Քաղաքական

17.07.2019 12:39


Կա իշխանության ռեյտինգի անկում, չի կարելի կատարյալ հիմարի տեղ դնել ժողովրդին. հոգեբան

Կա իշխանության ռեյտինգի անկում, չի կարելի կատարյալ հիմարի տեղ դնել ժողովրդին. հոգեբան

Այն, ինչ այսօր կատարում է իշխանությունը՝ աբսուրդ է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու նախկին անդամ, «Առողջ հանրություն« ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը:

«Հայտարարում են, որ ունենալու ենք բարեկեցիկ կյանք, բերում, մտցնում են գենդերային օրենքներ: Հայտարարում են, որ ունենալու ենք լավ առողջապահություն, ունենում ենք գարդասիլի պատվաստում: Մեր հանրությունն էյֆորայի մեջ էր ու հույսեր ուներ, հիմա տեսնում ենք փաստը, որ քաղաքացիները բռնում են արտագաղթի ճանապարհը»,-ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ժամանակին խոստանում էին, ու այդպես էլ արեցին, մարդկանց մի մասի տույժ ու տուգանքները ներեցին, բայց դա, ընտրակաշառքի տեսակ էր:

«Գալիս է հիասթափության փուլը»,-ասաց Մարինա Խաչատրյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ հոգեբան Միհրդատ Մադաթյանն էլ նշեց, որ մեկ տարուց ավելի անցել է, սակայն ոչինչ չի փոխվել:

«Նկատել եմ տենդենց, որ եթե լրատվականներով տեսնես ու լսես, մենք ապրում ենք ուտոպիական երկրում, բայց հենց շփվում ես իրականություն հետ, բոլորովին էլ այդպես չէ: Այն լոզունգները, որոնցով տեղի ունեցավ իշխանափոխությունը, ոչ մեկն իրականություն չդարձավ»,-ասաց Մադաթյանը:

Նա նշեց, որ բնականաբար, հանրության տրամադրությունը լինելու է բացասական, որն արդեն նկատելի է:

«Կա իշխանության ռեյտինգի անկում, չի կարելի կատարյալ հիմարի տեղ դնել ժողովրդին, դրա համար այս անկումը շատ արագ նկատելի է»,-ասաց Մադաթյանը:

Որպես օրինակ նա նշեց, որ երբ գյուղացիները ոռոգման ջուր չունենալու պահանջով կառավարության առաջ բողոքի են ելել, որևէ մեկը նրանց չի արձագանքել:

«Անջրպետը, որը նախկինում խոստանում էին վերացնել, այսօր ավելի քան առկա է: Եվ այս անկումային իրավիճակը բոլոր ոլորտներում է»,-ասաց Միհրդատ Մադաթյանը:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը