Հարցազրույց

12.04.2010 19:15


Լիլիթ Արզումանյան.

Լիլիթ Արզումանյան.

Հարցազրույց գրաքննադատ Լիլիթ Արզումանյանի հետ

-Ապրիլի 9-ին լրացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 2 տարին։ Ինչպե՞ս կգնահատեք այս երկու տարին։

-Ես ո՞վ եմ, որ գնահատեմ. չգիտեմ, թե կոնկրետ ինչ է արվել։ Համենայնդեպս, մի բան լավ է, որ գոնե ցանկություն կա ինչ-որ բան փոխելու։ Օրինակ՝ նախկին իշխանությունների օրոք մենք անընդհատ խոսում էինք հեռուստատեսության մասին (դա ինձ համար շատ ցավոտ խնդիր է), ասում էինք, ասում էինք, ասում էինք, բայց բացարձակ ոչ մի տեղաշարժ չկար, բայց հիմա կարծես թե փորձում են ինչ-որ բան անել, գուցե մտահոգությունը տե՞ղ է հասնում։ Կամ այս աննորմալ երթևեկությունը, էլի ինչ-որ մի ձևով առաջխաղացում կա։ Իմ կարծիքով, իհարկե, սա շատ քիչ է նորմալ երկիր դառնալու համար, մնացած՝ արդյունաբերության և այլ բնագավառներում, որևէ առաջխաղացում կա, թե չկա՝ ես չեմ կարող գնահատել։ Ասօր ինձ մի բան է ահավոր անհանգստացնում։ Մի այսպիսի բան կա, որ փայտը երկու կողմից էլ մաքուր չի, և չգիտես՝ որտեղից բռնվես։ Ես շատ գոհ կլինեի, եթե մեր հանրապետությունում դրվածքն այնպես լիներ, որ մամուլին հաշվի առնեին։ Երկու օր առաջ իմ ընկերուհին էր եկել Գերմանիայից (շատ կարգուկանոնով երկիր է, և դա ես չէ, որ պիտի ասեմ), և նա պատմում էր, որ եթե որևէ պաշտոնյա ինչ-որ վատ բան է անում (օրինակ՝ պետության հաշվին անձնական դրդապատճառներով գնում է գործուղման), մամուլն այնպես  է վարկաբեկում նրան, որ նա ինքնակամ հեռանում է ասպարեզից։ Հիմա ես կուզեի, որ այստեղ էլ այդպիսի դրվածք լիներ, բայց կուզեի, որ մամուլն էլ շատ արդար լիներ, որովհետև երբեմն մամուլը կարդում ես ու այնքան սուբյեկտիվիզմ ես տեսնում, որ չես ուզում կարդալ։ Չնայած՝ էլի փառք ու պատիվ մեր մամուլի աշխատակիցներին, որ մնացել են ամենահամարձակը։ Ես ամենաշատը ազդվում եմ բարոյական չափանիշների անկումից։ Ինձ ամենաշատը դա է ցավ տալիս։

-Քաղաքական, սոցիալ-տնտեսական այս ողջ ճգնաժամի ֆոնին իշխանական ուժերը խոսում են դրական տեղաշարժերի մասին։ Դա քարոզչական հնա՞ր է, թե՞…

-Ես չգիտեմ։ Որպես ՀՀ քաղաքացի՝ ես կուզեի տեսնել այդ առաջընթացը։ Ես կուզեի, որ մեր երկրում հեռուստատեսությունը հարգեր մեր լեզուն, բարոյական նորմերը, քաղաքակրթության նորմերը, 21-րդ դարին հարիր մակարդակ դրսևորեր։ Այդ գռեհիկ, պրիմիտիվ սարսափը, որ կա մեր հեռուստաեթերում, ինձ սարսափեցնում է։ Ես կուզեի, որ մեր քաղաքը մաքուր լիներ։ Ճիշտ է՝ նաև մեր ժողովուրդն է մեղավոր, բայց ես մտնում եմ մետրո և տեսնում, որ մետրոն մաքուր է։ Այսինքն, եթե տերերը պահում են, ժողովուրդը ենթարկվում է։ Ես կուզեի՝ տիրոջ զգացողություն լիներ։ Ես կուզեի՝ տեսնեին ինչի են հանգեցնում կրթական համակարգի այդ բարեփոխումները։ Ես աշխատում եմ Կրթության նախարարության ենթակայության  տակ գտնվող հաստատությունում։ Եվ տեսնում եմ, որ տարիներ շարունակ մեր նախարարների կողմից բացարձակ ավերվեց այս համակարգը։  Հիմա ի՞նչ է կատարվում։ Ես խնդրում և կոչ եմ անում մեր նախագահին, որ այցելի մեր բուհերը և խոսեցնի ամենահասարակ դասախոսներին, որոնք  խելագարվում են։ Հիմա մաթեմատիկայով են զբաղված և ինչ-որ կրեդիտային համակարգի հաշվարկ են անում։ Թող լայն քննարկման դրվեր այն հարցը, թե արդյոք Բոլոնիայի այդ գործընթացը մեզ պե՞տք էր, մենք որևէ բան շահելո՞ւ էինք  դրանից, մեր կրթական համակարգն այսքան քանդելով ո՞ւր ենք հասնելու և այլն։ Սա, ախր, այնպիսի հարց է, որ ազգի ապագային է վերաբերում։ Ինչո՞վ էր վատ սովետական կրթական համակարգը։ Չէ՞ որ մենք բոլորս դրա արդյունքն ենք։ Կա՞ր արդյոք անհրաժեշտություն այդ համակարգը հիմնովին քանդելու։ Ես չեմ հասկանում։ Առաջընթացը պետք է տեսնես, չէ՞։  Բա ո՞ւր է։ Ես բազմիցս կրկնել եմ, որ ես ընդդիմություն չեմ հազար ու մի պատճառով, որովհետև այսօր իշխանափոխության այդ կոչերը նորից հիմքեր են քանդում։ Ես մաքրվելու կողմնակից եմ։ Իսկ այդ մաքրվելը վերևից պետք է սկսվի։

