Քաղաքական

14.06.2019 16:10


Գագիկ Ծառուկյանը վիրավորական է համարում իրեն հարցաքննության հրավիրելու ծանուցագիր ուղարկելը

Գագիկ Ծառուկյանը վիրավորական է համարում իրեն հարցաքննության հրավիրելու ծանուցագիր ուղարկելը

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վիրավորական է համարում այն, որ Աբովյան քաղաքի 46-ամյա Վահան Սարիբեկյանին պատկանող բնակարանի դռան ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի հրկիզման դեպքով իրեն հարցաքննության հրավիրելու ծանուցագիր է ուղարկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ծառուկյանն ասաց հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում:

«Ինձ վիրավորել են, որ ծանուցագիր են ուղարկել: Թող ուղարկեն նրան, ում պետք է, իրենց պարտականությունը կատարեն և գործը բացահայտեն: Մենք ասել ենք մեր կարծիքը, և, եթե դա չբացահայտվեց, ուրեմն շինծու գործ լինելու վերաբերյալ մեր կարծիքը հաստատվում է»,- ասաց Ծառուկյանը:

Հունիսի 12-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պետի մեքենայի հրկիզելու գործով հրավիրվել է հարցաքննության, որին սակայն չի ներկայացել:

2019 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի ոչնչացնելու նպատակով հրկիզել է Աբովյան քաղաքի 46-ամյա Վահան Սարիբեկյանին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 46-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Կազմվել է քննչական խումբ: Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը