Քաղաքական

21.06.2019 14:50


Ինչու ոստիկանները թույլ չեն տալիս ակցիա անել «Բաց հասարակության հիմնադրամների» շենքի մոտ. պարզաբանում է Օսիպյանը (տեսանյութ)

Ինչու ոստիկանները թույլ չեն տալիս ակցիա անել «Բաց հասարակության հիմնադրամների» շենքի մոտ. պարզաբանում է Օսիպյանը (տեսանյութ)

Վերջին ժամանակներում ոստիկանությունը գերազանց է կատարում իր պարտականությունները: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, Ոստիկանության զորքերի օրվա առթիվ միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Թող այն քաղաքացիները, եթե այդպիսիք կան, չփորձեն ՀՀ-ում օրենքից դուրս որեւէ գործողություններ անել, կամ փորձեն ինքնահաստատվել: Նրանք կարժանանան ոստիկանության շատ կոշտ հակահարվածի՝ օրենքի սահմաններում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ «Ադեկվադ» շարժման անդամների սեւազգեստների խումբը ակցիաներ է անում, եւ ոստիկանությունն առանց պատճառի նրանց բերման է ենթարկում, եւ կա տեսակետ, որ ոստիկանությունը փորձում է նրանց արհեստականորեն հայտնի դարձնել, Օսիպյանն արձագանքեց. «Ես չգիտեմ՝ ում մասին է խոսքը: Չեմ կարծում, որ դա կապված է նրանց սեւ հագուստ կրելու հետ: Հենց այնպես բերման չեն ենթարկում, դա իրականությանը չի համապատասխանում: Ոստիկանությունը բացառապես առաջնորդվում է օրենքներով, եւ ինչ էլ արել ենք, արել ենք օրենքի սահմաններում:

Ենթադրյալ հանցագործություն կատարողին կամ իրավախախտում կատարողին բերման ենթարկելով նրան հանրաճանաչելի՞ ենք դարձնում: Ձեր ասածից դուրս է գալիս, որ որեւէ մեկին չպե՞տք է բերման ենթարկենք: Բերման ենք ենթարկել, բերման ենք ենթարկելու նրանց, որոնք փորձեն կարգ խախտել ՀՀ-ում, էլ չեմ ասում հանցագործություն կատարելու համար»:

Հարցին, թե այս ընթացքում քանի սեւազգեստ մարդ են բերման ենթարկել, ոստիկանապետը նշեց. «Բերման ենթարկելը կամ հասարակական կարգը պահպանելը կապված չէ հագուստի գույնի հետ: Մենք առաջնորդվում ենք օրենքով եւ բացառապես օրենքով են բերման ենթարկվում: Թիվը չեմ կարող ասել:

Ոստիկանության գործառույթը միայն այն չէ, որ նկատենք ու կարգի հրավիրենք: Ոստիկանությունն ունի կանխարգելիչ աշխատանք իրականացնելու գործառույթ, որը այս շրջանում եւ մշտապես իրականացնում ենք»:

Նա նաև հավելել է՝ յուրաքանչյուր գրասենյակ, յուրաքանչյուր կազմակերպություն, գերատեսչություն ունի մուտք եւ ելք, որեւէ մեկն իրավունք չունի սահմանափակել ցանկացած քաղաքացու ազատ տեղաշարժը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ոստիկանները թույլ չեն տալիս, որ «Վետո» շարժման անդամները բողոքի ակցիա իրականացնեն «Բաց հասարակության հիմնադրամների» շենքի դիմաց:

«Մենք առաջնորդվում ենք ոչ թե մարդկանց քանակով, այլ նույնիսկ մեկ անձը մարդ է, որի համար պարտավոր ենք ծառայություն մատուցել»,-ասաց Օսիպյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչու թույլ տվեցին արգելափակել դատարանների դռները, նա նշեց, որ արդեն այդ հարցին մի քանի անգամ պատասխանել է:

Օսիպյանի խոսքով՝ ուժեղացված ծառայությունը Երեւանում եւ մարզերում շարունակվելու է. այսուհետ դա մեր առօրյան է լինելու:

«Մենք ոչ ենք ասելու օրինախախտին ու հանցագործին: Ինչ-որ տեղ կարող ենք հանդուրժող լինել այն քաղաքացիների հանդեպ, որոնք վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նախատեսված խախտումներ են թույլ տալիս: ՀՀ-ում օրենքը բոլորի համար է, եւ որեւէ մեկը չի կարող խախտել հասարակական կարգը, էլ չեմ ասում սահմանադրական կարգի մասին»,-ասաց նա:

Հարցին, թե ճիշտ չընկալվե՞ց ոստիկանության հանդուրժողականությունը, Օսիպյանն արձագանքեց. «Հեղափոխությունից հետո, մեկ տարի առաջ մենք մի փոքր անտեսեցինք, հանդուրժող եղանք, բայց այսօր արդեն ոստիկանությունն այլեւս հանդուրժող չէ»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը