Տնտեսական

18.07.2019 11:35


Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք

Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փորձաքննության է ուղարկել «ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ի կողմից նախարարության ենթակայության տակ գործող հաստատություններին մատակարարվող կաթնաշոռը և կարագը: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայի կողմից իրականացված փորձաքննության արդյունքներից պարզվել է, որ կաթնաշոռի անվան տակ հաստատություններին մատակարարվող արտադրանքը ոչ միայն չի համապատասխանել նախարարության և ՍՊԸ-ի միջև կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին, այլև իր որակական հատկանիշներով խիստ տարբերվել է ընդունված նորմատիվներից:

Փորձաքննության արդյունքները ստանալուց հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետամուտ է եղել, որպեսզի մեկ օրվա ընթացքում հաստատություններին մատակարարվող արտադրանքը փոխարինվի տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխանող կաթնաշոռով:

Բացի այդ, նախարարությունը նախատեսում է «ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառել պայմանագրով նախատեսված բոլոր պատժամիջոցները:

Նշենք, որ տվյալ ընկերությունը մատակարարում է իրականացրել «Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը», «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն», «Երևանի «Մանկան տուն», «Նորքի տուն-ինտերնատ», «Երևանի N 1 տուն-ինտերնատ» և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ներին:

Այս խորագրի վերջին նյութերը