Աշխարհ

22.06.2019 11:35


Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների վերաբերյալ քննարկում է ունեցել արևմտյան երկրների դեսպանների հետ

Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների վերաբերյալ քննարկում է ունեցել արևմտյան երկրների դեսպանների հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է դիվանագիտական մարմինների ներկայացուցիչների հետ և քննարկել է Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով նախագահի մամլո ծառայությանը:

Նշվում է, որ ներկա են եղել ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարն ու ԵՄ ներկայացուցչության ղեկավարը, ինչպես նաև Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Բուլղարիայի, Էստոնիայի և Լիտվայի դեսպանները:

«Հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահը հայտարարել է, որ իրավիճակը հարթելու համար պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ապակայունացման կոչեր չեն անում»,- գրված է հայտարարությունում:

«Ելնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակից՝ Վրաստանը կայունության օջախ է հանդիսանում: Բնականաբար, բարդ չէ գլխի ընկնելը, թե ում է ձեռնտու իրադարձությունների լարված ընթացքն ու ապակայունացումը»,- ասել է Զուրաբիշվիլին:

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ էր անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը:

Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ցույցեր են ընթանում. ընդդիմադիրները պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում: Զանգվածային ցույցերը մեկնարկել էին Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական նիստում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալուց հետո:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը