Քաղաքական

14.06.2019 11:18


Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու և գործը ՍԴ ուղարկելու դեմ բողոքների քննությունն ընդմիջվեց․ (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու և գործը ՍԴ ուղարկելու դեմ բողոքների քննությունն ընդմիջվեց․ (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, այսօր շարունակվում են քննվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները:

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել նախորդ նիստում՝ նշելով, թե ինչպես է պատահել, որ երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնվել է նույն դատավորին: Ըստ պաշտպանական խմբի՝ գործը դատավոր Դանիելյանին է հանձնվել կասկածելի հանգամանքներում, և պաշտպանների գնահատմամբ` դա տեղի է ունեցել պայմանավորված դատավորի անձի առանձնահատկություններով։ «Հավանաբար նկատի են ունեցել, որ Դուք այն դատավորն եք, ով հազվադեպ է կայացնում այնպիսի դատական ակտ, որը հակասի Դատախազության դիրքորոշմանը»,-ասել էր Հայկ Ալումյանը։

Պաշտպան Ալումյանի միջնորդությանը միացել էին նաև Ռոբերտ Քոչարյանն, ինչպես նաև պաշտպանական խմբի մյուս անդամները՝ Արամ Օրբելյանը, Ռուբեն Սահակյանը և ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը:

Դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ քրեական գործի հատորների քանակն ավելացել է և որ այդ մասին տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից՝ 83 հատոր դատական գործը դարձել է 88 հատոր:

Գործի ավելացած հատորների բովանդակությանը ծանոթանալու նպատակով պաշտպանները խնդրել էին տրամադրել հատորները և ժամանակ: Ուստիև, դատական նիստը հետաձգվել էր:

***

Արմեն Դանիելյանին պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 15:15-ին:

Դատավոր Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները, միջնորդությանը միացել է նաև Յուրի Խաչատուրովի պաշտպանը:

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը