Քաղաքական

21.06.2019 11:58


«Հա­սա­րա­կու­թյան լայն շեր­տերն այ­լևս իշ­խա­նա­փո­խու­թյան շա­հա­ռու չեն, շա­հա­ռու են դար­ձել շատ նեղ խմբի մար­դիկ»․ Բենիամին Մաթևոսյան

«Հա­սա­րա­կու­թյան լայն շեր­տերն այ­լևս իշ­խա­նա­փո­խու­թյան շա­հա­ռու չեն, շա­հա­ռու են դար­ձել շատ նեղ խմբի մար­դիկ»․ Բենիամին Մաթևոսյան

Ավելի քան մեկ տարի առաջ ստեղծվել էր մի իրավիճակ, երբ հասարակության մոտ 90 տոկոսն աջակցում էր իշխանություններին: Դա ֆանտաստիկ հնարավորություն և լեգիտիմություն էր: Գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը պետք է կարողանար ճիշտ օգտագործել այդ պոտենցիալը:

Առաջին հերթին պետք է կարողանար իսկապես ներառական իշխանական համակարգ ստեղծել: Այսինքն, անկախ կուսակցական պատկանելությունից, իշխանական թիմի մեջ ներգրավեր նաև նրանց, որոնց ներկայությունը կնպաստեր իրապես բարեփոխումներ իրականացնելուն:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, այս ուղին չընտրվեց: «Նիկոլ Փաշինյանն այդ ճանապարհով չգնաց: Սկզբից դարձավ վարչապետ, իսկ հետո շրջափակելով ԱԺ-ն՝ ստիպեց գնալ լուծարման: ԱԺ ընտրություններից հետո նա, փաստացի, տիրեց ամբողջական իշխանությանը:

Որպես իշխանության մարմիններ՝ Հայաստանում այսօր իրականում գոյություն չունեն ո՛չ գործադիրը, ո՛չ օրենսդիրը: Գոյություն ունի ընդամենը մեկ անձ. այսօր Նիկոլ Փաշինյանն է իշխանություն կրողը, իսկ դատարանների դռները շրջափակելու ակցիան վկայում է այն մասին, որ նա ուզում է իրեն ենթարկել նաև դատական իշխանությունը:

Մեծ հաշվով, սա սխալ օրակարգ է, ինչը հասարակության մեջ առկա անջրպետի մեծացմանն է տանում: Եթե նախկինում հասարակության լայն շերտերն իրենց որպես այս իշխանափոխության շահառու էին տեսնում, ապա հիմա տեսնում ենք, որ շահառուները դարձել են շատ նեղ խմբի մարդիկ՝ պատգամավորները, կառավարության կազմում ընդգրկվածները: Ավելի կոնկրետ՝ բոլոր գործողությունները մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի շահերը սպասարկելու մասին են վկայում:

Հետևաբար, իրական օրակարգերը մի կողմ թողած՝ զբաղվում ենք այլ օրակարգերով՝ «սև-սպիտակներով», ինչպես նաև Արցախում թշնամիներ ենք փնտրում: Իրական խնդիրնեը թողած՝ Նիկոլ Փաշինյանը զբաղված է արհեստական օրակարգեր ձևավորելով»,-նշում է քաղաքագետը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ստեղծված մթնոլորտի, պարբերաբար սրացող ատելության մթնոլորտի և լարվածության հիմնական պատասխանատուն առաջին հերթին իշխանությունն է. «Երբ իշխանության բարձրագույն կրողը «պատին ծեփելու», «ականջները քաշելու», «ասֆալտին փռելու» հայտարարություններ է անում, դա միանշանակ չի հանգեցնի նրան, որ հանրության մեջ տարածվի հանդուրժողականության, սիրո և համերաշխության մթնոլորտը: Իշխանությունը պետք է այնպիսի քաղաքականություն վարի, որ ատելության այդ չափաբաժինը աստիճանաբար սկսի նվազել:

Բայց, այդուհանդերձ, տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում: Երբ բարձրագույն իշխանության կրողը սխալ է գնահատում իրողությունը, սխալ է գնահատում նաև իր խոսքի արժեքը: Սա ևս հանգեցնում է նրան, որ ատելության չափաբաժինը, մեղմ ասած, չի նվազում»:

Մաթևոսյանի խոսքով, իշխանության գործողությունների և իրականության համարժեքությունը գնահատելու համար պետք է հասկանանք, թե ինչին են ուղղված այդ գործողությունները. «Ն. Փաշինյանի բոլոր գործողություններն իրականում ուղղված են անձնական իշխանության պահպանմանը, իսկ այն բառերը, որ եթե ժողովուրդը ցանկանա, նա կզիջի իշխանությունը, պարզապես խոսքեր են՝ շոյելու համապատասխան զանգվածների ականջները:

Փաշինյանը հասկացավ՝ ինչքան ժամանակը անցնի, այնքան իր վարկանիշը անկում է ապրելու: Երբ իր անձնական իշխանության համար վտանգ տեսավ, շրջափակեց ԱԺ-ն, երբ դատարանը կայացրեց մի որոշում, որը նրան ձեռք չէր տալիս, կոչ արեց շրջափակել դատարանների դռները:

Հետևաբար սևերի-սպիտակների և նմանատիպ հայտարարությունները հենց այս համատեքստում պետք է դիտարկել: Նույն տրամաբանության մեջ է նաև Արցախի իշխանության շուրջ առկա իրավիճակը. Փաշինյանը կարծում է, որ եթե Արցախի իշխանություններն իր ենթակայութան տակ չեն, դա ևս վտանգ է իր անձնական իշխանության համար:

Հետևաբար, արվում են հայտարարություններ, որոնք նպաստում են ատելության չափաբաժնի այնպիսի մեծացման, ինչն անգամ Արցախի տեղը չիմացողներին թույլ է տալիս «Արցախի նախագահի գլուխը ջարդելու» հայտարարություն անել»: Ինչ վերաբերում է զուտ կառավարման խնդրին՝ կարողությունների և ցանկությունների համատեքստում, քաղաքագետը նկատում է. «Շատ դասական մոդել է, երբ ասում են՝ «царь добрый, бояре плохие»:

Այդպիսի բան չկա: Ցանկացած ղեկավար ինքն է ձևավորում իր թիմը՝ ելնելով իր մոտեցումներից, տեսակետներից, այն առաքելությունից, որն ունի: Ճիշտ է, վարչապետը մերժում է «իզմերը», բայց եթե նա ձևավորել է այս թիմը, նշանակում է, որ լուծում է այն խնդիրները, որոնք ունակ է լուծել հենց այս թիմը:

Պարզ է, որ արդարադատության նորանշանակ երիտասարդ նախարարի հիմնական առաքելությունն անցումային արդարադատություն իրականացնելն է լինելու: Նա այդ նպատակի համար լավ կաշխատի:

Հետևաբար, ասել, թե թիմը վատն է, դրա համար չեն կարողանում աշխատել, ազնիվ չէ:

Ի դեպ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում շատ պարկեշտ, փայլուն անձնավորություններ կան, որոնք լավ տիրապետում են իրենց ոլորտներին, բայց ընդհանուր համամասնության մեջ իրենց աշխատանքը չի երևում: Մեծ հաշվով, քննադատելով թիմին՝ շատ մեծ ռևերանս ենք անում Ն. Փաշինյանին»:

Քաղաքագետի խոսքով, քանի դեռ չկա տեսլական, լավ թիմով առաջ շարժվելու ցանկություն, խնդիրը մնալու է. «Ինչպես ասում են՝ երբ բոլոր «իզմերը» մերժում են, վերջում մնում է «դատարկիզմը»:

Այս խորագրի վերջին նյութերը