր Ռուբեն Մխիթարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը