Լրահոս

11.06.2019 11:55


«Հայբիզնեսբանկ»-ի մասնաճյուղի վրա զինված հարձակում գործած անձը «Երեւան-Տրանս» ՓԲԸ-ի ճարտարապետն է

«Հայբիզնեսբանկ»-ի մասնաճյուղի վրա զինված հարձակում գործած անձը «Երեւան-Տրանս» ՓԲԸ-ի ճարտարապետն է

Երևանի Թոթովենցի 4-րդ նրբանցքում գործող «Հայբիզնեսբանկ»-ի «Նոր Նորք» մասնաճյուղի վրա հունիսի 10-ին զինված հարձակում գործած անձը, ով վնասազերծվել էր ոստիկանի կողմից, Վազրիկ Մ.-ն է, ով աշխատում է «Երևան-Տրանս» Փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես գծային վերահսկողության ճարտարապետ։ Նա ձերբակալվել է:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել զինված ավազակային հարձակում կատարելու համար:

Հունիսի 10-ին զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 17:30-ի սահմաններում զինված անձը ներս էր մտել Նոր Նորք վարչական շրջանի «Հայբիզնեսբանկ»-ի «Նոր Նորք» մասնաճյուղ, որը գտնվում է Թոթովենցի 4-րդ նրբանցքում եւ ներսում փորձել էր ինչ-որ գործողություններ կատարել: Բանկի ներսում ծառայություն կատարող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնի ոստիկան Հայկազ Մայիլյանը՝ մոտենալով զինված տղամարդուն, փորձել էր կանխել նրա տեղաշարժը բանկում:

Զինված տղամարդը հարձակվել էր ոստիկանության ծառայողի վրա, տեղի էր ունեցել քաշքշուկ, որի ժամանակ էլ հնչել էր կրակոց: Այնուամենայնիվ, ոստիկանության ծառայողին, բանկի աշխատակիցներին ու մի քանի քաղաքացիների հաջողվել էր վնասազերծել զինված տղամարդուն, ով, զենքով հանդերձ, ոստիկանության պահպանության գլխավոր վարչության աշխատակիցների եւ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ուղեկցությամբ բերման էր ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը