Տնտեսական

26.07.2019 16:27


Ուզում եմ հասկանալ՝ կառավարությունը դավադրության մեջ կա՞, թե՞ ոչ. ավտոներկրողները ակցիան կշարունակեն (տեսանյութ)

Ուզում եմ հասկանալ՝ կառավարությունը դավադրության մեջ կա՞, թե՞ ոչ. ավտոներկրողները ակցիան կշարունակեն (տեսանյութ)

Ճապոնական և ամերիկյան մեքենաներ գնելու կայքերը փակվել են, ինչի դեմ բողոքող վարորդները ակցիա են իրականացնում կառավարության մոտ։

Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություն կար այն մասին, որ ճապոնական աճուրդների կայքերի փակման պատճառով քաղաքացիներն անհարմար դրության մեջ են հայտնվել։ Մեքենա ներմուծողների անձնական էջերը օրեր առաջ փակվել են և նրանք չեն կարողանում մասնակցել աճուրդներին։

***

Կառավարության դեմ բողոքի ակցիա իրականացնող ավտոներկրողները ՀՀ փոխվարչապետներին դիմում ներկայացրեցին, որ կառավարությունը միջամտի և իրենք մինչև դեկտեմբերի 31-ը կարողանան մասնակցել ճապոնական կայքերի աճուրդներին:

Նշենք, որ ճապոնական կայքերը դեմ են, որպեսզի հայ ավտոներկրողները մասնակցեն իրենց ավտովաճառքի կայքերի աճուրդներին:

Ավտոներկրողները նաև կառավարությունից պահանջում են, որ օրենք ընդունվի, որ միայն ՀՀ-ում մշտական գրանցում ունեցող քաղաքացիները կարող են մեքենա գնել Վրաստանից, քանի որ Ղազախստանի քաղաքացիները մեքենա են գնում Վրաստանից, Հայաստանում 10 օր գրանցվում են, մեքենան այստեղ են մաքսազերծում:

Նրանց հաջորդ առաջարկն էր, որ մեքենաների առուվաճառքը կատարվի օնլայն ռեժիմով:

Ավտոներկրողներից Տիգրան Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ուզում են հանդիպել փոխվարչապետին և ներկայացնել իրենց առաջարկները:

«Մենք եկել ենք իրենց զգուշացնենք: Անցած անգամ էլ խոսեցինք, բայց չհանդիպեցինք: Իրենք լսելով մեր խնդիրները՝ ասացին, որ կիրակի օրերը կաշխատեն հաշվառման կենտրոնները և մաքսային ծառայությունները»,- ասաց նա և հավելեց. «Այսօր մեզ հավաքել է այն, որ ճապոնական բոլոր կայքերը, շուտով նաև ամերիկյանը, փակվում են մեր առջև, մենք էլ չենք կարողանալու մեքենա խաղարկել»:

Նա նշեց՝ անհասկանալի է 6 ամիս առաջ կայքերի փակումը:

«Ես ուզում եմ հասկանալ՝ սա դավադրությո՞ւն է, թե՞ ոչ: Ինչ գործ ունի Ճապոնիայի դիլերը մտածի իմ ապագայի մասին, ես մեքենա եմ ուզում, թող խաղարկեմ: Ինձ ասում են՝ 20 թվականից հետո ես ընդունելու այդ մեքենան, բայց դուք մտնում եք ԵԱՏՄ տարածք, և ես չեմ հասցնում մեքենա ներկրել Հայաստան: Ես հարց եմ տալիս՝ քո ի՞նչ գործ, հարգելի՛ ճապոնացի, որ իմ մեքենան 20 թվականի գարնանը, թե ձմռանը կհասնի Հայաստան»,- նշեց նա և շարունակեց.

«Ես եկել եմ կառավարության հետ բանակցեմ և ուզում եմ հասկանալ՝ իրենք դավադրության մեջ կա՞ն, թե՞ ոչ: Ովքե՞ր են Ճապոնիայի և Ամերիկայի մեր գործընկերներին լարել մեր դեմ, և ինչո՞ւ ես պետք է 6 ամիս առաջ զրկվեմ մեքենայի առևտրից»:

Ակցիայի մասնակիցները այս պահին մեկնեցին Էրեբունի մեքենաների հաշվառման կենտրոն, որպեսզի իրենց ծրագրերը ներկայացնեն: Նրանք ասացին, որ պատրաստվում են կիրակի օրը մեծ ակցիա անել՝ ավտոշուկայից երթով կշարժվեն Պռոշյան փողոց և կառավարական առանձնատների մոտ ակցիա կանեն:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը