Աշխարհ

12.07.2019 15:10


Դուստրերի ձեռքով սպանված Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Դուստրերի ձեռքով սպանված Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Ռուսաստանի քննչական կոմիտեն Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ քրեական գործն առանձնացրել է առանձին վարույթում։ Այս մասին հայտնում են ռուսական մի շարք ԶԼՄ–ներ` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։

«Քննչական խումբը Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ նյութերն առանձին վարույթում է առանձնացրել` սեփական դուստրերի հանդեպ հանցավոր գործողություններ անելու փաստով։ Քննիչների կարծիքով` տղամարդու գործողությունները պետք է որակվեն ՌԴ Քրեական օրենսգրքի 117, 132 և 133 հոդվածներով («կտտանքներ», «սեռական բնույթի բռնի գործողություններ», «սեռական բնույթի գործողությունների հարկադրում»), - հայտնում է «Ռոսիյսկայա գազետա» պարբերականը։

Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Ալտուֆևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։

Նշենք, որ քննության վարկածի համաձայն` կրտսեր դուստրը` 11–րդ դասարանի աշակերտուհին, հոր պարանոցին ու մարմնին դանակի առնվազն 35 հարված է հասցրել։ Մյուս երկու դուստրերը հոր գլխին են հարվածել։ Դրանից հետո քույրերից մեկը փոքրի ձեռքից խլել է դանակն ու հարվածել սրտին։ Սպանությունից հետո կրտսեր քույրն անձամբ է ոստիկանություն զանգահարել։

Հիշեցնենք` Մոսկվայի Օստանկինյան դատարանը 2018–ի օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն էր տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել էին առանձին բնակարաններում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը