Քաղաքական

06.06.2019 16:10


«Արցախը բանակցային սեղան վերադարձնելը բարդ, բայց սկզբունքային հարց է». Զ. Մնացականյան

«Արցախը բանակցային սեղան վերադարձնելը բարդ, բայց սկզբունքային հարց է». Զ. Մնացականյան

Առանց Արցախի որոշիչ ձայնի խնդրի լուծման արդյունավետ առաջընթաց չենք ունենա: Արցախը բանակցային սեղան վերադարձնելը սկզբունքային հարց է: Հայաստանի և Արցախի իշխանությունների համագործակցությունը ևս եղել և մնում է սկզբունքային ու արդյունավետ: «Արմենպրես» հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք մշտապես աշխատում ենք Արցախի իշխանությունների հետ: Յուրաքանչյուր բանակցություններից առաջ կամ հետո մենք մշտապես աշխատում ենք Արցախի ղեկավարության հետ: Ես անձամբ շատ սերտ համագործակցության մեջ եմ իմ գործընկերոջ` Մասիս Մայիլյանի հետ, նաև նախագահ Բակո Սահակյանի հետ, նույնը վերաբերում է նաև վարչապետ Փաշինյանին: Միասին սերտորեն աշխատելու հստակ ձևաչափ ունենք, որն արտահայտում է այն քաղաքական գիծը, որը նշված է մեր կառավարության կողմից և վերաբերում է Արցախի մասնակցությանը բանակցային գործընթացում: Արցախի մասնակցության հարցը բարդ, բայց սկզբունքային, կարևոր է: Հարցը վերաբերում է Արցախին, որը սուբյեկտ է, և առանց Արցախի որոշիչ ձայնի մենք արդյունավետ առաջընթաց չենք ունենա: Մեր համագործակցությունն Արցախի իշխանությունների հետ եղել և մնում է շատ սկզբունքային և արդյունավետ»,-վստահեցրեց Մնացականյանը:

Հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ինչպիսի տրամադրվածություն ունեն Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցում, արդյոք առաջիկայում դա հնարավոր է, նախարարն ասաց, որ համանախագահներն ընդունում են այն, ինչ ընդունելի կլինի կողմերի համար: Այդ առումով համանախագահների հետ բանավեճ չունենք, բանավեճն այս հարցում Ադրբեջանի հետ է:

Հարցին, թե արդյոք բանակցային գործընթացում եղե՞լ են նրբություններ, որոնց մասին Արցախը տեղյակ չի եղել, Մնացականյանը կրկնեց, որ աշխատում են Արցախի իշխանությունների հետ:

«Մենք ունենք մեր հարցերը, մեր մոտեցումները: Արցախն ունի իր դիրքորոշումները, իր մոտեցումները, որոնք հստակ արտահայտվում են Մասիս Մայիլյանի, Բակո Սահակյանի կողմից: Այդ ամենը մենք քննարկում ենք, տեսնում ենք, թե ինչն է հնարավոր, ինչը` ոչ: Բանակցային ձևաչափ է նաև աշխատանքը Արցախի մեր գործընկերների հետ»,-նշեց նախարարը:

Այս խորագրի վերջին նյութերը