Աշխարհ

21.06.2019 18:55


1975-ին Սպահանում կառուցված Հայոց ցեղասպանության հուշարձանն անհանգստացրել է թուրք լրագրողին (լուսանկարներ)

1975-ին Սպահանում կառուցված Հայոց ցեղասպանության հուշարձանն անհանգստացրել է թուրք լրագրողին (լուսանկարներ)

Իրանի հայաշատ Սպահան քաղաքի Նոր Ջուղա թաղամասում է գտնվում հայ առաքելական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը հայտնի է նաև պարզապես Վանք անունով։ Այն կառուցվել է 1655 թվականին՝ Շահ Աբբաս II Սեֆիի օրոք։

Վանք այցելած թուրք լրագրող Էրեն Ֆըրաթը թուրքական «Aydınlık» թերթում հրատարակած իր հոդվածում երկար պատմում է Սպահանում հայերի դարավոր ներկայության, հայկական եկեղեցու հիմնման պատմության, ճարտարապետական մոտիվների ու առանձնահատկությունների մասին։

«Շահ Աբբասի ժամանակաշրջանում Արաքսի հարակից տարածքներից մեծ թվով քրիստոնյա հայեր տեղափոխվեցին Սպահան։ Նրանք այստեղ մի եկեղեցի են կառուցել, որն արտաքին տեսքով մզկիթի է նման։ Հայերը առևտրով են զբաղվել, հիմնականում մետաքսի առևտրով։ Այն ժամանակ Վիեննայում Իրանի դեսպանը հայ էր, ինչի շնորհիվ Վանքի որմնանկարների մեծ մասը հեղինակել են իտալացի վարպետները։ Հետևաբար դրանցում իտալական մոտիվներ էլ են օգտագործվել», - գրում է հոդվածի հեղինակը։

Վերջինս այնքան տպավորված է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շքեղությամբ, որ մեկ առ մեկ անդրադառնում է որմնանկարների ու քանդակների բովանդակությանը, դրանց ոճին, պատմությանը, առանձնահատկություններին։

Բայց եկեղեցու բակում կա մի հուշակոթող, որն «անհանգստացրել» է թուրք զբոսաշրջիկներին։ Խոսքը 1975թ․ կառուցված Հայոց ցեղասպանության հուշարձանի մասին է։ Հուշարձանը ներառում է Թուրքիայի քարտեզը, որի վրա ցուցադրված են Հայոց ցեղասպանության օջախները: Կա նաև փորագրություն. «Պահանջում ենք ճանաչել Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված անհերքելի Ցեղասպանությունը և պատասխանատվություն ստանձնել»:

Թուրք լրագրողը դժգոհություն է հայտնում այս կապակցությամբ՝ գրելով. «Այս կերպ նրանք պախարակում են Օսմանյան կայսրությունը։ Ավելի քան երեք միլիոն բնակչություն ունեցող Սպահանը Իրանի ամենահայաշատ քաղաքն է, իսկ Վանքը միևնույն ժամանակ հակաթուրքական թանգարան է»:

Հոդվածի հեղինակը կոչ է անում ակնարկ հղել «եղբայրական Իրանին» այն մասին, որ նման կառույցն աննպատակահարմար է:







Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը