Լրահոս

09.07.2019 13:37


Մի բաժակ ջուր պահանջելուց մինչև վառված լամպը փոխել. արտառոց կանչեր շտապօգնությունում

Մի բաժակ ջուր պահանջելուց մինչև վառված լամպը փոխել. արտառոց կանչեր շտապօգնությունում

Շտապօգնությունն այսօր չունի կանչի մերժման տարբերակ, ինչի համար էլ երբեմն ստիպված սպասարկում է կանչեր, որոնք շտապօգնության գործառույթների մեջ չեն մտնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը

«Լինում են դեպքեր, երբ բնակիչն օրական 4-5 անգամ զանգում է շտապօգնություն տարբեր պատճառներով, և մենք պարտավոր ենք գնալ: Մյուս կողմից, շատ են լինում անհեթեթ զանգեր. լինում են դեպքեր, երբ կանչի վայր հասած շտապօգնության բրիգադին բնակիչն ասում է՝ մեկ բաժակ ջուր տուր կամ էլ ջահի միջի վառված լամպը փոխիր»,-ասաց նա:

Ստեփանյանի խոսքով՝ նման կանչերը բավականին դժվարացնում են իրենց աշխատանքը, քանի որ մերժելու տարբերակ չկա, իսկ շտապօգնությունն աշխատում է բավական լարված: Ըստ նրա՝ նման զանգերի սպասարկումը երբեմն կարող են մի փոքր ուշացնել անհետաձգելի կանչերով պայմանավորված, սակայն, ի վերջո, պարտավոր են գնալ կանչի հետքերով: Այնուամենայնիվ, Ստեփանյանը կարծում է, որ աշխատանքներ պետք է տարվեն, և ինչ-որ ելք գտնվի:

«Որոշ հասցեներում կան թմրամոլներ, ոգելից խմիչք օգտագործողներ, որտեղից կանչ գրանցվելու դեպքում ոստիկանների ուղեկցությամբ ենք գնում: Օրական 650 կանչ է սպասարկում շտապօգնությունը, որի 25 տոկոսի դեպքում է հոսպիտալացման կարիք լինում: Մեր բնակիչները պետք է հասկանան, որ շտապօգնությունը պետք է սպասարկի միայն անհետաձգելի դեպքերում»,-ասաց Ստեփանյանը:

Նա հայտնեց նաև, որ այժմ շտապօգնության բոլոր մեքենաները վերակենդանացում ապահովող ծառայություններ ունեն, ինչպես նաև իրենց հաջողվում է կանչի դեպքում դեպքի վայր հասնել սահմանված ժամկետներում՝ 3-15 րոպեի ընթացքում. բացառություններ, իհարկե, լինում են:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը