Հարցազրույց

07.04.2010 18:02


Վլադիմիր Հարությունյան

Վլադիմիր Հարությունյան

Հարցազրույց ղարաբաղյան շարժման մասնակից, ֆիզմատ գիտությունների դոկտոր Վլադիմիր Հարությունյանի հետ

-Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հնարավոր էր համարել որոշակի պայմանների բավարարման դիմաց Ադրբեջանին զիջել ազատագրված տարածքները: Դուք՝ որպես արցախյան ազատամարտի մասնակից, ինչպե՞ս կմեկնաբանեիք այդ հայտարարությունը:

-Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայիս նախագահի հայտարարությանը, որը նա արել է սիրիական «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցի ժամանակ, ապա այն պետք է ընկալել հենց այնպես, ինչպես որ ասված է և ոչ թե, ասենք, «շարմազանովյան» ընթերցմամբ:  Շարմազանովը և որոշ այլ հանրապետականներ կարող է՝ մի քանի օր հետո ասեն. «Երկրի նախագահին լավ չեք հասկացել. նախագահն իրականում այդ հայտարարությամբ Ալիևին և  բոլորին հասկացրել է, որ ոչ մի թիզ հող էլ չենք զիջելու»: Բայց մենք պետք է ընդունենք երկրի նախագահի միտքն ու խոսքը հենց այնպես, ինչպես ասվել է: Այսինքն, եթե ասվել է, որ նախկին ԼՂԻՄ-ին շրջապատող  շրջանները հետ ենք տալիս, ուրեմն պետք է հասկանանք, որ Հայաստանի նախագահը միանձնյա պատրաստ է այդ շրջանները հետ տալ: Եթե տեղի-անտեղի ծամծմված «լեգիտիմություն» բառը կրկին չօգտագործենք, համենայնդեպս, սա ցույց է տալիս, թե ինչ հսկա վիհ կա այսօր ժողովրդի և իշխանության միջև: Չէ՞ որ ժողովուրդը երկրի նախագահին  չի լիազորել ժողովրդի անունից նման հայտարարություններ  անել: Ստացվում է, որ Հայաստանի իշխանություններն «իրենք իրենց համար» են վարում այս կամ այն քաղաքական կուրսը:

-Շատ փորձագետներ, թուրքագետներ և քաղաքական գործիչներ նշում են, որ միայն նման փոխզիջումային տարբերակով է հնարավոր խուսափել պատերազմից և հասնել հարցի վերջնական կարգավորմանը: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

-Զարմանալի է, որ Ձեր նշած այդ թուրքագետները շատ հաճախ բերում են Էլզաս Լոթարինգիայի օրինակը որպես  ֆրանսիացիների ու գերմանացիների փոխհանդուրժողականության դրսևորում: Բայց չմոռանանք, որ Գերմանիան պարտված կողմն էր, ի՞նչ պիտի աներ որ: Ֆրանսիան հաղթող կողմ էր, վերցրեց, իսկ Գերմանիան ուրիշ ելք չուներ, քան ֆրանսիացիներին բարեկամ լինել: Հիմա մենք Ադրբեջանի հետ բարեկամ լինելու համար պետք է մեր ազատագրած հողե՞րը հետ տանք: Կամ այլ օրինակ բերեմ՝ թուրքերը ժամանակին մեզ հաղթել են ու Արևմտյան Հայաստանը մեր ձեռքից ամբողջովին վերցրել: Երբևիցե լսե՞լ եք, որ թուրքերն ասեն, թե եկեք Կարսն ու Արդահանը հայերին հետ տանք, որպեսզի հետները լավանանք: Այդ տրամաբանությամբ թող Էրդողանը վեր կենա ու ասի. «Սիրելի՛ հայեր, եկեք Վանը առեք ձեզ, իրար հետ ախպերանանք»:   

Մարդկության ամբողջ պատմությունը սովորեցնում է, որ հենց զիջումներն են, որ բերում են նոր պատերազմների: Համաշխարհային հանրության կողմից առաջ քաշվող այն թեզը, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծվի այնպես, որ «չլինեն ոչ հաղթողներ, ոչ պարտվողներ», հենց հիմքից սխալ է և անիրագործելի: Քանզի առկա են արդեն և՛ հաղթողը, և՛ պարտվողը: Հաղթողին խցկել այս բանաձևի մեջ անհնար է առանց բռնի ուժի գործադրման, այնպես որ մեր մեծաթիվ քաղաքական այրերի կողմից սիրված «կոմպրոմիսի» վրա հիմնված տարբերակն է, որ անխուսափելիորեն բերելու է նոր պատերազմի»: Ղարաբաղյան հարցի՝ երկարատև ու երաշխավորված խաղաղությամբ հաստատված լուծման ելքը միակն է՝ ընդունել այսօրվա իրողությունը և հասնել ԼՂՀ ճանաչմանն իր այսօրվա սահմաններում: Այդ ուղղությամբ պետք է աշխատի հայ քաղաքական միտքը, այլ ոչ թե հնարի դիվանագիտական նորանոր սոփեստություններ ու սեփական ժողովրդին «ֆռռացնելու» հնարքներ:

-Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո կարծես թե հիմնական քաղաքական ուժերը և հասարակությունն ըստ արժանվույն չարձագանքեցին այդ հայտարարությանը: Ինչո՞վ եք բացատրում այս հանգամանքը:

-Նախ պետք է տարանջատել հասարակությանը և քաղաքական ուժեր կոչվածներին: Հայաստանում դրանք շատ վաղուց արդեն միասնական չեն: Եթե չասենք՝ միմյանց հակադրված են: Հասարակությունը չի արձագանքում երկու պարագայում՝ կա՛մ նա այլևս չի հավատում իր ղեկավարությանը («Դե հիմա խոսում են, էլի, ո՞վ է հող տվողը: Տվողը մենք ենք, մենք էլ չենք տա»): Այդ տրամաբանությամբ առաջնորդվելը բացարձակ միամտություն է և չափազանց վտանգավոր: Երբ կապիտուլյացիան ստորագրվեց, այդ դեպքում էլ հասարակություն ու ժողովուրդ կոչվածի համաձայնությունն այլևս ոչ մեկը չի հարցնի: Կամ էլ հասարակության մեջ այնքան մեռած է ինքնապաշտպանական բնազդը, որ իրական վտանգն էլ արդեն չի զգում: Ընդ որում, դա իրականությունից այդքան էլ հեռու չէ, քանի որ տարիներ շարունակ նույն այդ ղարաբաղյան պատերազմի հաջողությունները ոտնակոխ արվեցին, ամեն ինչ արվեց, որպեսզի դրանք հանկարծ իրական արժեք չդառնան: Շատ դեպքերում հենց այս պատճառով է, որ ժողովուրդը ղարաբաղյան հարցի վտանգն այն սրությամբ չի ընկալում, ինչպես անհրաժեշտ է ընկալել:

-Իսկ քաղաքական ուժերի առումո՞վ ինչ կասեիք:

-Քաղաքական ուժերի արձագանքը բավական հետաքրքիր է: Ըստ էության, մեր ներկայիս քաղաքական դաշտում, մարզական լեզվով ասած, մի հզոր «բլոկ» է՝ դրված ամեն ոքի և ամեն ինչի դեմ, հատկապես իրենց էությամբ ազգային նոր քաղաքական ծիլեր ի հայտ գալու առումով: Սա արվում է Հայաստանի երեք նախագահների համատեղ ջանքերով: Ստեղծված է մի կուռ եռանկյունի, որի գագաթներում  երեք նախագահներն են, ու այդ եռանկյունին իր մեջ այսօր ներառել է մեր ամբողջ քաղաքական դաշտը և, բետոնյա հզոր պատնեշով փակված, թույլ չի տալիս, որ որևիցե այլ՝ իրենց քիմքին ոչ հարմար  քաղաքական ուժ, ներթափանցի այդ տարածք: Երկուսն ուզում են վերադառնալ, մեկն էլ՝ այսօրվա նախագահը, ուզում է շարունակել:

Ռոբերտ Քոչարյանը ձգտում է վերադառնալ՝ հավանաբար մտածելով, որ եթե ժողովուրդը շատ հանգիստ ընդունեց իր կուտակած կարողության փաստը, ապա ինչո՞ւ չվերադառնալ և չկրկնապատկել այն: Տեր-Պետրոսյանը հնարավոր է, որ մտադրություն ունի Արմեն Տեր-Սահակյանին էլ իր մարդասպանների ամբողջ բանդայով հայտարարի քաղբանտարկյալներ և ազատ արձակի: Կարող է՝ դա է այդ մարդու նպատակը:

Սերժ Սարգսյանն էլ երևի միտք ունի շարունակել իր մարզական թեքումով նախաձեռնողական քաղաքականությունը: Միայն թե գործը հանկարծ բոքսի չհասնի, և ազգովին կրկին չհայտնվենք մի նոր խոր նոկաուտում:  

-Ձեր ասելուց կարելի է ենթադրել, որ այս եռանկյունու մեջ ազգային պետական շահ սպասարկող որևէ քաղաքական ուժ չեք տեսնում:

-Ավելին կասեի՝ ըստ էության, Հայաստանում բացարձակ միակուսակցական կառավարում է: Այդ երեք անձանց միջև եղած տարբերությունները նրանց քաղաքական մոտեցումների տեսանկյունից զուտ թվացյալ են: Իրականում այդ երեքը միասին ժամանակին կազմավորել և այսօր էլ ղեկավարում են այն քաղաքական զանգվածը, որը Հայաստանում հակաժողովրդական և հակաժողովրդավարական մի կուռ ճակատ է ներկայացնում:

Պայմանականորեն սա կարելի է անվանել լևոնական քաղաքական դաշտ կամ լևոնիզմ:  Սույն կուրսի շարունակման էստաֆետը ժամանակին վերցրեց երկրորդ նախագահը ու փոխանցեց երրորդ նախագահին: Սեփական ժողովրդի դեմ այդ ճակատի իշխանական հատվածում այսօր ապահովում է օրվա իշխանությունն իր  սատելիտ-մանկլավիկ խմբավորումներով: Մյուս հատվածը, որն իրեն համարում է արմատական ընդդիմություն,  Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսն է, որ ճակատի այդ՝ ընդդիմադիր հատվածն է պահում, որ հանկարծ այդ դաշտում նոր ծիլեր չհայտնվեն, լևոնիզմին օտարոտի  ուժեր չներթափանցեն: Որպեսզի քաղաքական ներկապնակը լրիվ բնական լինի, պետք է առկա լինի նաև «երորդ ուժը»՝ դեմ թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմություն կոչվածին: Որպես այդպիսին այսօր հանդես է գալիս երկրորդ նախագահը: Հա, չմոռանանք «թիկունքային ապահովությունը»: Դրա իրականացնողն էլ պահեստազորն է՝ շատերի մոտ զառամախտի բացահայտ նախանշաններով, որը ժողովրդի դեմ պաշտպանություն է բռնել Հանրային խորհուրդ կոչվող պետպատվերային ծերանոցի խրամատներում: Եվ ի՞նչ տարբերություն, թե քաղաքական այս հիդրայի հատկապես որ՝ մեծ ու փոքր գլուխները պետք է շարունակեն բզկտել Հայաստանը:

Եվ այս դաշտից որևիցե սպասելիք չի կարող լինել: Այդ մարդիկ են բանակցային պրոցեսը հասցրել այս օրվան, սրանք են միջազգային ասպարեզում Հայաստանը դաձրել ողորմելի մի սուբյեկտ: Հիմա սրանցից ի՞նչ ակնկալես:

-Դուք որևէ տարբերություն չե՞ք դնում ՀՀ ներկա և նախկին նախագահների միջև։

-Ո՛չ: Այդ մարդիկ իրենց քաղաքական մոտեցումներով չափազանց նման են միմյանց և, ըստ էության, չեն էլ կարողանում տարանջատվել միմյանցից: Եկեք որպես շարքային ընթերցող վերհիշենք  մամուլում հրապարակված որոշ փաստեր: Հայ ազգային կոնգրեսը սպասարկող մամուլը քանիցս ժողովրդի մեջ մի գլուխկոտրուկ գցեց, թե էն ովքե՜ր են, էն ովքե՞ր, որ մեկի կեղծանունը Պաուկ էր, մյուսինը՝ Նարիմանով, որոնք ներմուծվել էին խորհրդային ՊԱԿ-ի կողմից «Կռունկ» կոմիտեի և առհասարակ ղարաբաղյան շարժման մեջ:

Այսինքն, ասում են, որ շարժման մեջ ունեցել ենք երկու անձնավորություն, որոնք ադրբեջանական ԽՍՀ-ի ՊԱԿ-ի անմիջական գործակալներն էին: Չեն նշում, թե ովքեր են, բայց բոլորին հասկացնում են, թե հատկապես ում են ենթադրում: Հարգելի Կոնգրեսը  ցանկանում է, որ  ժողովուրդն իրեն հավատա: Շա՛տ լավ, հավատում ենք: Բայց ինչո՞ւ էիք տարիներ շարունակ հանդուրժում այդ զանազան Պաուկներին ու Նարիմանովներին և հիմա նոր հանելուկի նման տեղեկություն գցում ժողովրդի մեջ: Բացահայտեք՝ վերջապես իմանանք, թե ով ով է: 1991-ին դաշնակցական մամուլում փաստաթուղթ տպագրվեց, որտեղ  ՀԽՍՀ ՊԱԿ-ի նախագահ Հուսիկ Հարությունյանի ստորագրությամբ  Լևոն Տեր-Պետրոսյանը  հրամանագրվում էր որպես ՀԽՍՀ ՊԱԿ-ի պահեստազորի սպա: Դա կարդացին, մենք իրավունք ունե՞նք հավատալու: Անշո՛ւշտ, ունենք:

Այդ դեպքում, եթե այդ ամենը ճիշտ է, ապա չի՞ ստացվում, որ հենց այդ եռյակն է ի սկզբանե կառավարվել մի կենտրոնից, և արդյոք այդ եռյակին չի՞ հրահանգվել մի կողմ քշել Ղարաբաղի օրինական ընտրված իշխանությանը, հիմնվել միմյանց վրա և երեքով Ղարաբաղի հարցը տանել այսինչ ուղությամբ: Մինչև օրս էլ ղարաբաղյան հարցը, փաստորեն, այդ երեքն են տանում, ո՞վ է տանում:

-Եթե այդպես է, ապա Ձեր մատնանշած եռանկյունուն հակադրվող քաղաքական ուժ կա՞ Հայաստանում:

-Հակադրվող քաղաքական ուժ առաջանում է երկու հանգամանքում: Առաջին՝ երբ երկրում առկա են դեմոկրատական համապատասխան ինստիտուտներ, և քաղաքական մրցակցություն կա: Այս տարբերակը Հայաստանում այսօր, համենայնդեպս, բացառվում է: 1990-ականների կեսերից, երբ պարզ դարձավ, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը շատ վտանգավոր գործ է իր անձի և ընտանիքի համար, քաղաքականությունն, ըստ էության, մահացավ:  Իսկ երկրորդ հանգամանքն այն է, երբ դանակը ոսկորին է հասնում: Ցանկացած պարագայում օր առաջ, ժամ առաջ  մեզ պետք է ազատվել մեզանում ձևավորված այսօրվա քաղաքական դաշտից, քաղաքական մշակույթից, եթե այդպիսին առհասարակ կա Հայաստանում, քաղաքական ուժերից և քաղաքական այրերից: Առավել ևս, որ այսօր, ավելի քան երբեք, դրանք բոլորը վերջապես միակապվել են մի կապոցի մեջ: Եվ այդ ամբողջ կապոցը՝ հիմնադիր և ոչ հիմնադիր նախագահներով, կեղծ ու շինծու հերոսներով, տգետ ու անբարո քաղաքական այրերով ու պետական ծառայողներով, պետք է պարզապես ամբողջությամբ կողքի դնել, ազատվել բոլոր դրանցից: Պետք է պայմաններ ստեղծել նոր, թարմ քաղաքական հոսանքների ի հայտ գալու համար: Բավական է հանդուրժենք ժողովրդի շահերի հետ ոչ մի առնչություն չունեցող, իրար փոխարինող և իրար կրկնօրինակող այս ռեժիմները:

-Այսինքն, դանակն արդեն հասե՞լ է ոսկորին։

-Իմ կարծիքով վաղուց է հասել և հասել է այն պահին, երբ առաջին անգամ հայտարարվեց, որ հայկական կողմն ինչ-որ տարածքներ պետք է զիջի «փոխզիջումային» կոչվող տարբերակով: Եթե այն օրերին այդ հայտարարություն անողներին մենք իսկույն իրենց իսկական տեղը ցույց տայինք, այսօր շատ բան այլ կլիներ: Բայց էլի ուշ չէ:

Զրույցը վարեց Դերենիկ Մալխասյանը

Այս խորագրի վերջին նյութերը