Աշխարհ

22.06.2019 11:40


Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում երթևեկությունը վերականգնվել է. ցուցարարները խոստանում են այսօր երեկոյան նոր ակցիա անցկացնել

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում երթևեկությունը վերականգնվել է. ցուցարարները խոստանում են այսօր երեկոյան նոր ակցիա անցկացնել

Թբիլիսիի Ռուսթավելի գլխավոր պողոտայում երեկվա ցույցերից հետո երթևեկությունը վերականգնվել է, հաղորդում է ria.ru-ն։

Պողոտայի տարածքը քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կարգի է բերվել։

Երեկվա ցույցերից հետո Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց դեռևս մի քանի ցուցարարներ կան, սակայն իրավիճակը հանգիստ է։

«ՆԳ նախարարի հրաժարականի և ձերբակալված ցուցարարների ազատ արձակման պահանջով ակցիան կշարունակվի այսօր երեկոյան»,- գործակալության հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ Վրաստանում հինգշաբթի և ուրբաթ բողոքի ցույցեր են ընթացել. ընդդիմադիրները պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում: Զանգվածային ցույցերը մեկնարկել էին Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական նիստում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնելուց և այդտեղից ելույթ ունենալուց հետո:

Ավելի ուշ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ էր անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը:

Այս իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Այս մասին ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգության նկատառումներով և գործելու է ժամանակավոր:

Սույն հրամանագրով տուրօպերատորներին խորհուրդ է տրվում արգելքի գործողության ժամանակահատվածում ուղեգրեր չվաճառել դեպի Վրաստան։ Այն նաև կառավարությանը կարգադրում է Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներն օգնել, որպեսզի վերադառնան Ռուսաստան։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը