Քաղաքական

07.06.2019 16:30


«ՄԻԵԴ-ը Մանվել Գրիգորյանի գործով որոշում է կայացրել». փաստաբան

«ՄԻԵԴ-ը Մանվել Գրիգորյանի գործով որոշում է կայացրել». փաստաբան

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ որոշում է կայացրել՝ արձանագրելով Գրիգորյանի նկատմամբ խոշտանգման փաստը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մ. Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

«Բազմիցս բարձրաձայնել ենք խոշտանգման փաստի հետ կապված, ներպետական ատյաններում, չգիտես՝ ինչու, չանսացին, դիմեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարան, տոտալ որոշում է կայացվել, որի մանրամասները կհրապարակեմ ասուլիսում»,-ասաց Բաղդասարյանը։

Գրիգորյանի փաստաբանը վկայակոչեց նաև Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, որում մասնավորապես նշվում էր, որ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գնահատմամբ՝ քրեակատարողական հիմնարկի պայմանները բավարար չեն Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ բժշկական հետազոտության ենթարկելու և նրան պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, և նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Վիճակը գնահատվում է ծանր: Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գեներալ Մանվել Գրիգորյանը հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից, հրաժարվում է նաև դեղամիջոցներ ընդունել, այդ թվում՝ շաքարային դիաբետի համար:

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է 2018թ. հունիսին։ Դեկտեմբերի 22-ին նրա խափանման միջոց կալանքը փոխվեց 25 մլն դրամ գրավով։ Փետրվարին ՀՀ Գլխավոր դատախազությունը բողոքարկեց որոշումը Վերաքննիչ դատարանում, վերջինս էլ բավարարեց բողոքը և կրկին կալանավորեց Մանվել Գրիգորյանին։ Քրեական գործով անցնող մյուս ամբաստանյալի՝ Նազիկ Ամիրյանի նկատմամբ ընտրված է չհեռանալու մասին ստորագրությունը։ Որդին՝ Արման Գրիգորյանը, հետախուզվում է։

Այս խորագրի վերջին նյութերը