-Այսօր կայանալու է Էրդողան-Սարգսյան հանդիպումը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ զարգացումներ կլինեն։

-Ես թուրքերին չեմ հավատում։ Թուրքը մնում է թուրք։ Ես ո՛չ հավատում եմ, ո՛չ նրանց հետ բարեկամություն եմ ուզում։ Ոչ մի բան չեմ ուզում։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, վախենում եմ  նրանցից։ Իմ խորին համոզմամբ՝ թուրքերի հետ կարելի էր հարաբերություններ սկսել միայն այն բանից հետո, երբ իրենք ասեին՝ ներողություն մեր անցած պատմության համար, մեր պապերի արածների համար։ Քանի դեռ թուրքերը դա չեն արել, նրանց հետ որևէ հարաբերություն ուղղակի սարսափելի է։

-Այնուամենայնիվ,  ՀՀ նախագահի կողմից նախաձեռնություն է արվել, իսկ այսօր էլ հանդիպում է լինելու։ Ի՞նչ եք կարծում՝  ի՞նչ կլինի։

-Իրականում ես ոչին չեմ կարող ասել։ Հույսս այն է, որ թուրքերն իրենք չեն համաձայնվի։

-Իսկ Ղարաբաղի խնդրի վերաբերյալ  ի՞նչ կանխատեսումներ ունեք։

-Չեմ կարող ոչինչ ասել։ Այդ հարցն ինձ համար արդեն հիվանդագին է դարձել։ Ես ղարաբաղյան պատերազմում երկու հորեղբոր որդի ու հարազատ եղբայր եմ կորցրել։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ցավալ ի է ինձ համար այդ խնդիրը։ Ես չեմ ուզում անգամ այդ ուղղությամբ մտածել։ Որ կանգնում ու ասում են՝ հողերը հետ ենք տալու, ես անգամ այդ բառերից եմ խելագարվում։  Ես չեմ պատկերացնում, որ այսօր, օրինակ, Սերժ Սարգսյանը մտածի դրա մասին։ Ես չեմ պատկերացնում։ Ես չեմ հավատում և չեմ ուզում հավատալ։ Ես ինքս դրանից երևի հոգեկան խանգարում կստանամ, որովհետև չեմ պատկերացնում, որ աշխարհում այնպիսի մի  ժողովուրդ կա, որ արյունով վերցրած հողը թղթով հետ կտա։ Մենք շատ աբսուրդային պատմություն ենք ունեցել, բայց այս աստիճանի ես չեմ պատկերացնում։

-Իսկ պատերազմի վերսկսման հավանականություն տեսնո՞ւմ եք։

-Եթե մենք կայուն և ամուր լինենք, ոչ մի պատերազմ էլ չի վերսկսվի։ Պատերազմը մեր ամրության հետ է կապված։ Ես ուզում եմ երկրում առաջընթաց տեսնել, որ ժողովուրդը հավատա։ Ի վերջո, վաղը պատերազմում հաղթողն էլի մեր ժողովուրդն է։ Ես կուզեի, որ մենք այնպիսի իշխանություն ունենայինք, որ հավատայինք նրան, որ ես հավատայի իրենց։ Հիմա այն փաստը, որ փորձում են ինչ-որ բան անել, էլի մի քիչ հավատի նշույլ կա մոտս, բայց ընդհանուր բարոյական մթնոլորտը պետք է փոխվի։ Մենք հեռուստատեսության մասին ենք խոսում։ Թվում է՝ ի՞նչ է, որ  դրա մասին խոսում ենք։ Բայց դա մի ահռելի բան է՝ մի ամբողջ մտածողություն։ Մենք այսօր մեր երիտասարդ սերունդն ենք ձևավորում դրանով, իսկ դա ուղղակի սարսափ է։ Ասենք՝ սերիալները։ Ես ուղղակի խելագարվում եմ։ Ի՞նչ է՝ մենք շա՞տ ապօրինի երեխաներ ենք բերել, որ հիմա ցույց են տալիս։ Ցույց են տալիս իմ սերունդը, բայց եղբա՛յր, իմ սերունդը 70-ականների սերունդն էր՝ կարգին, նորմալ, շատ առողջ մտածողությամբ, առողջ մտածելակերպով։ Հազարից մեկը կար, որ երեխա էր ունենում առանց ամուսին, այն էլ պարզ էր, թե ումից է։ Հիմա բոլոր սերիալներում ինչ-որ ապօրինի երեխաներ են ծնված, առած, ինչ-որ կրիմինալ անհեթեթություններ։ Բայց, ախր, դա մենք չենք, բավակա՛ն է, էլի։ Հերի՛ք է։ Այդ աստիճան կարելի՞ է պրիմիտիվ ու տխմար լինել։ Ես ուղղակի ապուշ եմ կտրում։ Չի՛ կարելի։ Ասում եք՝ ազգը սա՞ է ուզում։ Բա դուք իշխանություն եք, չե՞ք ասում՝ ես իմ ազգին ինչո՞ւ եմ դեբիլացնում։ Նպատակ կա՞ դեբիլացնելու։ Ախր դեբիլ ազգը վաղը չի կանգնի հող պահի։ Մի խոսքով, բարոյական մթնոլորտի մաքրություն եմ ուզում։ Դա է այսօր մեզ պակասում և օդի ու ջրի նման մեզ պետք է։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը