Քաղաքական

27.06.2019 15:35


Նախարարը դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չի տեսնում (տեսանյութ)

Նախարարը դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չի տեսնում (տեսանյութ)

Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքները քննած դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որեւէ հիմք չի տեսնում։ Այս մասին այսօր՝ հունիսի 27–ին, կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նախարարը՝ անդրադառնալով դատավոր Դանիելյանի կողմից առանց պաշտպանական կողմի առարկությունը լսելու դատական ակտ կայացնելու վերաբերյալ հարցին։

«Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ են դատական օրենսգրքով սահմանված առիթներ։ Ես որեւէ հիմք չեմ տեսնում կարգապահական վարույթ սկսելու»,–ասաց նա՝ նշելով, ոչ ճիշտ չէ իր կողմից դատավորի վարքագիծը ճիշտ կամ սխալ որակելը։

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։ 5 օր անց Դանիելյանը որոշեց կալանավորել Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։

Դիտարկմաը, որ, ըստ իր ընդդիմախոսների՝ իր նշանակումը տեղի է ունեցել «Սորոս»–ի հիմնադրամի Հայաստանի հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանի միջնորդությամբ, նախարարն արձագանքել է.

«Երբ ասում են՝ «Սորոս»–ի հետ կապեր՝ ես չեմ հասկանում՝ դա ինչն է։ Ձեր նշած անձին երբեք չեմ հանդիպել, չեմ ճանաչել, ծանոթ չեմ, այսինքն՝ կարծում եմ՝ ընդամենը շահարկումներ են, որոնց նպատակները շատ տարբեր կարող են լինել, բայց ինձ չեն հետաքրքրում»։

Անդրադառնալով առանց մեղադրական դատական վճռի՝ գույքի բռնագանձման նախագծին՝ Բադասյանը նշել է, որ այն արդեն պատրաստ է, հիմա միջազգային փորձաքննության փուլում է, ԵԽ կողմից փորձագիտական միջանկյալ կարծիք արդեն ստացվել է։

Ըստ նախարարի՝ այս գործընթացը չի կարող վնասել ներդրումային միջավայրին. «Ծիծաղելի է, եւ առհասարակ այն շահարկումները, որ սա ուղղված է հարուստ մարդկանց դեմ, եւս զավեշտների շարքից է։ Սա հարուստ մարդկանց դեմ ուղղված չի կարող լինել»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ օրենքում շատ խիստ դրված է բարեխիղճ ձեռքբերողի ինստիտուտը, որպեսզի ցանկացած գույքի բարեխիղճ ձեռքբերող չտուժի։ Եթե անգամ տվյալ գույքն ինչ-որ շրջանում եղել է ապօրինի, նույնիսկ այդ դեպքում բարեխիղճ ձեռքբերողից չի բռնագանձվի։

Հարցին, թե ինչպես է, ի վերջո, ապացուցվելու՝ մարդն անօրինական է ձեռք բերել գույքը, թե ոչ, նախարարն ասաց. «Այդ մեխանիզմները դրված են օրենքում»։

Հարցին, թե դատախազությո՞ւնն է որոշելու՝ մարդու գույքը օրինական է, թե ոչ, Բադասյանը պատասխանեց, որ իրավասու մարմնի հարցն են լուծում։

«Որոշվելու է դատարանի վճռով, ընտրված չէ դեռ դատարանը։ Եկեք մեկընդմիշտ ֆիքսենք՝ քանի որ դատավճիռը քրեական գործերին է վերաբերում, այս առանց դատավճռի տերմինը նշանակում է, որ անձի մեղավորությունը քրեական դատավարության կարգով հաստատված լինելուն է վերաբերում, ոչ թե նրան, որ ՀՀ-ում հնարավոր է երբևէ որևէ մեկի սեփականության իրավունքին միջամտել առանց դատարանի»։

Նախարարն ասաց, որ այս գործերով հարցը ներկայացվելու է ոչ թե անձի, այլ գույքի դեմ. «Դատարանում որպես պատասխանող հանդես է գալու ցանկացած անձ, ով կարծում է, որ այդ գույքի հետ կապված իրավունք կա։ Այսինքն՝ այս դեպքում ոչ թե սահմանվում է պատճառահետևանքային կապ արարքի և հետևանքի միջև, այլ բարձրացվում է գույքի օրինականության ծագման հարցը»։

Ինչ վերաբերում է բանակում ծառայելու հարցին, ապա, նախարարը նշեց, որ առողջական խնդիրներ է ունեցել թենիս խաղալու հետեւանքով. «Հիվանդությունն առաջացել է հենց թենիս խաղալու պատճառով, հայտնի տարբերակներից մեկն է, երբ որ, իհարկե, ես միանշանակ չեմ կարող ասել, որովհետեւ գիտությունը դեռ չի պարզել՝ սկոլիոզ հիվանդությունը ինչ պատճառներով է առաջանում, բայց պատճառներից մեկը վոլեյբոլ, թենիս, բասկետբոլ, սքվոշ եւ նմանատիվ սպորտային ձեւերով զբաղվելուց է առաջանում։ Բայց ես հիմա էլ եմ սքվոշ խաղում»։

Նա նաեւ հերքեց լուրերը, որ իր՝ ուժային կառույցներում բարձրաստիճան պաշտոն զբաղեցբող հայրը որեւէ կերպ աջարկցել է իր կարիերայի առաջխաղացմանը. «Հայրս որեւէ բարձրաստիճան պաշտոն չի զբաղեցրել, երբ ես ընդունվում է ԵՊՀ, այն տեղեկությունը, որ նա եղել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ իմ ուսանողության տարիներն ավարտվելուց հետո է ինքը նշանակվել, որեւէ ազդեցություն, բնականաբար, չի ունեցել»։

Խոսելով վեթինգի մասին՝ նախարարն ընդգծել է՝ նախագծի հետ կապված որեւէ կոնցեպտուալ մոտեցում, փաստաթուղթ ոչ կառավարությունում, ոչ ԱԺ–ում այս պահին չկա։

«Մենք նոր սկսում ենք աշխատանքները, հայեցակարգային մոտեցումները մշակելով, եւ դրանից բխող օրենսդրական փոփոխություններով»,– նշեց նախարարը։

Դիտարկմանը, որ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավարի կարծիքով՝ վեթինգով պետք է զբաղվեն ԲԴԽ–ն եւ նոր ստեղծվելիք կոռուպցիայի դեմ նոր ստեղծվելիք կառույցը. «Վեթինգի մասով ես հայեցակարգ եւ հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների ծրագիր չեմ տեսել, եւ չկա։ Կա կարգապահականի նոր հիմքեր սահմանելու ցանկություն, եւ այդ նոր հիմքերով պետք է զբաղվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որից հետո քննարկվի ԲԴԽ–ում։ Նախագծի հայեցակարգային կետերի մասին բան չեմ կարող ասել, քանի որ մշակման փուլում են եւ պետք է քննարկենք շահագրգիռ բոլոր կողերի հետ։ Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պրոցեսը պետք է քննարկվի ԲԴԽ–ում»։

Այս խորագրի վերջին նյութերը