Լրահոս

26.06.2019 17:50


Բնակիչներն, ի նշան բողոքի, աղբամաններով ու քարերով փակել էին Երևանի Գլինկա փողոցը (տեսանյութ)

Բնակիչներն, ի նշան բողոքի, աղբամաններով ու քարերով փակել էին Երևանի Գլինկա փողոցը (տեսանյութ)

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Գլինկա փողոցի բնակիչները աղբամաններով ու քարերով փակել էին փողոցն ու պահանջում էին Գլինկա փողոցում կառուցել արհեստական անհարթություն ու տեղադրել արագաչափ: Բնակիչներից մեկի խոսքով՝ մեքենաներն այս փողոցով սլանում են բարձր արագությամբ. արդեն իսկ մի քանի անգամ վրաերթ են արել բնակիչներից մի քանիսին, լինում են նաև մեծ թվով վթարներ: Վերջին դեպքը երեկ էր:

«Աղբամանը դիմացի մայթին է, չենք կարողանում, վախենում ենք անցնել, թափել աղբը: Քանի անգամ ես ինքս վրաերթի ենթարկվելուց եմ խուսափել: Ինչքա՞ն կարելի է, ես ի վիճակի չեմ վազելով անցնել փողոցը: Ամեն վայրկյան մեքենաները մեզ կարող են վրաերթի ենթարկել: Կարելի է, չէ՞, մեր մասին հոգալ: Մենք ուզում ենք, որ արհեստական անհարթության միջոցով դանդաղեցնեն երթևեկությունը և արագաչափ տեղադրեն, քանի որ այս փողոցում ոչ ոք սահմանված արագությունը չի պահպանում»,-ասաց բնակիչներից մեկը:

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ 3 տարիների ընթացքում բազմիցս դիմել են պատկան մարմիններին, Երևանի քաղաքապետարանին: Հեղափոխությունից հետո ևս դիմել են քաղաքապետարանի համապատասխան վարչություն, սակայն նրանց պատասխանել են, որ նպատակահարմար չեն գտնում այդ հատվածում արհեստական անհարթություն կառուցել:

Նշենք, որ բողոքի ակցիայի ընթացքում թե՛ ոստիկանությունից, թե՛ քաղաքապետարանից և թե՛ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարությունից որևէ մեկը չհանդիպեց բողոքի ցույց իրականացնողներին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը