Լրահոս

07.04.2010 16:31


Կանայք և քաղաքականությունը

Կանայք և քաղաքականությունը

Ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ «Հենարան» ակումբը հյուրընկալել էր ՀՀ ԱԺ կին պատգամավորներին, մասնավորապես Կարինե Աճեմյանին (ՀՀԿ), Հեղինե Բիշարյանին (ՕԵԿ), Անահիտ Բախշյանին («Ժառանգություն» կուսակցություն) և Լիլիթ Գալստյանին (ՀՅԴ):

Խոսելով հայ իրականության և այդ իրականության մեջ կնոջ դերի մասին՝ Անահիտ Բախշյանն ասել է, որ հայ իրականությունն այն է, ինչ կա՝ անկախ նրանից՝ կնոջ աչքերով, թե տղամարդու։

Կարինե Աճեմյանի կարծիքով այսօր նոր մշակույթ է ձևավորվել. կին քաղաքական գործիչների նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, և հանրությունն արդեն ընդունում է, որ կինը կարող է լինել ձեռներեց, քաղաքական գործիչ և այլն, սակայն նրա կարծիքով շատ կարևոր է, որ կինը նվիրված լինի ընտանիքին, և ընտանիքն առաջխաղացմանը զոհ չտա։

Հեղինե Բիշարյանը նշել է, որ հայ իրականությունը 20 տարեկան է իր նոր ձևի մեջ, և այդ տարիների ընթացքում կանանց դերի բարձրացման վերաբերյալ նոր մոտեցումներ են ձևավորվում. ՀԿ-ներն ու քաղաքական ուժերը տեղ են տալիս կանանց։ Նա նշել է, որ 20 տարիների ընթացքում շարժ կա, սակայն այն բավարար չէ. կանայք շատ խնդիրներ ունեն, և քաղաքականության մեջ պետք է կանանց դերը բարձրացնել, որ զբաղվեն իրենց խնդիրներով։

Լիլիթ Գալստյանը նշել է, որ հայ կինը հայ իրականության անբաժանելի մասնիկն է, և այն բոլոր ախտերը և դրական կողմերը, որ կան իրականության մեջ, կրում է նաև հայ կինը։ Նրա խոսքերով՝ ունենք մի իրականություն, որտեղ խեղված են մարդու իրավունքները. Սահմանադրությամբ հայտարարված սոցիալական, իրավական, ժողովրդավարական երկիր ենք, սակայն իրականության մեջ դրանք խեղված են, և այստեղ հայ կինն իրեն լիարժեք դրսևորված զգալ չի կարող։ Լիլիթ Գալստյանի բանաձևով կյանքում կնոջ հիմնական առաքելությունը երջանիկ լինելն է, քանի որ երջանիկ կինը երջանիկ է դարձնում իր շրջապատը։

Կարինե Աճեմյանը նշել է նաև, որ քաղաքականությունը շատ բարդ ոլորտ է, և կանայք, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, շատ խոչընդոտների են հանդիպում, սակայն պետք է առաջնորդվել ազգային, կուսակցության գաղափարներով և հետամուտ լինելով դրանց՝ ձևավորել աշխատանքային այնպիսի մթնոլորտ, որտեղ կանայք կարող են իրար սատարել։ Անահիտ Բախշյանը նշել է, որ քաղաքականությունն իր համար շատ հաճելի զբաղմունք չէ, սակայն կան պահեր, երբ ընտրում ես այն, ինչ մատուցված է ճակատագրով.

-Մասնավորապես իմ պարագայում ես կգերադասեի մնալ մանկավարժ, սակայն պահ է գալիս, երբ քաղաքացիական այն նկրտումները, որ ծառանում են մեջդ և պահանջում հարցերի պատասխանները, ստիպում են քեզ գնալ ոչ այնքան հաճելի գործով զբաղվել, ինչպիսին քաղաքականությունն է,- նշել է նա։

Հեղինե Բիշարյանի խոսքերով՝ քաղաքականությունը յուրաքանչյուրից է ժամանակ խլում, որի հետևանքով կորցնում ես նաև առողջությունը, քանի որ լինել քաղաքականության մեջ նշանակում է պայքարել խնդիրների և քո իսկ սկզբունքների համար։ Նա նշել է, որ կանանց համար իսկապես դժվար է, և քաղաքականության մեջ մտնելու ուժ գտած կանանց պետք է աջակցել։

-Անարդարության զգացումը մարդուն քաղաքացի է դարձնում, իսկ անարդարության ավելի սուր զգացողությունը՝ քաղաքական գործիչ,- հայտնի արտահայտությունը մեջբերելով՝ Լիլիթ Գալստյանը նշել է, որ ինքն է ընտրել քաղաքականությունը և երբեք չի տրտնջում քաղաքականության մեջ կորցրած ժամանակի համար։

«Ինչպե՞ս եք Ձեզ զգում 100-ից ավելի տղամարդկանց շրջապատում» հարցին Անահիտ Բախշյանն ասել է, որ պահ է լինում, երբ շրջապատին զզվանքով է նայում, պահ է լինում՝ գորովանքով, սակայն հիմնականում՝ կարեկցանքով։ Հակառակ Անահիտ Բախշյանի՝ Կարինե Աճեմյանը տղամարդկանց շրջապատում իրեն լավ է զգում և չի կարծում, որ տղամարդիկ հակված են կանանց խանգարելուն։

Հեղինե Բիշարյանը նշել է, որ տղամարդկանց շրջապատում դժվար է աշխատել, բայց կանայք իրենց հեզությունը, ազնվությունն ու սկզբունքայնությունը պետք է տարածեն տղամարդկանց վրա։

Լիլիթ Գալստյանը նշել է, որ ինքն իր քաղաքական թիմում բացառիկ հարմարավետ և հպարտ է զգում, որովհետև խելացի և ուժեղ տղամարդկանց շրջապատում է, ինչպես նաև միգուցե այն պատճառով, որ մանկուց իր սեփական հայացքն ունի աշխարհի հանդեպ, և աշխարհը կամ մարդկանց ըստ սեռերի չի բաժանում. Լիլիթ Գալստյանի համար կան մարդիկ և ոչ մարդիկ, դա սեռի հետ կապ չունի։

Նա նաև նշել է, որ շատ է հավատում հայ կանանց, սակայն չի ցանկանա, որ հայ իրականությունն այնպիսի փաստի առաջ կանգնի, որ հույսը դրվի միայն կանանց վրա։ Ոչ մոտակա ապագայում, սակայն, նա չի բացառում կին նախագահ ունենալու հնարավորությունը։

Անահիտ Բախշյանն այդ կապակցությամբ մեջբերել է Մարգարեթ Թեթչերի խոսքերը («Եթե պետք է քաղաքականության մեջ բլա-բլա անել, տվեք այդ գործը տղամարդկանց, երբ գործ պետք է անել, ուրեմն կնոջը») և նշել, որ եթե հայ հասարակությունը ցանկանա գործ անող նախագահ ունենալ, այն ժամանակ կին նախագահ կընտրի։

Կարինե Աճեմյանը ցանկություն է հայտնել, որ մոտակա ժամանակներում ծանր աշխարհաքաղաքական գործընթացներում այդ ծանր բեռը դրվի տղամարդկանց ուսերին։

Հեղինե Բիշարյանը, վերջերս նայելով Հայաստանի քարտեզը, մտորում էր, որ այն կնոջ կերպար ունի, և միգուցե կինը պետք  է Հայաստանը ոտքի կանգնեցնի, սակայն սոցիալապես դժվար իրավիճակներում կանանց բախտ չի վիճակվի նախագահ դառնալ։

Տղամարդկանցից Կարինե Աճեմյանը ակնկալում է սեր, հարգանք և նվիրվածություն, իսկ Անահիտ Բախշյանը ցանկանում է, որ նրանք կարգին հայ մարդիկ լինեն, հայ հերոսների արժեքները խտացված լինեն նրանց մեջ, և կանայք թիկունք ունենան։

Լիլիթ Գալստյանը նշել է, որ այսօր, ցավոք, կեղծ ճշմարտությունների և քծնանքի ժամանակ է, և ինքը ցանկանում է, որ տղամարդիկ լինեն ազնիվ ու շիտակ։

Հեղինե Բիշարյանն ամուսնուց ակնկալում է սեր և ջերմություն, իսկ ընկերներից՝ նվիրվածություն և հավատարմություն։

Արփի Բեգլարյան

 

Այս խորագրի վերջին նյութերը