Լրահոս

14.04.2010 10:09


Սոս Գիմիշյան. «Սերժ Սարգսյանն իր նախկին մոտեցումներից կամաց–կամաց հետ է կանգնում»

Սոս Գիմիշյան. «Սերժ Սարգսյանն  իր նախկին մոտեցումներից կամաց–կամաց հետ է կանգնում»

Այս գնահատականները նախնական են։ Պարզ է, որ վերջնական գնահատականները կլինեն հանդիպումների մասին ամբողջական տեղեկություն ստանալուց հետո,-այսպիսի պատասխան է տվել «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը  ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գերեզմանին Սերժ Սարգսյանի հնչեցրած հետևյալ խոսքի առնչությամբ. «Այո՛, մենք պատրաստ ենք և ցանկանում ենք բնականոն հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ, բայց մենք չենք հանդուրժի, որ պայմաններ թելադրվեն մեզ: Մեր դիրքորոշումը եղել և մնում է շատ հստակ. Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի և հայության հետ: Մենք դա պարզապես թույլ չենք տա: Մենք չենք պատրաստվում որևէ ձևաչափում քննության առարկա դարձնել Ցեղասպանության եղելության փաստը կամ ձևացնել, թե հավատում ենք, որ Թուրքիան կարող է որևէ դրական դերակատարություն ունենալ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում»։

-Զգացվում է, որ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները մի բան են ասում՝ որ նա իր նախկին մոտեցումներից կամաց-կամաց հետ է կանգնում։ Ինքը հայ-թուրքական հարաբերություններում մտածված գնում էր որոշակի զիջումների, որ կարողանա բարելավել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, բացել սահմանը և դրանով քաղաքական դիվիդենտներ ստանալ և փորձել ինչ-որ չափով լրացնել իր լեգիտիմության պակասը։ Հիմա դրանից էլ է հրաժարվում, որովհետև ակնհայտ է դառնում, որ նախաձեռնողական դիվանագիտությունը բացարձակապես տապալվել է։ Այսինքն՝ Ս. Սարգսյանը վերադառնում է այն դիրքերին, որոնք մինչ այդ նախաձեռնությունը ցուցաբերելու վիճակն էր։ Սա  նշանակում է, որ մենք ապարդյուն 2 տարի ժամանակ ենք կորցրել։ Թուրքիան այս երկու տարիների ընթացքում կարողացել է ձեռք բերել այն դիվիդենտները, որոնք ակնկալում էր Ցեղասպանության  հարցում, և Թուրքիան փաստացի դարձել է ղարաբաղյան խնդրի լուծման մասնակից կողմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը