Քաղաքական

21.06.2019 19:15


Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ

Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները 114 կողմ ձայնով Վիգեն Քոչարյանն ընտրեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ԱԺ նիստում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 119-ը: Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ՝ 114 քվեաթերթիկ, դեմ՝ 4»,-ասաց Հովակիմյանը:

Քոչարյանն իր նոր պաշտոնի լիազորությունները կստանձնի հունիսի 24-ին՝ Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո:

Վիգեն Քոչարյանը դատական համակարգում իսկապես տեսնում է արմատական փոփոխությունների, գործողություների կարիք, որոնք պետք է համապատասխանեն ոչ միայն Սահմանադրությանն ու օրենքներին, այլ նաև Հայաստանի՝ այս ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում իր թեկնածության քննարկմանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հետաքրքրեց, թե որպես ԲԴԽ անդամի թեկնածու Վիգեն Քոչարյանը վեթթինգի կիրառման մեթոդաբանության համար ինչ տեսլական ունի:

«Վեթթինգի գործընթացը ոչ միայն պետք է համապատասխանի սահմանադրությանն ու օրենքներին, այլ նաև ՀՀ-ի այս ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին: Եվ այս առումով կարող ենք ասել, որ միջազգային ատյանները վեթթինգի հետ կապված արդեն իսկ բավականին հետաքրքիր նախադեպային և փորձագիտական նյութ են կուտակել, որը, վստահ եմ, պետք է հաշվի առնվի՝ համապատասխան լուծումներ սահմանելիս»,-ասաց Քոչարյանը:

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը ևս հետաքրքրվեց վեթթինգի վերաբերյալ Քոչարյանի մոտեցմամբ:

Քոչարյանը նշեց, որ դատական իշխանությունում իսկապես անհրաժեշտ են արմատական լուծումներ: «Եվ երբ ասում ենք, որ դատական իշխանության նկատմամբ վստահության պակաս կա, ապա բոլորս նաև գիտակցում ենք, որ այդ վստահության պակասը չի վերաբերում դատարանների շենքերին, այլ վերաբերում է այն մարդկանց, որոնք համապատասխան լիազորություններն իրականացնում են: Եվ այդ խնդրի լուծման կարևորագույն գործիքներից մեկն էլ հենց հանդիսանում է վեթթինգը»,-նշեց նա:

Իսկ թե վեթթինգը կոնկրետ ինչ գործիքակազմով ու օրենսդրական լուծումներով կլինի՝ նա նշեց, որ դա ԲԽԴ անդամի թեկնածուի քննարկման խնդիրը չէ, որովհետև կարծում է, որ այդ հարցի լուծումը պետք է դրվի օրենսդրական դաշտում:

Այս խորագրի վերջին նյութերը