Քաղաքական

02.07.2019 19:58


Դատավոր Դանիելյանը սխալվել է իր բոլոր եզրահանգումներում. Հովհաննես Խուդոյան

Դատավոր Դանիելյանը սխալվել է իր բոլոր եզրահանգումներում. Հովհաննես Խուդոյան

«Մենք դատական ակտի հետ ամբողջությամբ համաձայն չենք, եւ կարծում ենք, որ դատավորը սխալվել է իր բոլոր եզրահանգումներում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ կայացված երկու դատական ակտերին։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի երկու որոշումները՝ այդպիսով վերացնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված անձնական երաշխավորությամբ ազատ արձակվելու մասին որոշումը, որպես նոր խափանման միջոց ընտրելով կալանավորումը, ինչպես նաեւ՝ բեկանելով գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին որոշումը։

Խոսելով դատական ակտերի մասին՝ Հովհաննես Խուդոյանը նշեց, որ չնայած ամենակարեւորն այն էր, որ գործն ուղարկվում է նույն դատարանին, բայց ըստ այս որոշման՝ ենթադրվում է, որ վարույթը պետք է սկսվի ընդհատման պահից. «Այսինքն՝ դատավարության ժամկետը ոչ թե նորից պետք է սահմանվի, այլ շարունակվի, ինչը շատ կարճ ժամկետ է, որովհետեւ որոշումը, եթե ես չեմ սխալվում, ժամկետի լրացման նախավերջին օրն էր կայացվել, ստացվում է, որ գործը ստանալուց հետո դատարանը մեկ օր ժամանակ է ունենալու՝ որոշում կայացնելու համար»,-նշեց Խուդոյանը։

Նրա համար այս որոշման իրավական հիմնավորումը հայտնի չէ, համենայն դեպս, այս դատական ակտն արդեն գոյություն ունի, եւ ըստ նրա՝ պետք է կատարվի առաջին ատյանի դատարանի կողմից, սակայն թե ինչպես, ինքը չի կարող ասել։

Ինչ վերաբերում է դատավոր Արմեն Դանիելյանի այն հիմնավորմանը, թե Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մայիսի 13-ին արգելվել է բողոքաբերների նիստին մասնակցությունը և խնդրո առարկայի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելը, Հովհաննես Խուդոյանն ասաց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստերը վերաբերել են միայն խափանման միջոցին, եւ այդ նիստերին գործի կասեցման կամ ՍԴ դիմելու հարց չի քննարկվել. «Այդ հարցով նիստ չի էլ եղել, որ որեւէ մեկն էլ զրկված լիներ դրան մասնակցելուց։ Առաջին ատյանի նիստերը վերաբերում էին խափանման միջոցի քննությանը, իսկ դրանց մասնակցելու իրավունք ունի միայն այն անձը, ում խափանման միջոցի հարցը քննվում էր»։

Խուդոյանը հիշեցրեց՝ Առաջին ատյանի դատարանում իրենք բարձրացրել էին այն հարցը, որ այդ դատական նիստին պիտի այլ հարցեր էլ քննվեին, ըստ այդմ՝ մյուս կողմերն էլ կմասնակցեին, բայց դատարանը մերժել էր՝ ասելով, որ միայն խափանման միջոցի հարցն է քննարկում. «Այստեղ մրցակցային դատավարության սկզբունքի հարց չկա, եւ նախկինում էլ՝ մինչդատական վարույթում, 3-4 անգամ երեք ատյաններով էլ ունեցել ենք այդ գործընթացը, որին մասնակցել են դատախազներ, մեղադրյալն ու նրա պաշտպանները»։

Նշենք, որ դատական ակտով դատավոր Արմեն Դանիելյանն արձանագրել էր, որ պաշտպանական կողմն իր առարկությունները սկսել էր Կարեն Մեժլումյանի եւ Միհրան Պողոսյանի ելույթներով, որից հետո Քոչարյանի պաշտպանները չեն ցանկացել առկա փուլում պատասխան ելույթով հանդես գալ, փոխարենը, ըստ էության, պահանջ են ներկայացրել իրենց իսկ կողմից ներկայացված միջնորդությունը քննարկելու վերաբերյալ։ Մեզ հետ զրույցում Հովհաննես Խուդոյանն ասաց, որ այդ հաջորդականությունը պայմանավորված էր նրանով, որ մյուս պաշտպանները եւս ունեին դիրքորոշում այն մասին, որ խափանման միջոցի վերաբերյալ նիստերին իրենք իրավունք չեն ունեցել մասնակցել կամ դատավարության այս փուլում իրենք չպետք է այլ հարցեր քննարկեն. «Այսինքն՝ իրենք ներկայացրել են իրենց դիրքորոշումը կասեցման վերաբերյալ, սպառել են դա, դրանից հետո մենք պետք է ներկայացնեինք մեր առարկությունները»։

Պաշտպանի խոսքով՝ բողոքարկման ժամկետները դեռեւս հայտնի չեն, այս պահին իրենց համար առաջնային է գործի քննությունը շարունակել Առաջին ատյանի դատարանում. «Միաժամանակ պետք է Վճռաբեկ բողոք ներկայացնենք, թեպետ Վճռաբեկի հանդեպ էլ առանձնապես վստահություն չունենք»,-ասաց նա։

Վերջինս հայտնեց նաեւ, որ միաժամանակ գանգատ կներկայացնեն ՄԻԵԴ, իսկ դատավորի վարքագծի հետ կապված քննարկում են ԲԴԽ դիմելու հարցը։

Խոսելով Գլխավոր դատախազի՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին ուղարկված ինքնաբացարկի միջնորդությանը, Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դա պետք է քննարկվի. «Չի բացառվում, որ Դատախազությունը դրա մեջ մեր՝ նախկինում արված դիրքորոշումները կրկնի, բայց միջնորդությանը քանի որ ծանոթչենք, չենք կարող կարծիք հայտնել»։

Ի պատասխան «Փաստինֆո»-ի այն հարցին՝ արդյոք ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը պե՞տք է շարունակի գործի քննությունը, Հովհաննես Խուդոյանն ասաց. «Մենք մի շարք առարկություններ ունեինք, ըստ որոնց՝ նա չի կարող շարունակել այդ գործով քննությունը, բայց քանի որ դրանք մերժվել են, այս պահին մեզ նոր հիմքեր հայտնի չեն»։

Այս խորագրի վերջին նյութերը