Աշխարհ

18.06.2019 20:28


Պենտագոնը հայտարարել է, որ S-400-ների գնման դեպքում պատժամիջոցներ կկիրառի թուրքական ընկերությունների դեմ

Պենտագոնը հայտարարել է, որ S-400-ների գնման դեպքում պատժամիջոցներ կկիրառի թուրքական ընկերությունների դեմ

ԱՄՆ-ը հանդես է եկել նոր հայտարարությամբ Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվելիք ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ։

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանը S-400-ները Թուրքիային կփոխանցի հուլիսի առաջին կեսին:

Պենտագոնի նոր հայտարարության համաձայն՝ եթե, ի վերջո, Թուրքիան Ռուսաստանից ձեռք բերի այդ համակարգերը, ապա ԱՄՆ-ը ոչ միայն Անկարային դուրս կթողնի ամերիկյան F-35–ների նոր սերնդի կործանիչների ծրագրից, այլև պատժամիջոցներ կկիրառի թուրքական այն ընկերությունների դեմ, որոնք ամերիկյան կործանիչների համար արտադրում են պահեստամասեր։ Թուրքական ընկերությունները 937 պահեստամաս են արտադրում այդ կործանիչների համար։

Չի բացառվել, որ ամերիկյան իշխանությունները Թուրքիայի նկատմամբ կարող են կիրառել CAATSA օրենքը (պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին):

Թուրքիային F-35-ների ծրագրից դուրս թողնելու մասին հարցին անդրադարձել է նաև ամերիկյան այդ կործանիչներն արտադրող «Lockheed Martin» ընկերության փոխնախագահ Րիք Էդվարդը՝ նշելով, որ եթե նման բան լինի, ապա դա ծանր հարված կլինի Թուրքիայի ռազմարդյունաբերությանը։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը