Քաղաքական

10.07.2019 18:45


Վահե Գրիգորյանը չի մասնակցի Քոչարյանի գործով դատարանի դիմումի քննարկմանը ՍԴ-ում

Վահե Գրիգորյանը չի մասնակցի Քոչարյանի գործով դատարանի դիմումի քննարկմանը ՍԴ-ում

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հուլիսի 8-ի աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումի քննությանը ՍԴ-ում։

«Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ինչպես նաև նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի` Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցությունը Սահմանադրական դատարանում «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությանն անհնարին է, քանի որ նա մասնակցել է հիշյալ գործի քննությանն այլ դատարանում»,-նշել է ՍԴ նախագահը։

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ի որոշմամբ՝ Սահմանադրական դատարանը որոշել է մասամբ վարույթ ընդունել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը։ Վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու մասով, մյուս երկուսով՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի եւ Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու հարցի մասերով մերժվել է։

Հիշեցնենք նաեւ, որ հունիսի 21-ին ՍԴ-ն վարույթ էր ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումներից 2-ը։ Դրանցից մեկը դարձյալ վերաբերում է 300.1-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցին։ Մյուսը վերաբերում է քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցին։ Նշենք, որ այս դիմումներով դատաքննություն է նշանակվել օգոստոսի 29-ին։

Այս խորագրի վերջին նյութերը