Հարցազրույց

13.04.2010 18:37


Գալուստ Սահակյան

Գալուստ Սահակյան

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ

-Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո մամուլում տեղեկատվություն տեղադրվեց, որ Բարաք Օբաման գովել է Սերժ Սարգսյանին։ Ձեր կարծիքով Օբաման ինչի՞ համար է գովել Սերժ Սարգսյանին։

-Դրանք ջրիկ հայտարարություններ են, բամբասանքներ և սադրանքներ, որտեղ որևէ տեղեկատվություն չկա: Գնահատականները պետք է ոչ թե այդ տեսանկյունից դիտարկել, այլ նրանով, որ Սերժ Սարգսյանը և Հայաստանը մասնակցեցին պատմական այդպիսի խոշոր իրադարձության, որ 44 երկրների մեջ Հայաստանն առաջին անգամ մասնակից դարձավ աշխարհին հուզող խնդիրների որոշման ամբողջ ընթացքին։ Սա է գնահատականը։ Երկրի նախագահը նորից վերահաստատեց այն կարծիքը, որ որևէ մեկը մեզ չի կարող թելադրել և նախապայմաններ դնել մեր ազգի առջև ծառացած խնդիրների լուծման ճանապարհին։ Մնացածը շատ թույլ, ոչ քաղաքական մտածողության հետևանքներ են։ Դիվանագիտության մեջ սքանչելի պայծառ բաներ տեղի չեն ունենում, պարզապես դիվանագիտությունը գնահատվում է պատշաճությամբ, գնահատականը հենց պատշաճությունն է։ Իհարկե, պետք է Օբաման լավ ընդուներ Սերժ Սարգսյանին, որովհետև ինքն էլ հրավիրել էր։

-Ձեր կարծիքով արձանագրությունները մինչև ապրիլի 24-ը կվավերացվե՞ն, թե՞ ոչ։

-Ո՛չ, ո՛չ։

-Այդ դեպքում ապրիլի 25-ին արդեն կարելի՞ է ասել, որ հայ-թուրքական գործընթացը ձախողվել է, ավարտվել է։

-Ո՛չ, նորից ո՛չ։ Գործընթացը երբեք ու երբեք, նույնիսկ եթե չվավերացվի, չի ձախողվի, որովհետև գործընթացներն այնպիսին են, որ մեր և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական զինանոցը բավական բազմազան է։ Իհարկե, գործընթացը կշարունակվի։ Արձանագրությունների ո՛չ հաստատումը, ո՛չ չհաստատումը չի նշանակում գործընթացի ավարտ։

-Այդ դեպքում ողջամիտ ժամկետներ նշելու նպատակը, մասնավորապես մինչև ապրիլի 24-ը, ո՞րն է։

-Ողջամիտ ժամկետները, մի քանի անգամ ասել եմ, վաղուց անցել են։ Այսօր Հայաստանը պատրաստ է արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը հետ վերցնել, սակայն նաև հարկավոր է խոհեմ, նպատակահարմար քաղաքական պահի դա կատարել։ Իհարկե, Սերժ Սարգսյան-Օբամա հանդիպումը նաև կանխատեսում է, որ հնարավորինս ավելի կակտիվանան ճնշումները Թուրքիայի վրա։

-Պարո՛ն Սահակյան, ի՞նչ զարգացումներ եք սպասվում, կանխատեսվում հանդիպումից հետո։ Ինչպիսի՞ն կլինեն քաղաքական զարգացումները։

-Ես կարծում եմ, որ զարգացումների այն գործընթացները, որ այսօր կան՝ կապված և՛ ղարաբաղյան, և՛ ցեղասպանության, և՛ արձանագրությունների վավերացման գործընթացների հետ, բավական, ոչ միայն մեր կողմից, այլև միջազգային հանրության կողմից, ի նպաստ Հայաստանի նոր ձևակերպումներ և արձանագրումներ կունենանք։

-Ղարաբաղյան հարցում և՞ս։

-Իհարկե, դրական իմաստով նոր արձանագրումներ տեղի կունենան։ Ըստ էության, ղարաբաղյան հարցում ավելի շատ մամուլային, մեր ընդդիմախոսների ասածների հիման վրա է փոթորիկ բարձրանում, իբրև թե ինչ-որ մի բան կա, որ հանրությունը չգիտի և այլն։ Դա գործընթաց է, որը չեմ կարծում, որ նախկին շրջանի համեմատ ինչ-որ բաներ կա, և հասարակությունն էլ չգիտի։ Միշտ էլ հանդիպումներում առաջարկություններ են լինում, քննարկվում են։ Բայց նախագահի այցը ԱՄՆ-ում և Տավուշում նորից բանաձևեց խնդիրը, որ մենք ղարաբաղյան հարցում  վճռական ենք, նախ և առաջ Ղարաբաղի կարգավիճակի հարցում. Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

-Դուք ասացիք, որ գործընթացները դրական միտումներով կզարգանան։ Ի՞նչ է նշանակում այդ դրականը հայ-թուրքական գործընթացում և դրականը ղարաբաղյան հարցում։

-Միջազգային հանրությունն ավելի որոշակի արձանագրումներով և հայտարարություններով, առավել ևս՝ ճնշումներով դեպի Թուրքիա... այս ճանապարհով զարգացումներ տեղի կունենան։ Ճնշումներ Թուրքիայի վրա արդեն կան, պարզապես մեզանում կարծես թե քաղաքագիտական վերլուծությունները կամ մասնագետները մի փոքր հապաղում են և եղելությունների հետևից են գնում։ Այդ ճնշումներն ի նպաստ Հայաստանի կգործեն։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

Այս խորագրի վերջին նյութերը