Քաղաքական

17.07.2019 21:31


Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին

Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին

Կրոնական ազատության հարցերով նախարարական երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 16-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովի անցկացումը՝ որպես համագործակցային հարթակ կրոնի և հավատքի ազատության պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի համադրման համար:

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է կրոնի ազատության իրավունքի իրականացման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները՝ ընդգծելով վտանգված կրոնական խմբերի պաշտպանության անհրաժեշտությունը: Կողմերն առանձնահատուկ անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես, քրիստոնյաների պաշտպանության խնդիրներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան գործընկերային և բարեկամական հարաբերությունների վերջին շրջանի դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով, որ առկա երկկողմ հարուստ օրակարգը լավ հիմք է տարբեր ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման համար:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցերի շուրջ:

Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարն անդրադարձան նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին և հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը: Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը:

Այս խորագրի վերջին նյութերը