Լրահոս

16.07.2019 16:34


Հեռախոս, ժամացույց, վարձակալած սարք. քննություններին դիմորդների հնարամտությունների պակաս չի զգացվել

Հեռախոս, ժամացույց, վարձակալած սարք. քննություններին դիմորդների հնարամտությունների պակաս չի զգացվել

Ընթացիկ տարում կազմակերպված քննություններին այս անգամ ևս դիմորդների հնարամտությունների պակաս չի զգացվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ արտագրելու, հուշումներ ունենալու հնարավորության համար դիմորդները տարեցտարի տեխնոլոգիաները զարգացնում են:

«Հեռախոս, ժամացույց. դրանք արդեն ավանդական միջոցներ են, որոնք մեր կողմից հայտնաբերվում են: Նկատենք, որ նման դիմորդները սովորաբար լինում են մի քանի հեռախոսով: Լինում են դեպքեր, դիմորդը գալիս է համապատասխան սարքերով, որոնք վարձակալությամբ է ձեռքբերած լինում, իսկ օնլայն հարթակները այդ հնարավորությունը տալիս են: Մի աղջկա մոտ էինք հայտնաբերել սարքեր իր վրա ամրացրած, նա խնդրում էր վերադարձնել, որովհետև վարձակալությամբ էր վերցրել»,-ասաց Կարո Նասիբյանը:

Կենտրոնի փոխտնօրենը նկատեց, որ այստեղ ծնողների դերը մեծ է, իրենք պետք է կանխեն նման մոտեցումները և շեշտը դնեն սովորելու վրա, այնինչ՝ շատ ժամանակ իրենք են մասնակից լինում:

Դիմորդների շրջանում պահանջված մասնագիտությունների կառուցվածքում այս տարի որոշակի փոփոխություններ են եղել: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ ավանդական դարձած ուղղությունները, կարծես, նահանջում են:

«Այս տարի առաջին անգամ թափուր տեղ ունեցանք Տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառում մասնագիտությունից: Տնտեսագիտության գծով հետաքրքրության պակաս նկատվում է նաև մյուս բուհերի դեպքում: Կարծես թե ավանդական դարձած ուղղությունը՝ տնտեսագիտությունը, նահանջում է: Փոխարենը՝ դիմորդների շրջանում մեծ հետաքրքրություն ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները, օտար լեզուները: Լեզվաբանական համալսարանում մրցակցությունը բավական բարձր էր»,-ասաց Կարո Նասիբյանը: Իրավագիտական մասնագիտությունների ուղղությամբ միտումները նույնն են:

Մտահոգիչ ցուցանիշներ կան ֆիզիկայի, քիմիայի հետ կապված: Այս գծով մասնագիտությունների ֆակուլտետները թերբեռնված են: ԵՊՀ-ում ֆիզիկա-մաթեմատիկական մասնագիտությունների գծով կա 40 թափուր տեղ: Կարո Նասիբյանը կարծում է, որ այն դիմորդները, ովքեր բժշկական համալսարան են դիմել ու մրցույթից դուրս են մնացել, նրանք կդիմեն, և կենսաբանական ֆակուլտետները կլրացվեն:

Այս խորագրի վերջին նյութերը