Քաղաքական

21.06.2019 20:00


«Մինսկի խմբի կոչը՝ զերծ մնալ ինժեներական աշխատանքներ իրականացնելուց, ուշացած է». Դավիթ Բաբայան

«Մինսկի խմբի կոչը՝ զերծ մնալ ինժեներական աշխատանքներ իրականացնելուց, ուշացած է». Դավիթ Բաբայան

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Մինսկի խմբի տարածած հայտարարությանը, նկատեց՝ նման հայտարարությունը սպասելի էր, քանի որ երևում է, որ հիմնական շեշտը շարունակում է դրվել կայունության և խաղաղության պահպանման վրա։

«Այն, որ նման հանդիպումները կարևորվել են, և դրա շարունակականությունը ևս կապահովվի՝ դրական է»,- ասաց Դ. Բաբայանը։

Հարցին՝ Մինսկի խումբը ողջունել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև եղած ուղիղ կապը և հորդորել այն օգտագործել՝ լարվածությունը նվազեցնելու համար, Ադրբեջանի դեպքում հնարավո՞ր է նման կապով պահպանել սահմանային կայունությունը, կամ` այսքան ժամանակ այդ կապն օգնե՞լ է, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ ընդհանուր առմամբ դա կարևոր է, որն ինչ-որ տեղ ունի իր տեխնիկական և քաղաքական նշանակությունը։

«Քաղաքական նշանակություն ունի այն առումով, որ, եթե կա ուղիղ կապ, հետևաբար՝ պետք է լինեն նաև որոշ պարտավորություններ զինադադարի ռեժիմը պահպանելու վերաբերյալ։ Տեխնիկական, եթե ինչ-որ բան լինի ճշտելու, շտկելու, ապա անմիջապես կարողանան միմյանց հետ կապ հաստատել։ Սակայն Ադրբեջանն այն երկիրն է, որից պետք է սպասել ամեն ինչ՝ անգամ ամենաանկանխատեսելի իրավիճակում և անսպասելի պահերին»,-շեշտեց Դավիթ Բաբայանը։

Հաջորդ հարցին՝ այս հանդիպման ընթացքում ևս չի հիշատակվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, արդյոք անտեսելով այդ պայմանավորվածությունները՝ Ադրբեջանին գործելու լայն հնարավորություններ չի՞ տրվում, Դավիթ Բաբայանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ սա Ադրբեջանի պահվածքի հետևանք է, քանի որ այդ պայմանավորվածությունների մեջ կան որոշ հստակ քայլեր, որոնք պետք է իրականացնի Ադրբեջանը, սակայն վերջինս պատրաստ չէ։ Ադրբեջանն ըստ ամենայնի խոչընդոտում է որևէ շոշափելի քայլի իրականացմանը, որը թույլ կտա անմիջապես վերահսկել, թե ով է խախտում սահմանային հրադադարը։ Հասկանալի պատճառով Մինսկի խումբը չի ցանկանում իրավիճակն է՛լ ավելի բարդացնել, պարզապես ցանկանում է շարունակել պահպանել զինադադարի ռեժիմը, խաղաղությունն ու կայունությունը՝ այդ բարդ ու կարևոր պայմանավորվածությունների կյանքի կոչելը թողնելով ինչ-որ տեղ ապագայի համար։ Իհարկե, այս ամենը մեծ հնարավորություն է Ադրբեջանի համար՝ ինժեներական աշխատանքները և տարբեր այլ քայլեր…»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի կոչին՝ զերծ մնալ ինժեներական աշխատանքներ իրականացնելուց, Դավիթ Բաբայանն ասաց, որ այդ կոչն ուշացած է, սակայն ավելի լավ է ուշ, քան երբեք։

Այս խորագրի վերջին նյութերը