Լրահոս

06.04.2010 14:40


ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարին

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարին

Ապրիլի 6-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստան ժամանած Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի (Štefan Füle) գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հանձնակատարի առաջին այցելությունը Հայաստան' նախարար Նալբանդյանը նշեց, որ այն լավ հնարավորություն է ընձեռնում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ԵՄ հաստատություններ կատարելիք այցին ընդառաջ ՀՀ-ԵՄ օրակարգում առկա տարբեր հարցերի քննարկման եւ հետագա համագործակցությանն ուղղված քայլերի հստակեցման համար:

 Երկուստեք գոհունակությամբ շեշտվեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները ներկայումս գտնվում են վերընթաց զարգացման փուլում, եւ որ համագործակցությունը ԵՄ հետ նոր որակական մակարդակի վրա է դրվել Արեւելյան գործընկերության մեկնարկով: Կողմերը հույս հայտնեցին, որ կամրապնդվեն Արեւելյան գործընկերության հիմքերը, եւ կընդլայնվի համագործակցությունը ինչպես Արեւելյան գործընկերության երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում:

Հանձնակատար Ֆյուլեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ասաց, որ ուրախ է Հայաստան այցելել, եւ ԵՄ կողմից տարբեր մակարդակներում պարբերական դարձած այցելությունները կովկասյան տարածաշրջան վկայում են արեւելյան հարեւաններին տրվող կարեւորության մասին:

Շտեֆան Ֆյուլեն բարձր գնահատեց Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությունը, որը նրա բնորոշմամբ, իր կարեւոր նպաստն է բերում եվրաինտեգրման գործընթացին:

Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում ԵՄ հետ ասոցիացման համաձայնագրի բանակցությունների նախատեսվող մեկնարկը, համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքումը: Նախարար Նալբանդյանն առանձնահատուկ շեշտեց Հայաստանի կողմից ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ստացման գործընթացը դյուրացնելու խնդրին տրվող կարեւորությունը, նշելով, որ այդ ուղղությամբ ՀՀ կողմից ձեռնարկվել են մի շարք անհրաժեշտ քայլեր: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց նաեւ, որ Հայաստանը ռեադմիսիայի մասին համաձայնագրեր ունի ԵՄ մի շարք երկրների հետ, եւ պատրաստ է նման համաձայնագիր կնքել ԵՄ հետ:

Հանձնակատար Ֆյուլեն տեղեկացրեց, որ ներկայումս բանակցություններ վարելու մանդատի հարցը գտնվում է ԵՄ ներքին քննարկումների ավարտական փուլում եւ հավանաբար ս.թ. ապրիլի վերջին ԵՄ խորհրդի կողմից կհաստատվի Հարավային Կովկասի երկրների հետ ասոցիացման համաձայնագրերի բանակցային մանդատը:Մուտքի արտոգրային ռեժիմի դյուրացման առումով հանձնակատար Ֆյուլեն ասաց, որ դա Արեւելյան գործընկերության հիմնական նպատակներից մեկն է եւ եվրոպական կողմը հանձնառու է այդ նպատակի իրականացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ: Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին' նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց կարգավորման գործընթացի նկատմամբ ԵՄ անվերապահ աջակցության ու կառուցողական դիրքորոշման համար: Այդ համատեքստում հանձնակատար Ֆյուլեն վերահաստատեց ԵՄ աջակցությունը գործընթացին եւ հույս հայտնեց, որ կողմերն առանց նախապայմանների կվավերացնեն եւ կիրագործեն շուրջ վեց ամիս առաջ ստորագրված արձանագրությունները:

Այս խորագրի վերջին նյութերը