Լրահոս

11.02.2011 17:46


Ոստիկանությունը փորձում է վարորդներին լռեցնել

Ոստիկանությունը փորձում է վարորդներին լռեցնել

Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդներն այսօր կրկին շարունակել են բողոքի իրենց գործողությունները: Նրանք հանդիպում են ուժային կառույցների հարուցած խոչընդոտներին, որոնք ամեն կերպ փորձում են բողոքողներին լռեցնել: Այս նպատակով նրանց տանում են ոստիկանության բաժանմունքներ, նաև հրավիրում են ոստիկանության պետի հետ առանձնազրույցի: Ոստիկանները հատկապես մեծ ցանկություն ունեն զրուցելու գործուն մասնակիցների հետ: Նման դեպքեր այսօր արձանագրվել էին ինչպես Գյումրիում, այնպես էլ Ախուրյանում: «Ասպարեզ» ակումբում հավաքված վարորդները տեղեկացրել են, որ 4 ոստիկաններ փորձել են մեքենայից ուժով դուրս բերել վրացական պետհամարանիշ ունեցող բողոքողներից մեկին՝ պատճառաբանելով, թե Ենգոյանը վարորդին իր մոտ առանձնազրույցի է կանչում: Ոստիկանության գործողությունները վրդովեցրել են վարորդներին, նրանք միահամուռ ուժերով այսօր հստակեցրել են իրենց պայքարի հետագա ռազմավարությունը և ոստիկանական ապօրինությունները կանխելու միջոցներ մտածել:

Վարորդները նաև անդրադարձել են կառավարության պատասխանին՝ նշելով, թե իրենց շարքերում գրեթե չկան այսպես ասած շքեղ ավտոմեքենա ունեցողներ: Նրանք նշել են, թե ավտոմեքենաները հիմնականում ձեռք են բերվել ապառիկով կամ արտերկրում վաստակած գումարներով:

-Գնում ենք Ռուսաստանները, մինչև Յակուտիա ենք հասնում, մի երկու կոպեկ աշխատում ենք, որ ընտանիք պահենք, մի հատ էլ ավտո ենք առնում, ստեղ ասում են՝ դրա գնից բարձր մաքսազերծման փող տուր: Թող դարձնեն Վրաստանի պես, մենք էլ բերենք ստեղ անենք մաքսազերծումը: Հերիք չէ՝ երեք անգամ ավելի գումար են վերցնում ձեռքերիցս, մի բան էլ գրպանդ մի 100 հազ. դրամի չափով 5 000 դրմանոց պետք է պահես, որ ամեն բարև տվողին կաշառք տաս,-դժգոհել է Վարդգես Գրիգորյանը:

Վարորդներից ոմանք էլ նշել են, թե իրենք պատրաստ են նաև Վրաստանի քաղաքացիություն ստանալ, քանի որ այնտեղ հեշտացրել են անձնագիր ստանալու գործընթացը, միաժամանակ ավելի շահավետ է:

Այնուհետև վարորդները, ի նշան իրենց դեմ կատարվող անօրինականությունների, բողոքի ավտոերթ են կազմակերպել դեպի Ախուրյան և շրջել Գյումրիի տարբեր հատվածներում: Ի դեպ, ավտոերթի ուղուց տեղյակ էր միայն դիմացից ընթացող ավտոմեքենայի վարորդը, քանի որ ըստ հավաստի տեղեկությունների՝ վարորդների մեջ ներդրվել են հատուկ ծառայությունների և ոստիկանության ներկայացուցիչներ՝ նրանց վերահսկելի պահելու համար: Եվ այդ գործին լծված են նաև իրենց հասարակական գործիչ համարող որոշ անձինք:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը