Քաղաքական

14.06.2019 17:51


Երբ զանգում են դատավորին, ասում՝ «Կալանքը պիտի տաս` ուզես–չուզես». ի՞նչ պետք է անեք դուք. ֆրանսիացի փաստաբանը՝ դատավորին

Երբ զանգում են դատավորին, ասում՝ «Կալանքը պիտի տաս` ուզես–չուզես». ի՞նչ պետք է անեք դուք. ֆրանսիացի փաստաբանը՝ դատավորին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբան Սեւակ Թորոսյանը։ Նշենք, որ նրա ելույթը դատարանում թարգմանում են երկու թարգմաններ։

«Դուք չեք կարող քննել այս գործը, պարզապես չեք կարող։ Երբ ես որոշ ուսումնասիրություններ անցկացրեցի շատ հետաքրքիր կարծիք ունեցա հեղափոխությունից հետո Հայաստանում արդարադատության վերաբերյալ։ Այսօրվա առարկան ու խնդիրը միայն Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերում, այլ վերաբերում է ազատության սկզբունքին, անմեղության կանխավարկածին, եւ սա է պատճառը, որ ես այդքան կիլոմետր հատել եմ ու եկել այստեղ ներկա գտնվելու համար»,-հայտարարեց փաստաբանը եւ հավալեց.

«Նման պայմաններում, երբ անձինք դրսում բղավում են, երբ գործադիր մարմինը զանգահարում է դատավորին եւ հայտնում, թույլ տվեք այս մասը հայերեն ասել. «Կալանքը պիտի տաս՝ ուզես–չուզես, ի՞նչ պետք է անեք դուք»։

Սեւակ Թորոսյանը նաեւ նշեց, որ գնահատման արդյունքների համաձայն, դատավոր Արմեն Դանիելյանը շատ ցածր վարկանիշ ունի ու վկայակոչելով այդ տվյալները, հորդորեց Դանիելյանին ինքնաբացարկ հայտնել։

«Երեք շաբաթ առաջ վարչապետը հայտարարեց դատարանների դռները փակելու մասին... Այն տեղեկատվությանը, որ ես տիրապետում եմ դատարանների մասին եւ նայելով helpcourt.am կայքը, որտեղ գնահատում են դատավորներին, տեսնում եմ, որ դուք 8–ից ցածր վարկանիշ ունեք»,-ասաց նա՝ նկատելով, որ փաստաբանական հանրության կողմից նման ցածր վարկանիշ ունեցող դատավորը չի կարող նման հնչեղ գործով դատավոր լինել։

«Հայաստանի անկախությունից ի վեր, սա ամենակարեւոր գործերից մեն է, որը քննվում է դատարանում, սակայն այս գործը տրվել է մի դատավորի, որն ունի նման բացասական վարկանիշ։ Գործի վարույթը պետք է վստահվի ավելի բարձր վարկանիշ ունեցող դատավորի, փաստաբանների բարձր գնահատանքին արժանացած դատավորի։ Որպեսզի հանգստացնեք դատախազությանը, եկեք ամենամեծ հանգստությամբ ինքնաբացարկ հայտնեցեք, գոնե պաշտպանական կողմը նույնպես կհանգստանա, եւ վստահ եմ, որ հետո ձեր հանգստությունը կհիշեք»,-ասաց Թորոսյանը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը