Լրահոս

12.06.2019 18:46


Ինչ անել աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար. ԱՆ

Ինչ անել աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար. ԱՆ

Հունիսի 11-ին առողջապահության նախարարություն ահազանգ է ստացվել, որ աղիքային վարակներին բնորոշ գանգատներով 4 քաղաքացի դիմել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:

Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, անմիջապես ձեռնարկված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ հիվանդները մասնակցել են ընդհանուր միջոցառման: Հիվանդներից վերցվել են կենսանմուշներ լաբորատոր հետազոտությունների համար: Վարակի աղբյուրի հայտնաբերման, ինչպես նաև պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով` ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: Այդ թվում միջոցառմանը մասնակցած 300-ից ավելի քաղաքացիների հետ անհատական կապ է հաստատվում: Աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Մեկ այլ դեպքով` հունիսի 6-ին, տանը կազմակերպված խնջույքից հետո աղիքային գանգատներով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց ընդունված բոլոր հիվանդներն արդեն առողջացել են: Կազմակերպված համաճարակաբանական ուսումնասիրությունների և հիվանդներից վերցված կենսանմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում հիվանդների մոտ վերջնական ախտորոշվել է սալմոնելոզ:

Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.

  • սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,
  • չօգտագործել տնային պայմաններում պատրաստվող և շուտ փչացող սննդամթերք, հում մթերքներից պատրաստվող սոուսներ, աղցաններ,
  • սննդամթերքը պահել փակ տարողություններում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև՝ պատշաճ ջերմային պայմաններում,
  • ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,
  • չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,
  • ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,
  • առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն),
  • սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում,
  • պատահական վայերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած մթերք,
  • հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո։

Այս խորագրի վերջին նյութերը