Աշխարհ

06.06.2019 20:25


Freedom House. «Թուրքիան մամուլի ազատության հարցում կրկին «քննությունը չի հաղթահարել»»

Freedom House. «Թուրքիան մամուլի ազատության հարցում կրկին «քննությունը չի հաղթահարել»»

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության համաշխարհային զեկույցը, որից պարզ է դառնում, որ Թուրքիան կրկին «քննությունը չի հաղթահարել»:

Տարեկան այդ զեկույցում նշվում է, որ մամուլի ազատությունը վերջին 13 տարում զգալիորեն նահանջել է: Թուրքիան այս տարի ևս հայտնվել է այն երկրների ցանկում, որոնք մամուլի ազատության ինդեքսում որևէ առաջխաղացում չեն ունեցել:

Մամուլի ազատությունն ապահովելու հարցում համացանցի կարևորությունը ընդգծող զեկույցում Թուրքիան, Սերբիան և Զիմբաբվեն տեղ են գտել «մասամբ ազատ» երկրների ցանկում:

«Համացանցը կարևոր տեղ է զբաղեցնում այն երկրներում, որտեղ մամուլի ազատությունն անսպասելիորեն և սաստիկ կերպով սահմանափակվում է: 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից սկսած Թուրքիայում 150 լրատվամիջոց է փակվել: Հարյուրավոր լրագրողներ անհիմն կերպով մեղադրվել են ահաբեկչությանն աջակցելու մեջ: Այս ամենի հետևանքով լրագրողները տեղափոխվեցին դեպի համացանցային հարթակներ»,-ասվում է զեկույցում:

«Նահանջող ժողովրդավարություն» վերնագրով զեկույցը նկատել է տալիս, որ թուրքական իշխանություններին անհանգստացնում են համացանցային ԶԼՄ-ները:

Վերջին 5 տարում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Թուրքիան, Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Սաուդյան Արաբիան, լրագրողները և ԶԼՄ-ները ենթարկվում են բռնության: Օրինակ է բերվում Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքում սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանությունը:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև խոսքի ազատությանը: Այստեղ նշվել է, որ Թուրքիայում միայն 2017թ. «վարչապետին վիրավորելու» պատճառով ավելի քան 20.000 հետաքննություն է սկսվել, իսկ 6000 քաղաքացու նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը