Քաղաքական

15.07.2019 20:30


«Ադրբեջանը փոխում է բանակցությունների ձևաչափը՝ իր պատվիրակության կազմում ավելացնելով ԼՂ-ի ադրբեջանական համայնքի ներկայությունը». Քավանո

«Ադրբեջանը փոխում է բանակցությունների ձևաչափը՝ իր պատվիրակության կազմում ավելացնելով ԼՂ-ի ադրբեջանական համայնքի ներկայությունը». Քավանո

Օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Քերի Քավանոն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ բանակցությունների ընթացքին և մանրամասներին․

–Հարավային Կովկասում մանրուքները կարող են հսկայական նշանակություն ունենալ։ Եթե Վրաստանի դեպքում փոքրիկ սխալը Թբիլիսիում լայն ցույցերի ալիքի պատճառ է դառնում, ապա Արցախի հակամարտության դեպքում դա տանում է դեպի նոր զոհեր։ Թեև Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում բեկում չի գրանցվել, այդուհանդերձ զսպվածություն ցուցաբերելու միջնորդների կոչը կարևոր նշանակություն ունի։ Ինչ վերաբերում է միջնորդների առաջարկների բովանդակության շուրջ կողմերի միջև ծագած հակասություններին, ապա կողմերից յուրաքանչյուրը մեջբերում է իր ցանկացած հատվածները։ Նրանք հավանաբար նույն փաստաթուղթն են կարդում, սակայն տարբեր կերպ, հակառակ դեպքում անհավատալի է, որ մի կողմին մի փաստաթուղթ է ներկայացվել, մյուս կողմին՝ մեկ այլ փաստաթուղթ։ Թեև Բաքուն մերժում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ Արցախյան կողմի՝ բանակցություններին միանալու վերաբերյալ, այնուամենայնիվ ներքին կերպով Ադրբեջանում որոշ քայլեր արվել են։ Բաքուն հայտարարել է, որ բանակցությունների ձևաչափը պետք է նույնը մնա, բայց նկատել է, որ ներքին կարգով փոխել է իր պատվիրակության կազմը՝ ավելացնելով այնտեղ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայությունը։ Ես սա դիտարկում եմ՝ որպես որոշակի նախապատրաստության նշան՝ բանակցային ձևաչափը փոխելու հեռանկարով։

Բանակցությունների ներկայիս ձևաչափը ձևավորվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, այդ փոփոխությանն ականատես եղանք նրա օրոք։ Այդպես ավելի հեշտ էր՝ հաշվի առնելով նրա նախորդ աշխատանքն Արցախում, նրան հեշտ էր ներկայացնել միաժամանակ և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի ժողովրդին։ Սերժ Սարգսյանի ժամանակ իրավիճակը նույնը մնաց, սակայն Փաշինյանը միանշանակ հայտարարեց, որ չի կարող ներկայացնել Ղարաբաղը և ներկայացնում է միայն Հայաստանը։

Ինչ վերաբերում է 2001 թվականի ապրիլին Քի Վեսթում տեղի ունեցած բանակցություններին, որին մասնակցում էր Ռոբերտ Քոչարյանը, և այնտեղ քննարկվող, այսպես կոչված, «Մեղրիի փոխանակման» տարբերակին, ապա իրականությունը փոքր-ինչ այլ էր, և սեղանին դրված տարբերակներն այդչափ պարզունակ չէին։ Ի սկզբանե Քի Վեսթում նախատեսված չէր ստորագրել որևէ փաստաթուղթ, այլ բանակցությունների հաջողության դեպքում փաստաթուղթը պետք է ստորագրվեր որևէ չեզոք տարածքում, հավանաբար՝ Եվրոպայում։

Այս խորագրի վերջին նյութերը