Լրահոս

10.07.2019 14:50


«Ատոմակայանի ներքին անվտանգությունն ապահովել ենք մեր գեներատորներից ստացված էլեկտրաէներգիայով»․ Մեծամորի ատոմակայանի տնօրեն

«Ատոմակայանի ներքին անվտանգությունն ապահովել ենք մեր գեներատորներից ստացված էլեկտրաէներգիայով»․ Մեծամորի ատոմակայանի տնօրեն

Մեծամորի ատոմակայանը հունիսի 1-ից չի աշխատում, վերանորոգման և վերաբեռնավորման գործընթաց է սկսվել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ատոմակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը՝ անդրադառնալով Հրազդանի ՀԷՑ-ում և Երևան ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարների հետևանքներին՝ ատոմակայանի վրա:

«Էներգահամակարգից մենք դեռ սպառիչ էլեկտրաէներգիա ենք ստանում: Այո, էներգահամակարգում խնդիրներ առաջացել են, և ճիշտ կլինի, որ դրա վերաբերյալ հարցերին մյուս ձեռնարկությունները պատասխանեն»,- ասաց նա:

Խոսելով վթարի արդյունքում ատոմակայանում ստեղծված իրավիճակի մասին՝ նա նշեց, որ իրենք ունեն ներքին դիզել գեներատորային կայան, և լարման տատանումների սկզբից ի վեր անցել են լարման գեներատորների սնուցմանը:

«Այսինքն՝ մեր ներքին անվտանգությունն ապահովել ենք մեր գեներատորներից ստացված էլեկտրաէներգիայով: Մենք որևէ խնդիր չենք ունեցել»,- ասաց Մովսես Վարդանյանը:

Նրա խոսքով՝ հիմա ատոմակայանի էներգահամակարգում լարումը վերականգնված է:

Հիշեցնենք, որ Երևանի տարբեր վայրերում հուլիսի 10-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, էլեկտրականության տատանումներ են գրանցվել: Ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ օպերատիվ խմբերն աշխատում են մարդկանց զանգվածային կուտակում ունեցող վայրերում, հատկապես մետրոյում:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Հայաստանում առկա է էներգետիկ համակարգի վթար: Հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ:

«Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»,- նշել է ՀՀ փոխվարչապետը:

Այս խորագրի վերջին նյութերը