Աշխարհ

06.06.2019 19:51


Թուրք սյունակագիրը ներկայացրել է մի դրվագ Օջալանի դատավարությունից՝ նրա հայ լինելու հարցադրման մասին

Թուրք սյունակագիրը ներկայացրել է մի դրվագ Օջալանի դատավարությունից՝ նրա հայ լինելու հարցադրման մասին

Թուրքական «Յենիչաղ գազեթեսի» կայքի սյունակագիր Արսլան Թեքինն իր հոդվածներից մեկում անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի հայ լինելու վերաբերյալ պնդումներին։

Հիշեցնելով, որ 20 տարի առաջ՝ 1999 թվականի հունիս ամսին, ընթանում էր Օջալանի դատավարությունը՝ թուրք հոդվածագիրը ներկայացրել է մի դրվագ այդ դատավարությունից։

PKK-ի գործողությունների արդյունքում սպանված թուրք զինվորների շահերը պաշտպանող և դատարանում որպես մեղադրող կողմ հանդես եկող փաստաբան Ֆուաթ Թուրգութը բազմաթիվ հարցեր տալուց հետո վերջին մի հարց է ուղղել Օջալանին՝ հարցնելով, թե արդյոք ճի՞շտ է, որ նրա հայրը հայ է։

Նիստը նախագահող դատավոր Մեհմեթ Թուրգութ Օքյայը հակադարձել է փաստաբանին՝ նշելով, որ մարդու ազգային պատկանելիությունը կարևոր չէ. մարդկությունն է կարևոր։ Դատավորը հրաժարվել է այդ հարցը Օջալանին ուղղել, սակայն վերջինս ոտքի է կանգնել որպեսզի պատասխանի նրան։

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիրը սկսել է նրանից, որ իր մայրը թուրքական ծագում ունի՝ թուրքմեն է, իրենց հարևան գյուղից։ Սակայն դատավորը ընդհատել է նրան՝ թույլ չտալով ավարտել խոսքը։

Այդպես էլ Օջալանը չի հասցրել իր հոր ծագման մասին խոսել։ Սակայն հոդվածագիրը նշում է, որ մեկ այլ լրագրող այլ առիթով Օջալանին նույն հարցը ուղղել է, որին ի պատասխան՝ քուրդ առաջնորդն ասել է, որ իր հայրը հայ չէ, բայց հայերի հետ լավ հարաբերությունների մեջ է եղել։ Փոխարենը՝ նա ակնարկել է թուրք ազգայնականների առաջնորդ Արփարսլան Թուրքեշի՝ հայ լինելու մասին՝ նշելով, որ նա Հայաստանի նախագահի հետ հանդիպած առաջին թուրք առաջնորդն է եղել։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը