Աշխարհ

08.07.2019 19:04


Հունաստանի նոր վարչապետն ու Թուրքիայի ակնկալիքները

Հունաստանի նոր վարչապետն ու Թուրքիայի ակնկալիքները

Հուլիսի 7-ին Հունաստանում կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում երկրի վարչապետ է ընտրվել «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Կիրիակոս Միցոտակիսը։ Նա շոշափելի առավելությամբ հաղթել է իր մրցակցին՝ նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասին։

Թուրքական մամուլն անմիջապես ուշադրություն է հրավիրել նոր վարչապետի՝ Թուրքիայի հետ ունեցած առնչություններին։

Բանն այն է, որ Միցոտակիսը Հունաստանում հայտնի քաղաքական գործիչների ընտանիքից է։ Նրա հայրը՝ Կոնստանտին Միցոտակիսը, նույնպես զբաղեցրել է վարչապետի պաշտոնը 1990-1993 թվականներին։ Սակայն մինչ այդ պաշտոնը ստանձնելը՝ 1967թ․ Հունաստանում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո Կոնստանտինը կալանավորվել է։ Իսկ այնուհետև Թուրքիայի արտգործնախարար Իհսան Սաբրի Չաղլայանգիլի աջակցությամբ փախել է Թուրքիա և յոթ տարի ապրել աքսորյալի կարգավիճակում:

Հիմք ընդունելով այս հանգամանքը՝ թուրքական մամուլում տեսակետներ են հնչում, թե արդյոք Միցոտակիսը կընդառաջի Թուրքիային գյուլենականներին արտահանձնելու հարցում, քանի որ հենց Թուրքիայի շնորհիվ է ժամանակին փրկվել նրա հոր կյանքը:

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը թուրքական իշխանությունների կողմից հետապնդվող գյուլենականներին արտահանձնելու հարցում խիստ անզիջում էր։

Նշենք նաև, որ գյուլենական համայնքի հետ կապի մեջ մեղադրվողներն առավել հաճախ քաղաքական ապաստանի համար Թուրքիայից դիմում են Գերմանիային և Հունաստանին։ Աղբյուրի համաձայն՝ մեկ տարում Թուրքիայից Հունաստանին ներկայացվել է շուրջ 4․000 նմանատիպ դիմում:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը