Հարցազրույց

28.06.2019 10:35


Անդրանիկ Թևանյան. «Սրանք նեոբոլշևիկներ են, սա 90–ականների իշխանության ռեինկարնացիան է»

Անդրանիկ Թևանյան. «Սրանք նեոբոլշևիկներ են, սա 90–ականների իշխանության ռեինկարնացիան է»

Ռոբերտ Քոչարյանին նորից կալանավորեցին, ՍԴ-ում անհասկանալի վիճակ է, Արցախի շուրջ զարգացումները հետաքրքիր նրբերանգներ ունեն։ Այս և այլ հարցերի շուրջ irates-ը զրուցել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ հետ։

-Վերջին կալանավորման որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանում ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն։ Համամի՞տ եք, թե՞, այդուամենայնիվ, ընտրողաբար է արդարադատություն իրականացվում։

-Այն, որ Հայաստանում անցումային կոչված, ընտրովի ու համակրանքներից ելնելով արդարադատություն է, գաղտնիք չէ։ Նորություն չէ նաև, որ գործադիր իշխանությունը միջամտում է դատական իշխանության գործունեությանը՝ ուղղակի հրահանգներ իջեցնելով։ Մենք ունենք ինչպես գաղտնալսման փաստի հրապարակումը, որից պարզ երևում է, թե ինչպես են դատավորների վրա ազդում, այնպես էլ քաղաքական ճնշումները։ Հիշենք, որ ԼՂՀ ներկա ու նախկին նախագահների միջնորդագրով դատարանի կայացրած որոշումից անմիջապես հետո դատարանների վրա ճնշում կիրառվեց և Քոչարյանի գործը հանձնվեց այն դատավորին, որը նախկինում դատել էր այն մարդկանց (խոսքս ՀԱԿ-ի ներկայացուցիչների մասին է), որոնք այսօր իրեն ծափահարում են։ Այսինքն, այդ կամակատար դատավորը դարձել է Մարտի 1-ի զոհերի հարազատների «սրտի» դատավորը, չնայած մի քանի տարի առաջ այդ նույն դատավորը Մարտի 1-ի զոհերի հարազատների աչքի գրողն էր։ Անսկզբունքային են ինչպես դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ, զորօրինակ այդ դատավորը, այնպես էլ նրանք, ովքեր մի օր նրան հայհոյում են, մի օր էլ՝ ծափահարում։ Այս դատավարությունը հետաքրքիր էր դատական իշխանության նկատմամբ գործադիր իշխանության վերաբերմունքի առումով։ Վեթինգ կոչվածը, փաստորեն սա է, երբ դատավորը դակում է գործադիր իշխանության կաբինետում կայացրած որոշումը։

-Կարծում եք` նախապես գրված սցենա՞ր էր։

-Ակնհայտ է դա, որովհետև կասկածելի հանգամանքներում դատախազության երկու հայցադիմումները հայտնվեցին մի մարդու մոտ, որն ամենացածր վարկանիշն ունի դատական համակարգում ու միշտ աչքի է ընկել դատախազության ներկայացրած հայցերի բավարարմամբ, այսինքն դակել է դատախազության որոշումը։ Իսկ հիմա հեղափոխականներն ունեն իրենց «սրտի» դատախազը, որը նախկինում իրենց «սրտի» առաջնորդին կալանավորելու միջնորդությամբ էր մտել ԱԺ, և բնական է, որ «սրտի» դատախազի ներկայացրած հայցը իրենց «սրտի» դատավորը պետք է բավարարի։

-Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելուց հետո այսօր ոմանք պնդում են, թե Հայաստանում սահմանադրական ճգնաժամ կա, քանի որ կան իրական ու ինքնահռչակ նախագահներ։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։

-Սա իշխանազավթման դասական օրինակ է։ Երկրում ոչ թե սահմանադրական ճգնաժամ կա, այլ այդպիսի ճգնաժամ ստեղծելու ցանկություն։ Նպատակը շատ պարզ է` իշխանությունը հասկանում է, որ իր վարկանիշն ընկնում է, արտաքին մոդերատորների հետ խնդիրներ ունի և Արցախի հարցում, և ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, դրա համար էլ առաջ է շարժվում իշխանությունը պահելու քաղաքականությամբ։ Արդեն խոսակցություններ կան, որ ցանկանում են սահմանադրական փոփոխություններ իրականացնել, իսկ դա առանց իշխանահաճո ՍԴ-ի հնարավոր չէ։ Դրա համար էլ փորձում են Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնել՝ Սահմանադրության կոպիտ խախտմամբ, որպեսզի հետագայում կարողանան հեշտ որոշումներ դակել ինչպես ներքին քաղաքական հարցերի, այնպես էլ Արցախի հիմնախնդրի առնչությամբ։ Ի դեպ, Արցախի հարցում շատ են ասում, թե հանրաքվեի կդրվի այս կամ այն որոշումը, այսինքն՝ պատասխանատվությունը ժողովրդի վրա կգցեն, իսկ հանրաքվեի հետ կապված հարցերը ՍԴ-ի ներքո հայտնվող գործընթացներ են։ Այս առումով նրանց պետք է և՛ հլու հնազանդ, և՛ քիրվայական գաղափարախոսությամբ ապրող ՍԴ։ Վահե Գրիգորյանն այն մարդն է, որը Լևոն Տեր-Պետրոսյանի մտածողությունը կրողներից է, եղել է ՀԱԿ-ի փաստաբանը, ըստ էության, քաղաքական գործունեությամբ է զբաղվում ՍԴ դատավորի կարգավիճակով, որը ի դեպ, ՍԴ համապատասխան հոդվածի համաձայն, չի թույլատրվում և անգամ նրան կարող են հեռացնել այդ կարգավիճակից, քանի որ բացահայտ զբաղված է պոպուլիզմով և քաղաքական գործունեությամբ։ Մեծ հաշվով՝ և՛ Քոչարյանի կալանավորումը, և՛ դատական իշխանության հանդեպ հարձակումները, և՛ ՍԴ-ի բռնազավթման փորձը, տեղավորվում են մեկ բանաձևի մեջ՝ շտապողական քաղաքականություն։

-Ինչո՞ւ են շտապում։

-Որովհետև Արցախի հիմնախնդրի հետ կապված արտաքին մոդերատորներն ակնհայտորեն ճնշում են։ Շտապեցնում է Բոլթոնը։ Պատահական չէ, որ Վաշինգտոնում Մամեդյարով-Մնացականյան հանդիպման առնչությամբ Ադրբեջանում շատ հիացական գնահատականներ և մեծ սպասումներ կան Բոլթոնի հովանու ներքո կայացած այդ հանդիպումից։

-Այդ հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ իրենց փաստաթուղթ է ներկայացվել։

-Հայկական կողմը դա հերքեց, սակայն ոչ մի արձագանքի չեղավ համանախագահների կողմից։ Տեղեկատվական արտահոսքով Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, թե ինչ է կատարվում հակամարտության շուրջ։ Նաև Նիկոլ Փաշինյանին թույլ չտալ, որ իր խոստումներից հետ կանգնի։ Իսկ որ Փաշինյանն ինչ-որ բան խոստացել է, ակնհայտ է։ Ճիշտ է, նա փորձում է իր վրայից պատասխանատվությունը գցել ու պայմաններ առաջ քաշել։

-Ի՞նչ պայմանների մասին է խոսքը։

-Դրանք վերաբերում են, նախ, Արցախում խամաճիկային իշխանություն ձևավորելուն։ Չեմ բացառում, որ Երևանից փորձ կարվի Արցախում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել, այսինքն, արագացնել իշխանափոխությունը։ Եթե սա իրագործվի, նշանակում է Հայաստանը ամբողջովին մտել է Բոլթոնի պլանի մեջ։

-Այս ամենը կանխող ուժեր Հայաստանում չկա՞ն, որ թույլ չտան դրսի ուժերի ծրագրերն իրականան։

-Բոլոր քաղաքական ուժերի առողջ հատվածը, մտահոգ քաղաքացիներից ամեն մեկն իր գործն անում է։ Առանց լուրջ դիմադրության հնարավոր չէ այդ ամենը կյանքի կոչել։ Այդ դիմադրության բանաձևը կոչվում է «Կոնսենսուս-1», ինչը նշանակում է հանրային լայն համախմբում իրականացնել և դրանից դուրս թողնել գործող իշխանությանը։

-Նշեցիք, որ իշխանությունը ցանկանում է սահմանադրական փոփոխություններ անել, որպեսզի երկարաձգի իր կյանքը, բայց հանրային տրամադրություններն այն չեն, ինչ մեկ տարի առաջ։ Ինչպե՞ս են հասնելու դրան, եթե չունեն հանրային նախկին վստահությունը։

-Իրենք էլ են տեսնում, որ վարկանիշը նվազում է։ Եթե հասարակական-քաղաքական դիմադրություն չլինի, կարող են իրենց նպատակին հասնել, բայց դիմադրությունը կա ու կլինի, որովհետև այդ ամենն ապօրինի քայլերի միջոցով են փորձում անել։ Ըստ էության, այս իշխանությունը վերադարձել է մինչ 1998-ի իշխանության կոնցեպտին՝ և՛ Արցախի, և՛ ներքաղաքական հարցերում, և՛ կառավարման ոճով։ Ամեն ինչ հիշեցնում է 90-ականները։ Հասարակությանը խաբել են, թե նոր Հայաստան են կառուցում, իրենք հնագույն Հայաստանի «ռազբորկաներով» և վրեժխնդրություններով են զբաղված։ Եվ ամենակարևորը` «Սերգո ջանի» լավ ապրելու բանաձևի կյանքի կոչմամբ են զբաղված։ Ճիշտ է, այս ամենն արվում է թաքուն, ավելի խորամանկ, դեմագոգիկ տեխնոլոգիաներով, ավելի ռազմահայրենասիրական հռետորաբանությամբ, ավելի ցինիկ ու փարիսեցիաբար, քան Տեր-Պետրոսյանն էր փորձում 90-ականներին անել։ Բովանդակային առումով ՀՀՇ իշխանության ռեինկառնացիա է տեղի ունենում, տերպետրոսյանական իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով, որի անդամներն ավելի դատարկ են, անգաղափար, անկանխատեսելի և ցնցումածին։

-Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարում է, թե ժողովրդի թիկունքում գործարքների չի գնա, մինչդեռ Ձեր գնահատականները հակառակն են փաստում։ Ինչպե՞ս կկարողանա հասարակությանը համոզել, որ Բոլթոնի պլանը մեզ հարկավոր է։

-Մարդուն պետք է գնահատականներ տալ որոշ դեպքեր, գործողություններ հաշվի առնելով։ Այս իշխանության բնութագրիչ հատկությունը ստախոսությունն է։ Բազմիցս ենք դրանում համոզվել, լկտի ձևով ստում են, նույնիսկ ամենափոքր հարցերում են խաբում։ Հայտարարում էին, թե Արցախի հարցով չեն բանակցում, պարզվում է, բանակցում են, չնայած փորձում էին անունը դնել շփում, հանդիպում, բայց իրականում բանակցային գործընթաց է ընթանում։ Հիմա մտել են բովանդակային բանակցությունների դաշտ։ Ասում էին, թե Արցախը մինչև բանակցություններին չմասնակցի, իրենք չեն մասնակցի։ Արցախն այսօր ավելի հեռու է բանակցային սեղանից, ընդհանրապես գործընթացից, քան եղել է երբևէ։ Հայաստանն այսօր մի կողմից հայտարարում է, թե արցախցիներին չի ներկայացնում, չի կարող նրանց անունից հանդես գալ (սա, իհարկե, պատասխանատվությունից խուսափելու համար է արվում), մյուս կողմից այնպիսի կոպիտ, լկտի, անթույլատրելի միջամտություն է իրականացնում Արցախի ներքին կյանքում, որ ոչնչացնում է Արցախի սուբյեկտայնության հնարավորությունը։ Միջազգային հանրությունն իրավունք է ստանում ասելու` դու ամբողջովին տիրապետում ես Ղարաբաղի գործերին, այն, ըստ էության, քո մարզն է, ուրեմն ինքդ էլ որոշում կայացրու։ Սրանից հետո գալիս է հաջորդ պատասխանատվությունից խուսափելու ձևը, երբ հայտարարվում է, որ Արցախի հարցում որոշումը դրվելու է հանրաքվեի։ Այս իշխանությունն իր համար բեռ է համարում Արցախի խնդիրը և դրանից ձերբազատումը տեսնում է Տեր-Պետրոսյանի փուլային տարբերակով։ Կան դետալներ, որոնք բանակցվում են Բոլթոնի պլանով, որոնք շատ ավելի վատն են, քան փուլային տարբերակը։ Այդ պլանը նախատեսում է բաց կոմունիկացիաներ և փողի խոստում՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու դիմաց։

-Այսինքն՝ Արցախը վաճառքի՞ է դրված։

-Խնդիրը վաճառելը չէ, այլ այսպես ասած, տնտեսական օգնությունն է, որի մասին Բոլթոնը խոսեց Ալիև-Փաշինյան դավոսյան հանդիպումից հետո։ Երբ մի պահ Հայաստանի իշխանությունները փորձեցին սառեցնել այդ գործընթացը, անմիջապես հայտարարությամբ հանդես եկավ Սորոսը և ասաց, թե պետք է աջակցել Հայաստանին՝ ժողովրդավարական փոփոխություններ իրականացնելու համար։ Թե ինչ նկատի ուներ այդ փոփոխությամբ, տեսանք դատարանների հետ տեղի ունեցածից։ Իրականում, երբ նրանք ասում են, թե աջակցում են ժողովրդավարության զարգացմանը, նկատի ունեն, որ աջակցում են մեկ մարդու, որն իր բռի մեջ կհավաքի գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները, որ առանց որևէ խոչընդոտի իրականացնի նրանց աշխարհաքաղաքական ծրագրերը։ Չմոռանանք` երբ Բոլթոնը Հայաստանում էր, հայտարարեց, որ հնարավոր է Իրանի հետ սահմանը փակվի, պետք է ազատվել պատմական կաղապարներից, հետո սկսեցին խաղաղության քարոզ անել։ Այն հակառուսական հիստերիան, որ հիմա էլ կա, նույնպես Բոլթոնի պլանի մեջ է մտնում։ Այդ հիստերիան իրականացվում է իշխանության առաջին դեմքի մակարդակով։ Սրանք բոլշևիկների պես են իրենց պահում, Արցախի ազգային ազատագրական պատերազմը ցանկանում են փոխակերպել քաղաքացիական պատերազմի։ Սա ագրեսիվ փոքրամասնության իշխանություն է, որի ձեռքում հայտնվել են լծակներ, ինչը շատ ավելի վտանգավոր է դարձել, քան կարելի էր պատկերացնել։ Այս իշխանությունը մսխել է հեղափոխության արդյունքները, խաբել է ժողովրդին, անկարող է որևէ դրական արդյունք ապահովել և պետք է իր տեղը զիջի «կոնսենսուս-1» մոդելի շրջանակում ձևավորված ուժերին։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Այս խորագրի վերջին նյութերը