Հարցազրույց

09.04.2010 13:58


Երվանդ Բոզոյան

Երվանդ Բոզոյան

Հարցազրույց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ

-Ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել առաջիկայում Վաշինգտոնում կայանալիք Սարգսյան-Էրդողան հանդիպումից, առավել ևս, որ արդեն լուրեր են շրջանառվում, թե այնտեղ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացման վերաբերյալ ճանապարհային քարտեզ է ստորագրվելու։

-Անկեղծ ասած՝ ես չեմ հավատում, որ այդպիսի քարտեզ կարող է ստորագրվել. դա, այնուամենայնիվ, թուրքական կողմի ցանկությունն է։ Քանի որ պետք է հանդիպեն Ռեջեփ Էրդողանն ու Սերժ Սարգսյանը, դրանք Միացյալ Նահանգների ջանքերն են, որովհետև ԱՄՆ-ը շահագրգռված է, որպեսզի այս գործընթացը կանգ չառնի և շարունակվի։ Այս գործընթացում շահագրգռված է նաև Թուրքիան, որովհետև վերջինի համար այս արձանագրություններն ուղղակի փայլուն տարբերակ են (ըստ էության, նրանք ուզում են առավելագույնը ձեռք բերել)։ Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա իշխանությունները հասկացել են, որ այս արձանագրությունների պարագայում իրենք թակարդի մեջ են հայտնվել, սակայն այլ ելք չունեն. ճնշումները բավական մեծ կլինեն, և կարծում եմ, որ գոնե ֆորմալ իմաստով հայկական կողմը կպահպանի իր դեմքն ու կփորձի, այնուամենայնիվ, այնպես անել, որ այս արձանագրությունները ֆորմալ իմաստով փակուղի չմտնեն։

-Այդուհանդերձ, հայ-թուրքական արձանագրությունների ու Լեռնային Ղարաբաղի հարցերի հետագա ճակատագրերը Դուք ինչպե՞ս եք տեսնում։

-Կարծում եմ, որ հայկական կողմն այստեղ ուղղակի զիջման ռեսուրս չունի. հնարավոր չէ այստեղ որևէ զիջման գնալ, բայց եթե հայկական կողմը հանկարծ համաձայնի դրան, ապա կարծում եմ, որ Հայաստանում կառաջանա ֆորսմաժորային իրավիճակ։ Այդ իսկ պատճառով էլ ես այն կարծիքին եմ, որ իշխանությունն, այնուամենայնիվ, այդպիսի քայլերի չի գնա։

-Տիտղոսային ընդդիմություն համարվող ընդդիմության գաղափարները հիմնականում չեն տարբերվում իշխանության գաղափարներից։ Նաև դա է պատճառը, որ նոր ուժի պահանջարկի մասին խոսակցություններն ակտիվացել են։ Դրանք պարզապես խոսակցություննե՞ր են, թե՞ իրոք այդ անհրաժեշտությունը կա Հայաստանում։

-Դրա պահանջն արդեն ուղղակի կենսական անհրաժեշտություն է, որովհետև Հայաստանում այս ճգնաժամից դուրս գալու համար իսկապես նոր քաղաքական վերնախավ է պետք, նոր մարդիկ են պետք, որովհետև այն խնդիրները, որոնք ծառացել են Հայաստանի առջև (նկատի ունեմ կլանաօլիգարխիկ համակարգի, ժամանակակից տնտեսական և քաղաքական համակարգի վերափոխումն ազգային, պետական խնդիրների լուծման ուղիների տարբերակով)։ Այն էլիտաները, որոնք կան այսօր, ուղղակի ի վիճակի չեն դրանք լուծել, նոր լուծումներ տալ։ Ինձ համար դա ակնհայտ է։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը