Քաղաքական

21.06.2019 11:45


Եթե Վահե Գրիգորյանն այդ ուղղությամբ քայլեր անի, կհայտնվի քրեական տիրույթում. Դ․Հարությունյան

Եթե Վահե Գրիգորյանն այդ ուղղությամբ քայլեր անի, կհայտնվի քրեական տիրույթում. Դ․Հարությունյան

Վահե Գրիգորյանը անհեթեթ միտք է ասել, և եթե այդ ուղղությամբ քայլեր անի՝ կհայտնվի քրեական տիրույթում։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նորընտիր անդամ Վահե Գրիգորյանի` ԱԺ–ում արված սկանդալային հայտարարությանը։

Ըստ Հարությունյանի՝ Վահե Գրիգորյանի հայտարարությունը չի բխում ՀՀ սահմանադրությունից։

«Փորձել արհեստական տարանջատում մտցնել Սահմանադրական դատարանի անդամի և Սահմանադրական դատարանի դատավորի միջև, այնքան արհեստական է, որ հասնում է անհեթեթության։ Սահմանադրության անցումային դրույթները, որոնք շատ կարևոր են, պարունակում է հստակ դրույթ. ՍԴ նախագահի մասով հստակ նշված է, որ մինչև Սահմանադրության 7–րդ գլխի ուժի մեջ մտնելը՝ 2018թ. ապրիլի 9–ը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը, շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը։ Հայերենին տիրապետող ցանկացած անձի առաջարկում եմ բացել Սահմանադրության 213–րդ հոդվածը, ընթերցել թեկուզ 10 անգամ և փորձել գտնել որևէ դրույթ, որտեղ գրված է, որ նա չպետք է շարունակի, որ նա այլևս դատարանի նախագահ չէ»,–հայտարարեց Հարությունյանը՝ ընդգծելով, որ Հրայր Թովմասյանը պետք է շարունակի կատարել Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները։

Արդարադատության նախկին նախարարը նկատեց, որ, ցավոք, հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ստիպված են իրավական առումով փորձել հիմնավորել, թե ինչու է Վահե Գրիգորյանի արտահայտած միտքը սխալ։

«Ընդամենը պետք է բացել Սահմանադրության 213–րդ հոդվածը և կարդալ, վստահեցնում եմ, որ ցանկացած կիրթ, գրագետ մարդու համար բավարար է մեկ անգամ կարդալ այդ դրույթը՝ հասկանալու համար ԱԺ–ում հնչած հայտարարության մերկապարանոց լինելը»,–ասաց նա։

Ըստ Դավիթ Հարությունյանի՝ Վահե Գրիգորյանի հայտարարությունն ընդամենը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով փորձ է խեղաթյուրել Սահմանադրության իմաստը, և դրանից եզրակացություններ անել։

Հարցին, եթե ի վերջո Վահե Գրիգորյանին հաջողվի նման եղանակով զբաղեցնել ՍԴ նախագահի աթոռը, ինչպես այդ փաստը կընկալվի միջազգային հարթությունում։

«Այս պահին, բացի քաղաքական չեզոքությունը խախտելուց, Վահե Գրիգորյանն ընդմանեը մի անհեթեթ միտք է ասել, և եթե այդ ուղղությամբ քայլեր անի՝ արդեն կհայտնվի քրեական տիրույթում»,–ասաց նա՝ նկատելով, որ ՍԴ անդամը պետք է զերծ մնար քաղաքական գնահատականներ հնչեցնելուց։

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը հունիսի 20–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ստանձնելու է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը։ Ավելի ուշ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ Հրայր Թովմասյանը այլևս Սահմանադրական դատարանի դատավոր չէ և չի էլ եղել այդպիսին:

Ըստ պատգամավորի՝ ոստիկանությունը չպետք է թույլ տա ոչ դատավորին մուտք գործել ՍԴ–ի վարչական տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը