Քաղաքական

21.06.2019 19:10

Խորացող սահմանադրական ճգնաժամի ողջ պատասխանատվությունը կրում է իշխող քաղաքական մեծամասնությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը. ՀՀԿ

Խորացող սահմանադրական ճգնաժամի ողջ պատասխանատվությունը կրում է իշխող քաղաքական մեծամասնությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը. ՀՀԿ

Վահե Գրիգորյանը, Ազգային ժողովի կողմից ընտրվելով ՍԴ դատավոր, Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն 2019թ հունիսի 20-ին տվեց երդում, որի ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները:

Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանի նախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի փոխնախագահը:

Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի` տարիքով ավագ դատավորը:

ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը (ՀՀ նախագահի կողմից իր պարտավորությունների ստանձման օրը՝ 2018 թ․ ապրիլի 9-ը) նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Սահմանադրական դատարանի նախագահի մասով անգամ ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի նեղ և գերտառացի մեկնաբանության ժամանակ ակնհայտ է դառնում, որ Հրայր Թովմասյանը, ով ՍԴ նախագահ է ընտրվել 2018 թ․ մարտի 21-ին, պետք է «շարունակի պաշտոնավարել մինչև իր լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»:

Սակայն նույնը վերաբերում է նաև Սահմանադրական դատարանի մյուս անդամներին: Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամները շարունակում են պաշտոնավարել 2005 թ․փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը և տվյալ դեպքում սահմանադիրը ՍԴ անդամի և ՍԴ դատավորի միջև չի դիտարկում որևիցե տարբերություն։

Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` թե՛ Սահմանադրական դատարանի անդամի, թե՛ սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները նույն են` Սահմանադրական դատարանի կազմում իրականացնել սահմանադրական արդարադատություն:

Ըստ ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի`Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը:

Եթե Վ. Գրիգորյանի մեկնաբաբնությունը ճիշտ լիներ, ապա դա կնշանակեր, որ 2018 թ. ապրիլի 9-ից Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների տեղերը թափուր են և թե՛ Հանրապետության նախագահը, թե՛ դատավորների ընդհանուր ժողովը և թե՛ Կառավարությունը պետք է անմիջապես ձեռնամուխ լինեին երեքական դատավորի թեկնածու առաջադրելուն: Սակայն ակնհայտ է, որ այդպես չէր, քանի որ որևէ մեկի մտքով անգամ չէր անցնում նման անհեթեթ ձևով մեկնաբանել Սահմանդրությունը: Սակայն քաղաքական իրողությունները թերևս թելադրեցին ոմանց, որ պահը եկել է Սահմանադրության նոր ձևախեղման:

Ավելին, Վ․ Գրիգորյանի կողմից նշված փաստարկների տրամաբանությունից ելնելով՝ պետք է հանգենք այն աբսուրդ եզրակացության, որ Հայաստանում գործում են երկու Սահմանադրական դատարան. մեկում պաշտոնավարում են ՍԴ անդամները, իսկ մյուսում՝ ՍԴ դատավորները։ Իրավունքում կա տրամաբանական եզրահանգման ձև, որը կոչվում է reductio ad absurdum: Եթե նորմի որևէ մեկնաբանություն արդյունքում հանգեցնում է աբսուրդի (օրինակ` երկու ՍԴ ունենալ), ապա նորմի այդ մեկնաբանությունը չի կարող ընդունելի լինել:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է.

Նշված զարգացումները երկրում սահմանադրականությունը խարխլելու գործող իշխանությունների ջանքերի և դատական համակարգի հանդեպ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեռևս մայիսին սկսված հարձակումների շարունակությունն են:

Հայաստանում խորացող սահմանադրական ճգնաժամի համար ողջ պատասխանատվությունը կրում է իշխող քաղաքական մեծամասնությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը:

Մենք շարունակելու ենք հետևողական պայքարը երկրում Սահմանադրության և օրինականության պահպանման ուղղությամբ՝ ինչպես Հայաստանի ներսում, այդպես էլ միջազգային հարթակներում:

ՀՀԿ Գործադիր մարմին

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։