Քաղաքական

18.07.2019 13:55


Ինչու են խուզարկել դատավորի աշխատասենյակը

Ինչու են խուզարկել դատավորի աշխատասենյակը

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաստատեց լուրը, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են:

Tert.am-ի տեղեկություններով՝ քրեական գործի հարուցումը, որը մատնանշում է ՀՔԾ-ն, փետրվարին ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել էր, և գործը հարուցվել է այն բանից հետո, երբ Դավիթ Գրիգորյանը, բավարարելով միջնորդությունը, կալանքից ազատել էր Ռոբերտ Քոչարյանին:

Tert.am-ի տեղեկություններով՝ փետրվարին դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող գործով դատական նիստին արձանագրությունը կազմվել է ձեռագիր՝ էլեկտրաէներգիա չլինելու պատճառով: Փաստաբան Գարիկ Մալխասյանն արձանագրության ձեռագիր կազմվելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ պնդելով, որ արձանագրությունը կեղծել են:

Դատախազությունը փետրվարին քրեական գործի հարուցումը մերժել է, սակայն վերջերս՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուց հետո, նույն մերժված հաղորդման հիման վրա քրեական գործ չհարուցելու որոշումը վերացրել է և հարուցել քրեական գործ: Դատավորի աշխատասենյակում խուզարկությունն արվել է հենց այդ՝ սկզբից մերժված, հետո հարուցված քրեական գործի շրջանակներում:

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ այդ գործի վերաբերյալ այս պահին որևէ մեկնաբանություն չի տալիս:

Tert.am–ը փորձեց կապ հաստատել փաստաբան Գարիկ Մալխասյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարներն անհասանելի էին, իսկ «Ֆեյսբուք»–ով ուղարկված հարցերը տեսնելուց հետո փաստաբանը չպատասխանեց:

Նյութը հրապարակելուց կարճ ժամանակ անց փաստաբանը պատասխանեց նամակագրությանը՝ նշելով, որ այս պահին, բացի այն, որ իր վստահորդը ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, այլ տեղեկություն չի կարող հայտնել:

Այս խորագրի վերջին նյութերը