Հարցազրույց

11.06.2019 09:05


Եթե դատական համակարգը «բարեփոխվեց» այնպես, ինչպես գործադիրն է պատկերացնում, ՀՀ-ում ֆաշիզմ կհաստատվի․ Անդրանիկ Թևանյան

Եթե դատական համակարգը «բարեփոխվեց» այնպես, ինչպես գործադիրն է պատկերացնում, ՀՀ-ում ֆաշիզմ կհաստատվի․ Անդրանիկ Թևանյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելը «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանին քաղաքական առևտուր է հիշեցնում՝ նախագահի և գործադիր մարմնի միջև։ Միևնույն ժամանակ նա Tert.am-ի հետ զրույցում չբացառեց, որ Վահե Գրիգորյանին առաջադրելը կարող է Սարգսյանի նկատմամբ ճնշման արդյունք լինել։ Թեպետ այս պատկերն ամենևին չի զարմացնում Անդրանիկ Թևանյանին, քանի որ կարծում է, որ ՀՀ-ում ստեղծվել է մի իրավիճակ, երբ փորձ է արվում Սահմանադրությունից դուրս գտնվող մեթոդներով քաղաքական հարցը լուծել։ Թևանյանն Արմեն Սարգսյանի կողմից Վահե Գրիգորյանին առաջադրելու մի քանի վարկած առանձնացրեց։

«Մի վարկածն այն է, որ ինքը վախեցել է, տրվել է շանտաժներին՝ անելով այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է ցանկացել: Մյուս վարկածի համաձայն՝ տեղի է ունեցել յուրօրինակ գործարք Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև՝ նրան պայմանավորվել են միասին ինչ-որ բան անել, որովհետև այն շրջանակներ, որոնք Արմեն Սարգսյանի հանդեպ լոյալ կամ դրական վերաբերմունք ունեին և քննադատում էին Նիկոլ Փաշինյանին, հիմա սկսել են նույնիսկ Փաշինյանին պաշտպանող կարծիքներ ասել: Երրորդ վարկածը՝ Արմեն Սարգսյանին Նիկոլ Փաշինյանը ստիպել է, և Սարգսյան էլ տարբերակ չի ունեցել։ Սակայն ցանկացած վարկածի պարագայում էլ կարող եմ ասել, որ այս որոշման կայացումն անհամատեղելի է հանրապետության նախագահի կարգավիճակի հետ»,-ասաց նա։

Անդրանիկ Թևանյանը չբացառեց ստվերային պայմանավորվածությունը՝ կապված նախագահ Արեն Սարգսյանի ՀՀ քաղաքացիության փաստաթղթի հետ։ Նա հիշեցրեց, որ գործընթացը փակ է, բայց վերլուծություններ կարելի է անել։

«Անտրամաբանական է, որ մարդն առաջարկում է թեկնածու մեկին, ով իրեն համարել է տխմարագույն դեմագոգ և ոչ լեգիտիմ: Այստեղ ինչ-որ բան այն չէ՝ կա ստվերային գործարք կամ ճնշում, այլապես ցանկացած նորմալ, բանական ու արժանապատվություն ունեցող մարդ նման քայլի չէր գնա: Ստվերային գործընթաց կարելի է կռահել ու գալ եզրահանգումներին»,-շարունակեց Թևանյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու նախագահը ՍԴ անդամի համար մի քանի այլ թեկնածու առաջադրեց, Թևանյան ասաց, որ Սարգսյանը զուտ փորձ արեց սեփական կարծիք հայտնել․ «Արմեն Սարգսյանը լղոզված կերպար եղել է, այդպես էլ մնացել է։ Սարգսյանին լղոզվածության ու սեփական «ես»-ի բացակայության համար էին բերել այս պաշտոնին, հիմա նա նույն բանն անում է, բայց արդեն ուրիշ մարդկանց համար»,- շարունակեց Անդրանիկ Թևանյանը։

Անկախ ամենից` վերջինս գործընթացն ավելի լայն կոնտեքստում է դիտարկում։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում խնդիր է դրված օրենսդիր և գործադիր իշխանությունները 100 տոկոսով սեփականաշնորհելուց հետո անցնել դատական համակարգի սեփականաշնորհմանը։ Թևանյանը չի հերքում՝ դատական համակարգը բարեփոխումների կարիք ունի, քանի որ նախկինում դատական իշխանությունը և դատավորները որոշակի առումով կախված են եղել գործադիր իշխանությունից։

«Դա եղել է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ու երրորդ նախագահների օրոք: Հիմա էլ է այդպես, և պատահական չէ, որ վարչապետը հայտարարում է, որ դատավոր չկա, որ իրեն չի ենթարկվի: Խնդիրն այն է, որ դրված է ոչ միայն դատավորներին կցորդ սարքելու հարցը, այլ խնդիրը դրված է դատարաններից 100 տոկոսով պատժիչ գործիք դարձնելու ու պետական կոռուպցիային սպասարկելու գործիքի դարձնելու հարցերը: ՀՀ-ում խնդիր է դրված քաղաքական դաշտի գերմենաշնորհային իրավիճակ հաստատել և սեփականության վերաբաշխում իրականացնել, իսկ այս դատական համակարգը նման քայլերի պատրաստ չէ գնալ, այս դատական համակարգը որոշակի չափ ու սահման ունի ապօրինություն անելու»,-հավելեց Անդրանիկ Թևանյանը։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրենն առկա գործընթացներից եզրակացնում է, որ վեթինգն այս իշխանությունների կողմից կիրառվելու է զուտ որպես քաղաքական հակառակորդներին լռեցնելու, պատժելու, իրենց ուզածն անցկացնելու գործիք:

«Այս նույն շրջանակում պետք է նայել այն, ինչ տեղի է ունենում Սահմանադրական դատարանում։ Կարծում եմ, որ բոլոր այս գործընթացները միասին քաղաքական լուրջ ապօրինություններ են, որոնք հետագայում քաղաքական ու իրավական գնահատականը կստանան։ Եթե դատական համակարգը բարեփոխվեց այնպես, ինչպես մեր գործադիր մարմինն է պատկերացնում, ապա ՀՀ-ում բառի բուն իմաստով ֆաշիզմ կհաստատվի, դրա հետևանքները շատ ծանր կլինեն, որը մենք կզգանք և՛ անվտանգության համակարգում, և՛ տնտեսության մեջ փլուզումների, և՛ քաղաքացիական բախումների տեսքով»,-եզրափակեց Անդրանիկ Թևանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը