Հարցազրույց

14.04.2010 18:20


Էդվարդ Նալբանդյան

Էդվարդ Նալբանդյան

ՀՀ ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը Վաշինգտոնում հայաստանցի լրագրողների հետ

- Ինչպես կգնահատեք նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վաշինգտոն եւ այստեղ ունեցած հանդիպումները: 

-Շատ կարևոր այցելություն էր: Վերջին շրջանում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հաստատվել է սերտ բարեկամական գործընկերություն, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ակտիվ շփումներ երկու երկրների ղեկավարությունների միջև:

Այս այցելությունը եւ կայացած հանդիպումները կարևոր էին թե՛ երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման, թե՛ երկու կողմերին հուզող տարածաշրջանային և միջազգային հարցերի քննարկման առումով: Նախագահի Սարգսյանի հանդիպումները նախագահ Օբամայի ու  պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հնարավորություն տվեցին շարունակել  կառուցողական երկխոսությունը եւ քննարկումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ, Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման շուրջ:

- Վաշինգտոնյան այցից հետո ի՞նչ հանգրվանի է հասել հայ-թուրքական կարգավորման գործընթացը։

-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետի հետ մեզ հնարավորություն տվեց ավելի հստակ պատկերացնել թուրքական կողմի դիրքորոշումը։ Վաշինգտոնում կայացած հանդիպումները եւս մեկ անգամ հնարավորություն տվեցին համոզվել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումների վերաբերյալ մեր գնահատականները ճիշտ են: Ամրապնդվեցին վերջին շրջանում հասունացած հետագա քայլերի վերաբերյալ մեր պատկերացումներն ու մոտեցումները: Երբ Հանրապետության Նախագահը պահի, ժամանակի իմաստով անհրաժեշտ համարի, համապատասխան որոշման մասին կիրազեկվի նաև հանրությունը:

- Որքանո՞վ է ԼՂ հարցը քննարկվել էրդողանի հետ հանդիպմանը։

- Թուրքական կողմը փորձում էր քննարկում ծավալել Ղարաբաղի թեմայի շուրջ, և պատասխանը եղել է այն, ինչ եղել է այն ինչ ասել ենք մինչ այժմ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարելի շաղկապել Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ: Չեմ կարծում, որ պատճառներ կան ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումներ անցկացնել թուրքական կողմի հետ, ավելի շուտ այդպիսի պատճառներ բացակայում են: Նախեւառաջ ԼՂ կարգավորման գործում Թուրքիան չի կարող միջնորդ լինել, երկրորդ, ԼՂ հարցում Հայաստանը երբևէ որևէ զիջման չի գնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով: Եվ իհարկե նաև պետք է նկատի ունենալ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շաղկապումը Ղարաբաղի խնդրի հետ վնաս կհասցնի երկու գործընթացներին էլ: Դա նաև եռանախագահող երկրների դիրքորոշումն է:

Եթե թուրքական կողմն իր հնարավորությունների իմաստով սխալ հաշվարկներ է արել, դա իրենց խնդիրն է: Եթե մենք սկսել ենք այս գործընթացը այն փոխըմբռնմամբ, որ նախապայմաններ չեն կարող լինել, և նույն փոխըմբռնմամբ շարունակել ենք գործընթացը, և հանգել ենք Արձանագրությունների ստորագրմանը: Եթե Թուրքիան այսօր փոխել է իր դիրքորոշումը, ուրեմն համապատասխան եզրակացություններ պետք է անենք, թե արդյո՞ք մյուս կողմում կան այնպիսի գործընկերներ, որոնց հետ հնարավոր է շարունակել գործընթացը:

Եթե Թուրքիան իրականում ցանկանում է այս գործընթացը չձախողել, պետք է շատ արագ գործնականում ցույց տա, որ պատրաստ է վավերացնել եւ իրականացնել  Արձանագրությունները և գնալ հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների, ինչին սպասում է միջազգային հանրությունը:

- Վաշինգտոնյան այցի նախօրեին Տավուշի մարզում ՀՀ նախագահը հայտարարեց, որ ԱՄՆ է մեկնում հստակ որոշումով և այդ մասին կհայտարարի այցից հետո:

- Վաշինգտոնյան հանդիպումները թե՛ ԱՄՆ ղեկավարների, թե՛ Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ առավել ամրապնդեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի որոշման վերաբերյալ հայկական կողմի եզրակացությունները:

-Ե՞րբ կհրապարակվի այդ որոշումը:

-Այն ժամանակ, երբ  Հանրապետության նախագահը կգտնի, որ ճիշտ ժամանակն է հանրությանը իրազեկ պահելու իմաստով:

- Դավութօղլուն հայտարարել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Ղարաբաղի խնդրում առաջընթացից:

-Պետքարտուղար Քլինթոնի կողմից այս գագաթաժողովին մասնակցող արտգործնախարարների պատվին կազմակերպած ճաշի ժամանակ ես Դավութօղլուի հետ բավական հանգամանալից զրույց եմ ունեցել: Նա ասաց, որ ընդհանրապես նման հարցազրույց ինքը չի տվել: Հերքեց։

Իհարկե, կարելի էր չհավատալ, որ ադրբեջանական գործակալությունը երկար-բարակ պատասխաններով հարցազրույց է տպում, ու Թուրքիայի արտգործնախարարն ասում է՝ նման հարցազրույց չի տվել: Բացի այդ հերքումից, որ պարոն Դավութօղլուն ինձ անձամբ ասաց, Թուրքիայի ԱԳՆ-ն արդեն հրապարակել է այդ հերքումը, որ նման հարցազրույց չի եղել: Սա կրկին ապացուցում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներին, թերթերին շատ քիչ պետք է հավատալ:

Այս խորագրի վերջին նյութերը