Քաղաքական

24.07.2019 16:45


Մեկ տարի է՝ ոտնահարվում են իմ իրավունքները․ Ռոբերտ Քոչարյան. Վերաքննիչը մերժեց դատախազության բողոքը (տեսանյութ)

Մեկ տարի է՝ ոտնահարվում են իմ իրավունքները․ Ռոբերտ Քոչարյան. Վերաքննիչը մերժեց դատախազության բողոքը (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։

Նշենք, որ հուլիսի 19-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր բողոքը ներկայացրած դատախազի՝ նիստին չներկայանալու պատճառով։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին, Ռ․ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել նրա՝ ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա:

Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում:

***

yerevan.today-ը հայտնում է, որ դատավոր-դատախազներ հարցուպատասխանի ժամանակ պարզ դարձավ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա արգելանք է դրվել դատական հնարավոր ծախսերի և քաղաքացիական հնարավոր հայցերով ծախսերի համար։ Սակայն քաղաքացիական որևէ հայց չկա, իսկ դատական ծախսերն էլ անհասկանալի է, թե որքան կարող են լինել, սակայն այս պահի դրությամբ, չեն գերազանցում 900 հազար դրամը։

«Այսինքն, եթե մենք ունենք որևէ քրեական գործ, որով հիպոթետիկ հնարավոր է, որ դատական ծախս լինի ու այդ դատական ծախսը լինի 1000 դրամի, մենք պետք է ամբողջ գույքի վրա կալա՞նք դնել»,-հարցրեց դատավորը՝ հավելելով․ «Եթե քննիչը չունի պատկերացում, թե ինչի վրա է դնում կալանք, պետք է դնի ամեն ինչի վրա՞»։

***

Ռոբերտ Քոչարյանը դատարանում հայտարարեց, որ հաճելի էր տեսնել, թե ինչպես դատախազությունը չուներ պատասխաններ դատարանի հարցերին. «Ինձ թվում է, որ դատախազությունը, բացի մեղադրելուց, պետք է հետևի օրինականությանն ու իրավունքները պաշտպանի: Պարզվում է, որ նրանք այդ մեկ ֆունկցիայի մասին ուղղակի մոռացել են:

Ընթացքում մենք քննիչին բազմաթիվ անգամներ ասել ենք իրավախախտումների մասին, բայց ամեն անգամ չի եղել արձագանք: Իմ գրասենյակից առգրավել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են գույքի օրինականությանը, թե ես գումարները որտեղից ու ինչպես եմ ստացել: Չեմ հասկանում, թե ինչու են այդ փաստաթղթերը տարել: Ես տպավորություն ունեմ, որ սա պրակտիկա է, որը Հայաստանում գոյություն ունի, քանի որ այս ամեն ինչն այնքան սովորական է արվում, որ ես ուղղակի շշմում եմ, թե ինչպես կարելի է օրենք խախտել ու այսպես արձագանքել: Զարմանալի է օրինակ կենսաթոշակի հարցում: Լավ, ես պետք է ծախսեր անեմ, պաշտպանեմ ինձ, ինչո՞ւ են այնպես անում, որ ես, ունենալով հնարավորություն, օգտվեմ բարեկամների միջոցներից: Արձագանքը նույնն է: Ենթադրում եմ, որ սա պրակտիկա է: Մարդկանց զրկում են պաշտպանելու հնարավորությունից, խեղճացնելու համար։ Մեկ տարի է՝ ոտնահարվում են իմ իրավունքները, ոտնահարվում են լկտի ձևով,-ասաց Քոչարյանը,-Ես կարծում եմ, որ իմ սեյֆից 27 հազարը վերցրել են շոկից: Երբ քննիչը սեյֆը բացեց ու տեսավ, որ 4 միլիարդ չէ, այլ ընդամենը 27 հազար»:

***

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։30-ին։

***

Դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր որոշեց մերժել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։

Այս խորագրի վերջին նյութերը