Լրահոս

12.04.2010 16:03


«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության 8-րդ համագումարի բանաձև

1998թ.-ին հակասահմանադրական ճանապարհով իշխանությունը բռնազավթած խունտան, Ղարաբաղի հարցի շահարկմամբ և հաղթողական հռչակված կեցվածքով (8 հազ ք/կմ հարակից տարածքներով Ղարաբաղ), չհանդուրժելով որևէ այլախոհություն, որդեգրեց իրենց իշխանությանը վտանգ ներկայացնող քաղաքական ու պետական գործիչներին վերացման քաղաքականություն, որի տրաբանական հանգուցալուծումն հանդիսացավ 1999թ. հոկտեմբերի 27-ը:

Վարչախումբը տարիներ շարունակ սպասարկելով գերտերությունների շահերը, կեղծեց բոլոր տեսակի ընտրությունները, և ձևավորեց իմիտացիոն' կեղծ ժողովրդավարական, բռնապետական համակարգ: 12 տարիների ընթացքում ռեժիմի վարած քաղաքականությունը հանգեցրեց հասարակության սոցիալական վիճակի ծայրահեղ բևեռացման' մի կողմից քրեագործ գերհարուստներ, մյուս կողմից' ունեզրկված ժողովուրդ:

Վտանգված է պետության և քաղաքացիական հասարակության գոյությունը, չեն գործում սահմանադրությունը և օրենքները, վարկաբեկված են պետական բոլոր ինստիտուտները, զանգվածային լրատվամիջոցները վերածվել են ռեժիմին սպասարկող քարոզչամեքենայի: Շարունակվում է անօրինակության, անպատժելիության ու անբարոյականության մթնոլորտի տարածման քաղաքականությունը, խրախուսվում են քծնանքն ու շողոքորթությունը, ստորաքարշությունն ու ցինիզմը: Վարչախումբը ձգտում  է իր ներսում հաստատված ներքին հարաբերությունների ոհմակային կանոները պարտադրել նաև հասարակությանը'  փորձելով ոչնչացնել քաղաքացիական հասարակության սաղմերն ու ձևավորել միակերպ մտածող հպատակներ:

2008թ. նախագահական ընտրությունների հերթական ցինիկ կեղծմանն ի պատասխան, համաժողովրդական  ընդվզումն ու հասարակության քաղաքացիական կեցվածքը հանգեցնելու էին ավազապետական բուրգի փլուզմանը: Արդյունքում իշխանափոխությունն անխուսափելի էր, եթե ապօրինաբար չմեկուսացնեին քաղաքական լիդերներին ու շարժման ակտիվիստներին, որոնցից 14 քաղբանտարկյալների շարունակում են պահել զնդաններում, և վերջապես, եթե չիրագործվեր մարտի 1-ի սպանդը: Փաստացի իրականացվեց պետական հեղաշրջում:

Այն հատուցեցին  ցեղասպանության  ուրացումով ու Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումների գնալու, մասնավորապես ազատագրված տարածքները վերադարձնելու  պատրաստակամությամբ:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը' Հայ Ազգային Կոնգրեսի կազմում, այս ամենը կանխելու և իրավիճակից դուրս գալու ելքը համարում է հասարակության համախմբումն ու օր առաջ գործող ռեժիմից ազատվելու վճռականությունը, արդար ընտրությունների միջոցով օրինական իշխանությունների ձևավորումն ու  սահմանադրական կարգի վերականգնումը:

Այս խորագրի վերջին նյութերը